10.01.2017 11:15 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հազար դրամ ի պետս քաջության

Թռիչքաձեւ բանակաշինությունն ու ընթացիկ կոռուպցիան

Թռիչքաձեւ բանակաշինությունն ու ընթացիկ կոռուպցիան

Ամանորից ընդամենը մի քանի օր առաջ Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիան ստիպեց, որ տոնական օրերին եւս հասարակության մեջ առավել քննարկվող թեման մնա բանակի վիճակը։ Ու տոնական սեղանների շուրջ մարդիկ հենց դա էլ քննարկում էին։ Ընդ որում` առավելապես այն ենթատեքստով, որ այլ ելք չկա, իշխանությունները պիտի իրենց թալանած միլիարդները բերեն ու դրանով հզորացնեն բանակը։

Իշխանություններն, ի դեպ, հենց այդպես էլ վարվում են։ Ուղղակի առանձնապես չեն քարոզում դա, որովհետեւ եթե այդ մասին բարձրաձայն խոսեն` հասարակության մեջ նոր հարցեր կառաջանան։

Ինչպե՞ս է իրեն դրսեւորում գայլերի ոհմակը, այսպես ասենք, սովորական պայմաններում։ Հենց այդպես ոհմակով էլ որս է անում ու հոշոտում զոհին։ Իսկ ինչպե՞ս է վարվում, երբ կերը պակասում է, ու որս գտնել չի հաջողվում։ Ճիշտ է, ոհմակը գտնում է իր միջի ամենաթույլին ու հոշոտում։ Ճիշտ այդպես էլ Հայաստանի իշխանություններն են վարվում։ Քանի որ վիճակը ծանր է (կերը պակասել է), գտնում են իրենց միջի ամենախոցելիին, ունեցած-չունեցածը խլում, ամենայուղոտ պատառներն իրար մեջ բաժանում, իսկ մնացածով ստիպում բանակի համար ինչ-որ հարց լուծել։ Սա բավականին հուսալի մեխանիզմ է, որովհետեւ նախ` զոհը հաստատ ձայն չի հանի եւ չի տրտնջա, որ իրեն ստիպել են իր անձնական միջոցները ծախսել բանակի վրա, եւ երկրորդ` տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ տեղ արդարությունը վերականգնվում է, որովհետեւ պետությունից գողացվածն ի վերջո վերադարձվում է պետությանը (թեկուզ` մի մասը, թեկուզ` անօրինական ճանապարհով)։ Ու ենթադրվում է նաեւ, որ եթե հասարակությունն այս մասին իմանա` միայն հավանության կարժանացնի իշխանությունների պահվածքը։

Բայց խնդիրն այն է, որ այս մեխանիզմը չի լուծում հիմնական խնդիրը. վերջ չի դրվում ամենօրյա, ընթացիկ թալանին։ Այսինքն` գործում է հետեւյալ սկզբունքը. եթե որեւէ բարձրաստիճան պաշտոնյա տարիներ շարունակ թալանել է երկիրը, պաշտոնանկությունից հետո պարտավոր է իր ունեցվածքի մի մասը վերադարձնել, իսկ նրանք, ովքեր դեռ պաշտոնավարում են, պրոբլեմ չունեն` կարող են հանգիստ թալանել։ Մինչդեռ ցանկացած նորմալ երկրում խնդիրն այլ կերպ կլուծվեր։ Հանցագործ պաշտոնյայից գումարները կառգրավվեին, կմտցնեին բյուջե, հետո բյուջեից օրենքով սահմանված կարգով կհատկացվեին, ասենք, պաշտպանության ոլորտին, համապատասխան կառույցներն էլ կհետեւեին, որ այդ գումարները նպատակին ծառայեն, եւ խնդիրները կամաց-կամաց կլուծվեին։ Այլ հարց է, որ այս մեխանիզմը գործող պաշտոնյաներին թույլ չէր տա շարունակել թալանը, իսկ նրանք դեմ են դրան։ Ոչինչ, որ իրենք 10-15 տարի շարունակ գրպանել են այն միջոցները, որոնցով առաջնագծում պիտի խրամատներ փորվեին, դիրքերը պիտի ապահովվեին ժամանակակից սարքավորումներով եւ այլն։ Իրենք համաձայն են պաշտոնանկությունից հետո թալանածի մի մասը վերադարձնել։ Պայմանով, իհարկե, որ քանի դեռ «ձիու վրա» են` հանգիստ թալանեն, իսկ նախկին բացերը փակեն նրանք, ովքեր արդեն ձիու վրա չեն։

Իշխանությունները, իհարկե, գիտեն, որ նման մեթոդներով հնարավոր չէ բանակ հզորացնել։ Նրանք գիտեն, որ բանակաշինությունն ամենօրյա աշխատանք է, ու չի կարելի այդ հարցով զբաղվել դեպքից դեպք (ասենք` ապրիլյան պատերազմից հետո), առավել եւս` չի կարելի պաշտպանության վրա լուրջ գումարներ դնել առիթից առիթ (հենց որ հաջողվում է, ասենք, մի քանի պաշտոնյայի կուլակաթափ անել)։ Բայց Սերժ Սարգսյանին դա կարծես թե առանձնապես չի մտահոգում։ Կարեւորը` որ իր կարծիքով ինքն ապահովել է մշտապես ձիու վրա մնալու հեռանկարը, այսինքն` հազիվ թե որեւէ մեկը կարողանա իրեն ստիպել իր անձնական ունեցվածքի գոնե մի մասը ծախսել բանակի կարիքների համար։ Ինչքան Ռոբերտ Քոչարյանին ստիպեցին` այնքան էլ իրեն կստիպեն։ Իսկ «ֆորսմաժորային իրավիճակներում» միշտ էլ կուլակաթափության համար օբյեկտ կգտնվի։ Ու դա կներկայացվի որպես պայքար կոռուպցիայի դեմ։

Կարեւորը` որ ամենօրյա, ընթացիկ թալանի հնարավորությունը պահպանվի։ Ինչը եւ արվում է։ Ավելին` հնարավորությունները միայն ընդլայնվում են։ Չէ՞ որ պետությունը թալանելու հնարավորությանը գումարվել է նաեւ պաշտոնանկ արվածներին թալանելու հնարավորությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30