26.10.2016 09:32 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ազատ քաղաքացու ընդդիմությունը

Ճիշտ ընդդիմություն ընտրելու ժամանակը

Ճիշտ ընդդիմություն  ընտրելու ժամանակը

Խորհրդարանական ընտրություններին ընդամենը հինգ ամիս է մնացել, եւ, ըստ ստանդարտ սցենարի, ժամանակն է, որ ընդդիմադիր ուժերը սկսեն խոսել միավորման անհրաժեշտության մասին (վստահ լինելով, որ ոչ մի միավորում էլ տեղի չի ունենալու), իսկ իշխանությունները` հեգնեն այդ ջանքերը ու հայտարարեն, թե ժողովուրդն ում ընտրի` այդ ուժն էլ դառնալու է իշխանություն։

Բայց այս անգամ իշխանությունների մարտավարությունը փոխվել է։ Նախկինում ամեն ինչ արվում էր մոտավորապես այսպես. քանի որ նախկինում Հայաստանից բացակայող 400-500 հազար ընտրողների հաշվին իշխանությունները կարող էին իրենց անհրաժեշտ տոկոսը «խփել», նրանց պետք էր ընդամենը հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն մտայնությունը, թե միեւնույն է` ոչինչ չի փոխվելու, «ով էլ գա` նույնն է անելու», հետեւաբար` ավելի լավ է ընդդիմության հետեւից գնալու փոխարեն վերցնել «նաղդ» ընտրակաշառքը կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։ Իսկ հիմա այդ 400-500 հազարանոց «բոնուսը» չկա, եւ իշխանությունները որոշել են «միեւնույն է` ոչինչ չի փոխվելու» գաղափարը փոխարինել «ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, տեսնո՞ւմ եք` մենք ինքներս ենք անում դա» քարոզչական հնարքով։ Հույս ունենալով, որ որեւէ մեկը չի «ֆայմի» հարցնել` բա եթե ամեն ինչ հնարավոր է փոխել, ինչո՞ւ շուտ չէիք անում, ո՞վ է տեսել, որ տասը տարվա «ժամկետով» նախագահն իր նախագահության միայն վերջին տարում սկսի կտրուկ փոփոխությունները։ Մինչդեռ հենց միայն այս հարցը բավական է` ապացուցելու համար, որ այս ամենն արվում է հենց նախընտրական նպատակներով։

Հիմա անդրադառնանք առաջիկա ընտրություններին։ Հայաստանում, որպես կանոն, իշխանությունները ժողովրդի տված քվեներով չեն ձեւավորվում։ Ձեւավորվում են ընտրակաշառքներով, թվանկարչությամբ, ահաբեկումներով, լցոնումներով, մի խոսքով` խաբեությամբ ու զոռբայությամբ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկուական անգամ հենց այդպես են նախագահ դարձել, ՀՀԿ-ն մի քանի անգամ հենց այդպես է խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել եւ այլն։ Մի խոսքով` ժողովուրդն իշխանություններին չի ընտրում, իշխանություններն իրենք են իրենց «ընտրում»։ Փոխարենը` ժողովուրդն ընդդիմություն է ընտրում։ Այսինքն` ընտրում է այն ուժին, որն ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում պիտի պաշտպանի իր շահերը եւ պայքարի իշխանությունների կամայականությունների դեմ։ Ընդ որում` միշտ չէ, որ ճիշտ ընդդիմություն է ընտրում։ Օրինակ` 2013-ին հարյուր հազարավոր մարդիկ գնացին ու ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, թեեւ վստահ էին, որ նա 100 տոկոս ձայն էլ ստանա` Սերժ Սարգսյանն իշխանությունը չի զիջելու։ Այդ հարյուր հազարավոր քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին, որպեսզի հետագա հինգ տարիներին հենց նա գլխավորի ընդդիմությունը, իսկ նա կարճ ժամանակ անց պարզապես անաղմուկ հեռացավ քաղաքական ասպարեզից։

Կարելի է վստահ լինել, որ մոտավորապես նույն սխեման է գործելու նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսինքն` ոնց էլ լինի, ՀՀԿ-ն «տոկոս խփելու» մի ձեւ կգտնի (նոր կառավարությունը կապահովի «արտաքին գովազդը», իսկ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվածները կանեն «սեւ գործը»)։ Եվ այս իրավիճակում շատ կարեւոր է, որ ժողովուրդը հասկանա` գործնականում իրեն տրված է միայն «գլխավոր ընդդիմություն» ընտրելու առաքելությունը։ Պարզ է, որ մարդիկ ՀՀԿ-ին ձայն չեն տալու, պարզ է, որ չնայած դրան` ՀՀԿ-ն «տոկոս է խփելու», բայց մարդիկ քվեարկելուց առաջ պիտի մտածեն` ցանկանո՞ւմ են, օրինակ, որ ընտրություններին հաջորդած հինգ տարիների ընթացքում Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը լինի, ասենք, ՕԵԿ-ը։ Եթե ցանկանում են` հարց չկա, իրենց կամքն է։ Բայց հարցն այսպես է դրված. նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չեն տնօրինել իրենց ձայները, ընտրում են իշխանություններին, իսկ «ազատ քաղաքացիները»` ընդդիմությանը։ Եվ ընդդիմության ընտրությունը, հավատացնում ենք, նույնքան կարեւոր է։ Ու եթե այդ ընտրության հարցում ժողովուրդը սխալվում է` հետեւանքները նույնքան ծանր են լինում։

Այնպես որ` ընտրությունների ժամանակ իսկապես ժողովրդի կամքից շատ բան է կախված։ Հատկապես «ազատ քաղաքացիների» կամքից։ Նրանց, ովքեր ընտրություն են կատարում սեփական կամքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30