12.05.2017 03:21 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պլան «բ»

Սերժ Սարգսյանի ամենահարմար վարչապետացուն 2018-ին

Սերժ Սարգսյանի ամենահարմար վարչապետացուն 2018-ին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, թե պատրաստ է 2018 թվականից հետո էլ մնալ վարչապետ, եւ հայ հանրությունն այս լուրն ընկալել է որպես նրա կողմից պետության ղեկավարումը ստանձնելու հայտ։

Բայց մի բան է` վարչապետ լինել հիմա, երբ պետության ղեկավարը նախագահն է, եւ բոլորովին այլ բան` վարչապետ լինել 2018-ից հետո։ Հիմա, օրինակ, Կարեն Կարապետյանը միայն ձեւականորեն է վարչապետ, որովհետեւ բոլոր որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը` իր նեղ շրջապատով։ Կարեն Կարապետյանն, օրինակ, չի կարող առանց Սերժ Սարգսյանի թույլտվության պայքարել մենաշնորհների դեմ, չի կարող իր համար քաղաքական թիմ ստեղծել (անմիջապես կքանդեն), նա չի կարող անգամ հրաժարվել Դաշնակցության հետ կոալիցիայից, որովհետեւ ամենայն հավանականությամբ` իրեն չեն էլ հարցրել եւ այլն։ Կարեն Կարապետյանին նախընտրական շրջանում հրավիրել էին որպես շոումեն, եւ նա հաջողությամբ կատարեց իր դերը։ Հիմա էլ, ահա, հայտարարում է, որ թեեւ 2018-ից հետո վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, բայց ինքը պատրաստ է շարունակել որպես շոումեն աշխատել վարչապետի պաշտոնում։ Հակառակ դեպքում կստացվեր, որ նա հրապարակավ իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացնում, ընդ որում` ինչպես ռուսներն են ասում, «при живом-то муже»։

Հիմա փորձենք հասկանալ Կարեն Կարապետյանի իրական վիճակը` առանց ավելորդ գունազարդումների։ «Դրայվից» համարյա բան չի մնացել։ Առաջին շաբաթների հմայքը կամաց-կամաց ցնդում է։ Տնտեսության մեջ դրական տեղաշարժեր եթե անգամ կան` հասարակությունն իր մաշկի վրա չի զգում։ Իշխող կուսակցությունում սեփական թիմ ձեւավորել չհաջողվեց։ Անգամ կառավարության կազմում սեփական թիմը փոքրամասնություն է` եթե ուժայիններին ու դաշնակներին հանում ենք, տակը համարյա բան չի մնում։ Սրան գումարենք նաեւ այն, որ քրեաօլիգարխիկ շրջանակները նրան ընկալում են որպես պոտենցիալ մրցակից (այսինքն` թշնամի), եւ այդ լուռ թշնամանքն, անկասկած, թաքուն հրահրվում է նախագահականից։ Հասարակությունն էլ իր հերթին շարունակում է նրան ընկալել որպես օտար մարդ, հայկական միջավայրից հեռու, դրսից եկած, պարզ ասած` «Գազպրոմի մենեջեր»։ Այս ամենի հանրագումարը հանգեցնում է միանշանակ եզրակացության` այդ մարդը Հայաստանի փաստացի ղեկավար դառնալ չի կարող։

Լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբաններն էլ հստակ արձանագրում են այս ամենը եւ եզրակացնում, որ Սերժ Սարգսյանը շատ նրբորեն բոլոր կողմերից թուլացնում է Կարեն Կարապետյանին, որպեսզի նա 2018-ից հետո վարչապետ չդառնա։

Իրականում պետք էր ճիշտ հակառակ եզրակացությունն անել` Սերժ Սարգսյանը բոլոր կողմերից թուլացնում է Կարեն Կարապետյանին, որովհետեւ դիտարկում է նաեւ նրա՛ թեկնածությունը վարչապետի պաշտոնում` 2018-ի ապրիլից հետո։ Ի վերջո տարբերակները, մեծ հաշվով, ընդամենը երկուսն են։ Սերժ Սարգսյանը կամ ինքն է ուզում վարչապետ դառնալ 2018-ին, կամ մտադիր է ինչ-որ մեկին վարչապետ դարձնել` այնպես, որ ինքը երկիրը ղեկավարի իշխող կուսակցության ղեկավարի դիրքերից։ Ընդ որում` հասկանալի է, որ եթե ի վերջո ընտրի երկրորդ տարբերակը, այդ «ինչ-որ մեկը» պիտի հենց Կարեն Կարապետյանի նման թույլ ֆիգուր լինի. այսինքն` սեփական քաղաքական թիմ չունենա, թշնամական հարաբերությունների մեջ լինի քրեաօլիգարխիկ համակարգի հետ, հասարակության կողմից ընկալվի որպես «դրսի մարդ» եւ այլն։

Պարզ ասած` Կարեն Կարապետյանին թուլացնելով, Սերժ Սարգսյանն իր համար հարմար «վարչապետացու» է նախապատրաստում։ Ինչն, իհարկե, չի նշանակում, թե հենց նրան էլ նշանակելու է։ Պարզապես Սերժ Սարգսյանը ներքաղաքական ինտրիգների մեջ երբեք չի մտնում առանց պլան «բ» ունենալու։

Կարեն Կարապետյանն էլ, բնականաբար, հասկանում է խաղը, դրա համար էլ անմիջապես հայտարարեց, որ համաձայն է շարունակել իր դերը։ Առավել եւս, որ ուրիշ տարբերակ չունի։

Երկրորդ անգամ «ավելի բարձր աշխատավարձով» արտագնա աշխատանքի մեկնելը կնշանակեր հեռանալ ընդմիշտ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30