28.01.2015 18:43 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պայքարի «ֆալշ»-ը

Էլի սխալ հասցեով են բողոքում

Էլի սխալ հասցեով են բողոքում

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների բողոքի ակցիաները շարունակվում են, ու դատելով նրանց վճռականությունից` «այս խմորը դեռ շատ ջուր կտանի»։ Նրանք պահանջում են կասեցնել այն օրենքը, որի համաձայն` շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվում է մինչեւ մեկ տոկոս, բայց` տնտեսվարողները պարտավոր են լինելու հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնել։

Օրենքն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից, կառավարությունից ոչ պաշտոնապես ասել են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ` ինչ հնարավոր էր, արդեն զիջել են, եւ ահա իրավիճակը լարվել է։

 Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մի կողմից` կառավարությունն, իհարկե, իրավացի է։ Տարիներ շարունակ բոլորը խոսում էին այն մասին, որ պետք է տնտեսությունը դուրս բերել ստվերից ու նվազեցնել հարկերը, եւ այդ դեպքում հարկային մուտքերը նույնիսկ իջեցված դրույքաչափերով ավելի շատ կլինեն, քան ստվերային տնտեսության պայմաններում։ Կառավարությունը հենց այդպես էլ արել է` իջեցրել է շրջանառության հարկը եւ պահանջում է նորմալ փաստաթղթաշրջանառություն, որովհետեւ առանց դրա ստվերի դեմ պայքարել հնարավոր չէ։ Բայց մյուս կողմից էլ` փոքր ու միջին ձեռնարկատերերը լավ գիտեն հայկական բիզնեսի բոլոր առանձնահատկությունները, հաշվել են ու տեսել, որ նոր օրենքով ավելի շատ գումար են «դուրս տալու» (հարկերի տեսքով, թե տույժ-տուգանքների` էական չէ), դրա համար էլ բողոքում են։ Ընդ որում` նրանց հիմնական փաստարկն այն է, որ իրենք հաճույքով կաշխատեին օրինական դաշտում եւ պատշաճ փաստաթղթաշրջանառություն կներկայացնեին, բայց չեն կարող անել դա, որովհետեւ «խոշորները» իրենց ոչ մի փաստաթուղթ չեն տալիս, եւ վերջ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ կառավարությունն իրավացի է. փոքր ու միջին ձեռնարկատերերն իրավացի են, բայց այդ երկու «իրավացի կողմերը» միմյանց դեմ անհաշտ պայքարի՞ են ելել։ Բայց այդպես չի լինում, ինչ-որ բան սխալ է։ Ինչպես Ստանիսլավսկին կասեր` «չեմ հավատում»։ Ուստի փորձենք հասկանալ, թե որն է սխալը, եթե կուզեք` որտեղ է «ֆալշը»։

Փաստորեն պրոբլեմն այն է, որ խոշոր ներկրողները ստվերում են գործում, եւ իրենց բիզնեսների իրական ծավալները թաքցնելու նպատակով հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել «մանրերին»։ Հարց է ծագում` իսկ ո՞վ է «խոշորներին» այդպիսի արտոնություններ տվել։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում «արտոնյալների ցուցակը» որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ որեւէ մեկը չի կարող ինչ-որ ոլորտում մենաշնորհ ունենալ ու խոշոր ծավալների ստվերային գործունեություն իրականացնել առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի»։ Հիշո՞ւմ եք նրա հայտնի ֆրազը` «բա ուզում էիք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքար ներկրի՞»։ Կամ ենթադրենք` կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն եկավ։ Ստվերը կրճատվելո՞ւ է։ Ստվերային տնտեսության ծավալները մոտավորապես նույնն էին ե՛ւ նախորդ կառավարության օրոք, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ ավելի առաջ, այսինքն` ստվերը կրճատելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք։ Իսկ քաղաքական կամքի «սկզբնաղբյուրը» նախագահականում է։ Եվ արդյունքում` տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. Սերժ Սարգսյանն ու խոշոր բիզնեսը «վերեւներում» իրար ջան ասում` ջան լսում են, իսկ «ներքեւում» փոքր բիզնեսն ու կառավարությունն իրար դեմ կենաց-մահու պայքարի են ելել։

Ի դեպ, որեւէ մեկին տարօրինակ չի՞ թվում, որ Սերժ Սարգսյանն այս թեմայով ձայն-ծպտուն չի հանում։ Մարդը տարիներ շարունակ հենց տեսախցիկ էր տեսնում` դիմացը կանգնում ու հայտարարում էր, թե պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ։ Հիմա հարյուրավոր մարդիկ քանի օր շարունակ իրենց պատռում են, որ խոշոր բիզնեսը ստվերում է, իրենք նրանց պատճառով տուժում են, իսկ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի արձագանքում։ Ավելին` բերանները ջուր են առել նաեւ ՀՀԿ մշտական «բլբուլները»` Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը եւ այլն։ Նրանք, ովքեր այլ դեպքերում առիթը բաց չեն թողնում սեփական կուսակցության «իմաստուն քաղաքականությունը» փառաբանելու համար։ Այնպիսի տպավորություն է, թե նրանց լիովին ձեռնտու է այս վիճակը` թող խոշոր բիզնեսից տուժածների զայրույթն ուղղվի կառավարության դեմ, իսկ «շեֆը» զբաղվի ավելի գլոբալ հարցերով ու «под шумок» փոխի սահմանադրությունը։

Ընդ որում` այս խաղը կարծես թե բոլորն են հասկացել։ Բացի, թերեւս, բողոքողներից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30