Գուցեեւ ճիշտ է ասում` այն իմաստով, որ այս իշխանությունների օրոք գրեթե անհնար կլինի նորմալ ընտրություններ անցկացնել եւ այդ ճանապարհով հասնել իշխանափոխության։ Բայց Ժիրայր Սեֆիլյանը ղարաբաղյան պատերազմին մասնակցած մարդ է եւ գիտի, որ երբ թշնամին հարձակվում է` չի կարելի «բոյկոտել ճակատամարտը, որովհետեւ դրանով կլեգիտիմացվի թշնամու ագրեսիան, այլ պետք է նախ ջախջախել հակառակորդին եւ միայն դրանից հետո մտնել մարտի մեջ»։ Խորհրդարանական ընտրություններն ի վերջո ընդամենը միջոց են, իսկ հիմնական թիրախը նախագահական ընտրություններն են։ Հիմա ի՞նչ եք կարծում` եթե Կոնգրեսն առաջիկա խորհրդարանում թեկուզ մի 15-20 պատգամավոր ունենա, Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու շանսերը կմեծանա՞ն, թե՞ կփոքրանան։ Կարծում ենք` կմեծանան։ Իսկ ահա ընտրությունները բոյկոտելը ընդդիմությանը միայն «բարոյական հաղթանակ» կբերեր։ Ժիրայր Սեֆիլյանը պիտի որ իմանա, թե ինչն է պատճառը, որ իրական պատերազմում բարոյական հաղթանակը միշտ պարտվող կողմին է բաժին ընկնում։
Բայց վերադառնանք առաջիկա ընտրություններին։ Այս օրերի ամենաքննարկվող թեման, բնականաբար, կուսակցությունների նախընտրական ցուցակներն են, ընդ որում` հասարակության ուշադրության կենտրոնում հիմնականում ՀՀԿ-ի եւ Կոնգրեսի ցուցակներն են։ Բայց հետաքրքրությունների բնույթը տարբեր է։ ՀՀԿ-ի ներսում ծավալված «բանավեճին» մարդիկ հետեւում են ճիշտ այնպես, ինչպես կհետաքրքրվեին, օրինակ, թե ում ավտոմեքենայի համարն է ավելի «գոլդ», կամ ում տղայի նշանդրեքն է ավելի ճոխ եղել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ՀՀԿ խմբակցության հիմնական «գործառույթը» եղել է եւ մնում է կոճակներ սեղմելը, եւ բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե կոնկրետ ում մատը կսեղմի այդ կոճակը։ Այսինքն` պատգամավորական մանդատը ՀՀԿ-ի դեպքում ընկալվում է ընդամենը որպես «բոնուս», եւ ինտրիգն ընդամենը այն է, թե Սերժ Սարգսյանն ո՞ւմ է տալու այդ բոնուսը, այսինքն` ովքե՞ր են նրա հետ ավելի «քիփ»։ Կոնգրեսի դեպքում խնդիրը բոլորովին այլ է, եւ ահա թե ինչու։
Սկսենք նրանից, որ ցուցակի առաջին եւ յոթերորդ համարների միջեւ գործնականում որեւէ տարբերություն չկա, որովհետեւ քաղաքական այդ ուժը կամ հաղթահարում է 7 տոկոսը եւ ստանում է առնվազն 7 մանդատ, կամ չի հաղթահարում եւ ոչ մի մանդատ էլ չի ստանում։ Այլ հարց է, որ ցուցակի ձեւավորման տրամաբանությունը հստակ «մեսիջ» է` ուղղված հասարակությանը, ու նաեւ այդ ցուցակի միջոցով հասարակությունը պիտի հստակ պատկերացում կազմի, թե որոնք են լինելու Կոնգրեսի հետագա քայլերը։ Օրինակ` այն մոտեցումը, որի համաձայն ցուցակը կազմվելու է` հաշվի առնելով յուրաքանչյուրի կատարած աշխատանքն ու համաժողովրդական շարժմանը մատուցած ծառայությունները, զուտ մարդկայնորեն ամենաարդարացին է, բայց մի տեսակ ստացվում է, որ այս դեպքում էլ է մանդատը դառնում բոնուս. չորս տարի լավ ես աշխատել` ստացիր պարգեւը։ Մինչդեռ Կոնգրեսի դեպքում մանդատը ոչ թե «վայելելու բան է», այլ կոնկրետ աշխատանքային գործիք, որով պիտի կոնկրետ աշխատանք կատարվի (իրականացվի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը)։ Հետեւաբար` առաջնային պիտի լինի ոչ թե այն, թե ով ինչ «ամագ ունի» համաժողովրդական շարժման մեջ, այլ այն, թե ով ավելի լավ կօգտագործի այդ գործիքը։ Ավելին. այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ եւ կախված է նրանից, թե ի՞նչ ռեալ հավակնություններ ունի Կոնգրեսը։ Եթե, օրինակ, իրատեսական է մեծամասնություն ունենալը, այդ դեպքում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը կարելի է լուծված համարել, իսկ Կոնգրեսի ցուցակում պիտի լինեն պրոֆեսիոնալներ, ովքեր իսկապես զբաղվելու են օրենսդրական գործունեությամբ։ Իսկ եթե Կոնգրեսը հավակնում է ընդամենը 20-25 տոկոսին, ապա ակնհայտ է, որ այդ ռեսուրսով լիարժեք օրենսդրական գործունեությունն անհնար է, հետեւաբար` նախապատվությունը պիտի տրվի նրանց, ովքեր լավագույնս կօգտագործեն ԱԺ ամբիոնը հանուն իշխանափոխության։ Ահա հենց այս սկզբունքային խնդիրների պատճառով է, որ Կոնգրեսի ցուցակը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։
Իսկ ներկուսակցական գզվռտոցների սիրահարները թող ՀՀԿ-ին հետեւեն։ Հաստատ չեն փոշմանի։