01.12.2017 13:46 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Չի խուրդվում

«Իգլա» եւ «լվացք»

«Իգլա» եւ «լվացք»

Էլի նույն պանդոկն է,
նույն այլանդակության պատկերը պատին։
Նույնն են գները։
Բրոդսկի, 1968 թ.

Դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 6 տարվա ազատազրկման, որովհետեւ նա մի ձեռքով Վրաստանից «Իգլա» տեսակի զինահրթիռային համակարգ է տեղափոխել Հայաստան, մի մատով էլ խառն է եղել մութ փողերի լվացման մեջ։

Ճիշտ է, «Իգլայից» միայն ձողերն են հասել Հայաստան` փշերը չկան ու չկան, իսկ մութ փողերի սերմնացանն էլ բոլորովին հայտնի չէ։ Բայց դա մանրուք է։ «Իգլա» եւ «լվացք»` սրանք բաներ են,  որոնցից վոինը կըտաղում ա. սա' է գլխավորը։ Իսկ Սամվել Բաբայանը մատը դրել է այդ երկու ցավոտ հարցերի վրա ու բաց չի թողնում։ Կհիշեք` 2015-ի ապրիլյան պատերազմից հետո Սամվել Բաբայանը Մոսկվայից անսպասելի վրա է հասնում ու հարցազրույց տալիս`մի ձեռքով շոշափելով Ադրբեջանի իգլայախեղդ բանակի դեմ հայկական բանակի բարձր դուխը դեմ տալու անփառունակ հեռանկարները` ձեռքով թռչող ինքնաթիռ բռնելով գարուն չի գա, իսկ մի մատով էլ խառնելով փնթի լվացքը` ու՞ր են հայկական բանակի թռչող ինքնաթիռները։

Այն ժամանակ Սերժ Սարգսյանը լռեց։ Բայց ինչպես կասեր մաեստրոն` լռելը դեռ մոռանալ չէ։ Քառօրյայից մի տարի անց` ընտրություններից առաջ, Սամվել Բաբայանը միանում է Սեյրան Օհանյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, թե բա` Սերժիկ, հեռացիր։ Իհարկե, այդ կոչը ո'չ հայ քաղաքական անդաստանի քաջ Թաթուլ-Սեյրան Օհանյանի (ինչը կհաղթի քաջ հերոսին, թե չլինեն կինն ու գինին), ո'չ էլ ջերմեռանդ աղոթասեր Րաֆֆի Հովհաննիսյանի (Զորավա'ր, Հայասդա'ն, պադասխա'ն) քաղաքական գիծը չէր։ Նրանք պրագմատիկ գործիչներ են` ժամանակին գալիս են, ժամանակին ետ քաշվում, ժամանակին աղոթում, ժամանակին սիրում, ժամանակին ատում, ժամանակին համագործակցում։ Իսկ Սերժ Սարգսյանը սիրո'ւմ է այսպիսի պրագմատիկների։ Սերժ Սարգսյանը Սամվել Բաբայանի օրինակով լավ գիտի, որ ռազմի դաշտում մարտավարության զիլ գործիչ լինելը դեռ չի նշանակում նույնքան հեռատես լինել քաղաքական դաշտում։ Միայն Սամվել Բաբայանը կարող էր այնպիսի քաղաքական թիմակիցներ ընտրել, որ վճռի հրապարակման ժամանակ դատարանի դահլիճում ունենար միայն ՕՐՕ առանցքային դերակատարներից մեկի` Անդրանիկ Թեւանյանի աջակցությունը եւ վճռի հրապարակումից հետո չունենար իր քաղաքական դաշնակիցների գոնե գրավոր դատապարտումը։

Նույն օրը, երբ Սամվել Բաբայանի դատավճիռն էր կայացվում, Սերժ Սարգսյանն ընդունում է 5-րդ բրիգադի ազատամարտիկներին եւ նրանց պարգեւներ է տալիս։ Ազատամարտիկները սիրով ուտում են Սերժ Սարգսյանի տված բլիթները` ականջի հետեւ գցելով Արցախյան պատերազմի ամենանշանավոր դեմքերից մեկին` Սամվել Բաբայանին դատարանի դահլիճում տրված մտրակի 6 հարվածները։ Կըտաղած վոինից բիրդան ազիզ պարգեւատու դարձած Սերժ Սարգսյանը կասկած էլ չի ունեցել, թե այդ ազատամարտիկներից մեկնումեկը կասի` «Սերժիկ, բա Սամո՞ն...», որովհետեւ նրանք, որ կարող էին այդպես ասել, կա'մ գնդակահարվել են, կա'մ բանտարկվել։

Սամոն, Սամոն ի՞նչ։ Ինչքան խուրդում ես` չի խուրդվում` է'լ Շուշվա բերդ, է'լ քաղաքական ու բիզնես մուտիլովկաներ, է'լ երկրից արտաքսում, է'լ թամաշա դատական մեյդաններում։ Իսկ գյադեքը թարսի պես խուրդա են սիրում։ Թե ասա` մեռնեիր, էլի, սրբացնեին պրծնեին։ Թե չէ մի տեսակ հարմար չի ապրելը չխուրդվող տեսակի ո'չ լռության, ո'չ աղմուկի պայմաններում։ Նրանց երկրից արտաքսում էլ ես, բերդում փակում էլ ես` իրենց բացակայությամբ ավելի ներկա են հասարակական-քաղաքական կյանքում, քան իրենց տարիների ներկայությամբ ընդմիշտ բացակա պրագմատիկները։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30