17.11.2011 22:35 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Էքսպերիմենտալ պարտություն

Իջեւանյան գիտափորձը ձախողվեց

Իջեւանյան գիտափորձը ձախողվեց

Իջեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները շատերի համար անսպասելի էին։ Որքան էլ իշխող կոալիցիայի երկու հիմնական ուժերի ներկայացուցիչները հայտարարեին, թե միջկուսակցական հակադրություն չի եղել, այնուհանդերձ պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ թեժ մրցակցություն է լինելու, հետեւաբար` անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրություններից վեց ամիս առաջ ՀՀԿ-ն համեմատաբար հեշտությամբ զիջեց Իջեւանի քաղաքապետի պաշտոնը։

Որքան էլ տարօրինակ է, բայց այս հարցում որոշակի հստակություն մտցրեց նույն ինքը` Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Նա շատ պարզ բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել։ Ըստ նրա, ՀՀԿ-ն որոշել է որեւէ պատգամավոր կամ ազդեցիկ պաշտոնյա չգործուղել Իջեւան, թույլ տալ, որ ընտրություններն ազատ ու արդար անցնեն, ինչի արդյունքում էլ ազգաբնակչությունն ինքն է կողմնորոշվել, թե ում ընտրի, եւ ինքը պարտվել է։ Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ն այդպես վարվել եւ «փորձության ժամին» լքել է կուսակցին։

Մեծ է հավանականությունը, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ընդամենը «լաբորատոր պայմաններում» գիտափորձ է անցկացրել։ Բանն այն է, որ իշխանությունները միջազգային բոլոր կառույցներին խոստացել են հնարավորինս նորմալ ընտրություններ անցկացնել, եւ չի բացառվում, որ նրանց այդ ցանկությունն անկեղծ է։ Բայց ինչպե՞ս պարզել` հնարավոր կլինի՞ առանց լուրջ խախտումների հաղթել ընտրություններում, թե՞ դա գործնականում անհնար է։ Մտածել-մտածել են ու որոշել գիտափորձ կազմակերպել։ Ընդ որում, գիտափորձի պայմանները շատ պարզ են եղել. ահա Իջեւան քաղաքը, գործող քաղաքապետը հանրապետական է եւ տիրապետում է ադմինիստրատիվ ռեսուրսներին. փորձենք-տեսնենք` հնարավոր կլինի՞ առանց կոպիտ ընտրակեղծիքների (միայն «լայթս» խախտումներով) հասնել հաղթանակի։ Փաստորեն չստացվեց։ Բայց դա, ի դեպ, չի նշանակում, թե գիտափորձը կարելի է ձախողված համարել։ Որեւէ մեկին չենք ցանկանում վիրավորել, բայց եթե որեւէ գիտափորձի ժամանակ փորձամկնիկը սատկում է, դա նույնպես արդյունք է, եւ մասնագետները նույն եռանդով վերլուծում են այդ արդյունքը։ Հիմա, փաստորեն, ՀՀԿ ղեկավարները պիտի նստեն ու մտածեն, թե ի՞նչ ցույց տվեց Իջեւանի գիտափորձը, եւ որո՞նք են լինելու իրենց հաջորդ քայլերը։

Սերժ Սարգսյանի եզրակացությունները, կարծում ենք, միանգամայն կանխատեսելի են։ Առաջին` չի կարելի հրաժարվել համատարած ընտրակեղծիքների զինանոցի որեւէ բաղադրիչից եւ թույլ տալ, որ «ազգաբնակչությունն ինքը կողմնորոշվի», որովհետեւ այդ դեպքում պարտությունն անխուսափելի է, եւ երկրորդ` չի կարելի թույլ տալ, որ քաղաքական բոլոր ուժերը (կամ դրանց շարքային կողմնակիցները) միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի։ Մի խոսքով, հին սերնդի ընտրակեղծարարների եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կողմնակիցների բանավեճում հին սերունդը հաղթեց. պարզվեց, որ ՀՀԿ-ն ի վիճակի չէ հաղթել առանց կոպիտ ուժի եւ բացահայտ ընտրակեղծիքների։ Այս գիտափորձից հետո, կարծում ենք, բարձրաստիճան հանրապետականներն ավելի քիչ կխոսեն «աննախադեպ արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության» մասին եւ սուսուփուս կանցնեն հին մեթոդներին` կրիմինալի կազմակերպմանը, «մեռած հոգիներին», զանգվածային ընտրակաշառքներին, պարզ թվանկարչությանը եւ այլն։

Բայց իջեւանյան գիտափորձը խիստ ուսանելի էր նաեւ քաղաքական մյուս ուժերի համար։ Մասնավորապես` ակնհայտ դարձավ, որ եթե բոլորը միավորվեն ՀՀԿ-ի դեմ, այդ ուժը հաղթելու շանսեր չի ունենա։ Համենայն դեպս Իջեւանում կարծես թե հենց այդպես էլ եղել է. եթե հավատալու լինենք մամուլի տեղեկություններին, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցներն այդ ընտրություններում աշխատել են ԲՀԿ թեկնածուի օգտին` ընդդեմ հանրապետական քաղաքապետի։ Նույն արդյունքն, ի դեպ, կլիներ նաեւ այն դեպքում, եթե բոլոր այդ ուժերը միասնաբար աշխատեին ոչ թե ԲՀԿ-ի, այլ, ասենք, «Ժառանգության» կամ Կոնգրեսի թեկնածուի օգտին։ Այնպես որ` այստեղ իսկապես ինտրիգ կա, եւ ՀՀԿ ներկայացուցիչներն իզուր են ձեւացնում, թե բոլորովին անհանգստացած չեն իջեւանյան գիտափորձի արդյունքներով։ Լավ էլ անհանգստացած են։ Վերջին հաշվով` եթե հնարավոր չլինի «եվրոկեղծիքներով» հաղթել, ՀՀԿ-ն ստիպված է լինելու կիրառել «հին ու փորձված» ուժային մեթոդները, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։

Հո ամեն անգամ չե՞ս կարողանալու կրակել ժողովրդի վրա ու անպատիժ մնալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31