19.06.2012 00:47 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բա օրենք... պետություն...

«Հասնո՞ւմ էր», արդյոք, Վարդան Օսկանյանին

«Հասնո՞ւմ էր», արդյոք, Վարդան Օսկանյանին

Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթասի» շուրջ զարգացող իրադարձությունները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դա միանգամայն հասկանալի է. քաղաքական դաշտում այս գործը յուրատեսակ լակմուսի թղթի դեր է կատարում, եւ էականը ոչ այնքան անձամբ Օսկանյանի ապագան է, որքան քաղաքական ուժերի ու հասարակական տարբեր խմբերի դիրքորոշումները։

Սկսենք նրանից, որ հարուցված քրեական գործն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի. ոզնուն էլ հասկանալի է, որ եթե Օսկանյանը ոչ իշխանական պատգամավորի փոխարեն, ասենք, նախագահականի աշխատող լիներ, այս գործը չէր հարուցվի։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Այսօր հասարակական կարծիքը բաժանված է երկու մասի` մի մասը գտնում է, որ Օսկանյանին «հասնում է» (մարտի 1-ի «մոմենտով»), մի մասն էլ համարում է, որ ամեն դեպքում պետք է աջակցել նրան։ Առ այսօր, սակայն, որեւէ մեկն այդպես էլ չի փորձել հասկանալ Վարդան Օսկանյանի պահվածքը մարտի 1-ին եւ դրանից հետո, իսկ նրանք, ովքեր հասկացել են, գերադասել են չխոսել այդ մասին։

Արդյո՞ք Վարդան Օսկանյանը կարող էր որեւէ կերպ ազդել այդ իրադարձությունների վրա։ Ասենք` 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան մտներ Քոչարյանի մոտ ու ասեր. «գիտե՞ք, Սերժ Սարգսյանը չի հաղթել ընտրություններում, պետք է ընդունել Տեր-Պետրոսյանի հաղթանակը կամ գոնե երկրորդ փուլ հայտարարել»։ Կարելի է չկասկածել` նրան «պասլատ» կանեին։ Կամ կարո՞ղ էր արդյոք հորդորել, որ մարտի 1-ին ուժ չկիրառեն անզեն ցուցարարների նկատմամբ։ Արդյունքը նույնը կլիներ։ Այսինքն` ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու որեւէ լծակ նա չուներ (այդ հարցը բոլորովին այլ ֆորմատով էր քննարկվում)։ Բայց ահա տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը, եւ Հայաստանի միջազգային հեղինակությունը զրոյի հավասարվեց։ Ի՞նչ պիտի աներ Վարդան Օսկանյանը, որը լավ էր հասկանում, թե ինչ ոճրագործություն է արել իր թիմը։ Մարդկային առումով ամենաազնիվն, իհարկե, այն կլիներ, որ անմիջապես հրաժարական տար, բայց նա երեւի մտածեց, որ մի վերջին ճիգով պետք է փորձի փրկել Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ միայն դրանից հետո հեռանա թիմից։ Նա գիտակցաբար զոհաբերեց իր անձնական հեղինակությունը, հանդես եկավ խայտառակ ասուլիսով (վստահաբար` դեմ գնալով սեփական խղճին) ու երեւի համոզված էր, որ դրանով օգուտ է տալիս երկրին։ Դա, իհարկե, սխալ էր, բայց Օսկանյանը հաստատ դա հանուն անձնական շահի չէր անում (ու հետո ինչքան համոզեցին` չմնաց արտգործնախարարի պաշտոնում եւ փաստորեն հեռացավ քաղաքականությունից)։ Եվ վերջին հաշվով` մարտի 1-ի ոճրագործության համար Վարդան Օսկանյա՞նն է ավելի մեծ պատասխանատվություն կրում, թե՞ Սերժ Սարգսյանը կամ նույն Գորիկ Հակոբյանը։ Թե՞ քանի որ մարտի 1-ին ասուլիս տվողը Սերժը չի եղել, Վարդան Օսկանյանն է եղել` ուրեմն նա ավելի մեղավոր է։

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Ենթադրենք` այդ ասուլիսի եւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն արդարացնելու համար Վարդան Օսկանյանին զուտ մարդկայնորեն լավ էլ «հասնում է»։ Բայց մի՞թե մենք այդպիսի պետություն ենք ցանկանում կառուցել։ Այսինքն` եթե ավազակները վատ մարդու տունը թալանեն, ոստիկանները չպե՞տք է որոնեն հանցագործներին, պիտի ասեն «իրեն հասնում էր» ու վե՞րջ։ Բայց սա, համաձայնվեք, պապուասի կամ անապատի քոչվորի մտածելակերպ է։ Թե չէ էլ ինչո՞վ ենք տարբերվում, ասենք, Էդուարդ Շարմազանովից կամ այդ դաշնակներից, ովքեր ասում են «հալալ ա էդ հայտնի ակումբը պայթեցնողներին, իրանց հասնում էր»։

Վերջին հաշվով` մեր հիմնական խնդիրը պիտի լինի հենց այնպիսի պետություն կառուցելը, որտեղ քաղաքական ենթատեքստով քրեական գործեր չհարուցվեն, ու բոլորը հավասար լինեն օրենքի առաջ։ Այ, հենց որ այդպիսի երկիր ունենանք, հաստատ մարտի 1-ի ոճրագործությունն էլ կբացահայտվի, ու Վարդան Օսկանյանն էլ, եթե իսկապես մեղավոր է, մյուսների հետ կպատժվի։ Իսկ հիմա պետք է պարզապես արձանագրել, որ քրեական այս գործով մարտի 1-ի հիմնական «շահառու» Սերժ Սարգսյանը քաղաքական խնդիր է լուծում։ Եվ չպետք է թույլ տալ, որ հեշտությամբ լուծի այդ խնդիրը։ Մնացածն էմոցիաների ոլորտից է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30