16.12.2014 17:46 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քանի դեռ փրկելու բան կա

Ֆինանսական աղետը մոտենում է

Ֆինանսական աղետը մոտենում է

Հայաստանի ֆինանսական համակարգն աչքի առաջ փլուզվում է, ընդ որում` իշխանություններն ակնհայտորեն շվարած են ու չգիտեն ինչ անել։ Կենտրոնական բանկը, որն իբր պատասխանատու է դրամի կայունության համար, հաստատ ինքն էլ չգիտեր «գլխին գալիքը»։

Այլապես ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ դոլարի փոխարժեքը 410 դրամից դարձավ 435, չէր հայտարարի, թե իրենք ընդամենը «ճշգրտել են» փոխարժեքը, եւ դա խիստ դրական է Հայաստանի տնտեսության համար (ընդամենը երկու շաբաթ է անցել, բայց այսօր այդ հայտարարությունը միայն ծիծաղ է առաջացնում)։

 Ֆինանսական շուկայում իսկապես տարօրինակ բաներ են կատարվում, եւ այնպիսի տպավորություն է, թե կոնկրետ մարդիկ եւ կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի մեխանիզմներով ձգտում են միանգամից տասնյակ միլիոններ վաստակել։ Մեկ-երկու օրինակ բերենք։ Երեկ Կենտրոնական բանկը 4 միլիոն դոլար է վաճառել (ենթադրաբար` կոմերցիոն բանկերին) 494 դրամով, բայց որպես նույն օրվա դոլարի փոխարժեք սահմանել է 472 դրամը։ Անհասկանալի է` եթե փոխարժեքը 472 դրամ ես սահմանել, ինչո՞ւ ես վաճառում 494-ով։ Մեկ այլ օրինակ։ Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե որոշ գազալցակայաններում գազը սկսել են վաճառել 270-280 դրամով (մինչեւ արժեզրկումը 190 էր)։ Համապատասխան կառույցներն էլ գերադասում են դրան չանդրադառնալ` իբր ամեն ինչ հասկանալի է, չէ՞ որ խոշոր սպառողները գազը դոլարով են գնում։ Այսինքն` հասարակությանը կոչ են անում «ըմբռնումով մոտենալ»։ Բայց այստեղ մի «մանրուք» կա։ Բանն այն է, որ խոշոր սպառողները գազը գնում են ոչ թե դոլարով, այլ դոլարին համարժեք դրամով, ընդ որում` գինը որոշվում է ամիսը մեկ, ամեն ամսվա 25-ի պաշտոնական փոխարժեքով։ Իսկ նոյեմբերի 25-ին դոլարի փոխարժեքը եղել է 410-415 դրամ։ Այսինքն` մինչեւ դեկտեմբերի 25-ը (եւս տասը օր) խոշոր սպառողները գազի համար վճարելու են «հին գներով»։ Իսկ իշխանությունները, գազալցակայանների դեմ վարույթներ իրականացնելու փոխարեն, քարոզչական հող են նախապատրաստում տրանսպորտի թանկացման համար։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Նախ` տպավորությունն այնպիսին է, թե իշխանությունները ոչ թե պայքարում են դրամի արժեզրկման դեմ, այլ հակառակը` ամեն ինչ անում են, որ դրամն արժեզրկվի, բայց` հնարավորինս անցնցում։ Սա, ի դեպ, միանգամայն տրամաբանական է։ Վերջին հաշվով` Հայաստանի ֆինանսական համակարգը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսության վիճակից, այսինքն` մենք գրեթե նույնպիսի «նավթային կախվածություն» ունենք, ինչպիսին Ռուսաստանը։ Ընդ որում` պատճառը ոչ թե ԵՏՄ-ին անդամակցելն է, այլ այն, որ Հայաստանը հիմնականում գոյատեւում է Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներով։ Եվ եթե ռուսական ռուբլին արժեզրկվել է մոտ 90 տոկոսով` հասկանալի է, որ մոտավորապես այդքան էլ պիտի հայկական դրամն արժեզրկվի։ Այսինքն` դրամի փլուզման առումով ամեն ինչ դեռ առջեւում է։

Բայց ինչպե՞ս անել, որ անխուսափելի գնաճը սոցիալական աղետի չվերածվի։ 2009-ին, օրինակ, Տիգրան Սարգսյանը որոշեց «պահել» դրամի փոխարժեքը եւ այդ նպատակով պետական պահուստներից մոտ 700 միլիոն դոլար ծախսեց։ Արդյունքում` այդ հսկայական գումարը հայտնվեց հայտնի չէ, թե ում գրպաններում, իսկ դրամն այնուամենայնիվ արժեզրկվեց։ Հովիկ Աբրահամյանն ավելի տրամաբանական մեխանիզմ առաջարկեց` պետք է ներկրողներին օգնել։ Տրամաբանությունը հասկանալի է. եթե իշխանությունները ներդրողներին օգնեն «էժան դոլարով»` նրանք ներկրվող ապրանքները շատ չեն թանկացնի, եւ այդպիսով այդ «էժան դոլարներից» անուղղակիորեն կօգտվեն բոլորը (որովհետեւ բոլորն էլ ներկրվող ապրանքներ են գնում)։ Այլ հարց է` կաշխատի՞ այս մեխանիզմը, թե ոչ, բայց ամեն դեպքում` ավելի լավ է, քան պետական պահուստներն «անհայտ անձանց» վաճառելը։

Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ։ Դատելով ամեն ինչից` «էս խմորը դեռ շատ ջուր կտանի», հետեւաբար` պետք է ավելի արմատական լուծումներ գտնել եւ փորձել մոբիլիզացնել ներքին ռեսուրսները։ Օրինակ` ֆինանսական ամնիստիա հայտարարել (ինչպես Ռուսաստանն է անում) եւ փորձել Հայաստան բերել օֆշորային գոտիների «հայկական կապիտալը» (խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է), նվազեցնել հարկերը (որպեսզի եղած կապիտալն էլ չարտահոսի երկրից) եւ այլն։ Հայաստանին իսկապես ֆինանսատնտեսական աղետ է սպառնում, եւ հնարավոր է առաջիկայում անհրաժեշտ լինի դա կանխելու համար մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները (ինչպես լինում է արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում)։ Քանի դեռ Հայաստանը ֆինանսատնտեսական համակարգի նշույլներ ունի, ու քանի դեռ փրկելու բան կա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30