Թե ինչ կարիք կար մեր ազատամարտիկներին ներկայացնել` Ճուտ, Վասիսթդաս, Գանդուրաս ու նման ածականներով, իսկ արցախցի ազատամարտիկին իբրեւ «մեյմուն»` Մուլտ մականունով եւ այդ ֆոնին թողնել միակ իրական հերոս ռուս Սաշա Մասլեննիկովին, դրա շուրջը թող մտածեն ֆիլմը հովանավորող ՊՆ-ում, բայց զուտ կինոյի տեսակետից, ամենեւին էլ յուրօրինակ չի հայ տղամարդկանց պատկերել իբրեւ 2 տարեկանի ուղեղով մանկամիտ արարածների։ Դա հին եւ բոլորիս շատ հայտնի մոտեցում է` ռուսի սիրած Կովկասն ու կովկասցին։ Բավական է հիշել «Միմինո»-ն, որտեղ երկու դմբլո կովկասցի տղամարդ փորձանքի մեջ են հայտնվում, եւ նրանց փրկում է մի ջահել ռուս աղջիկ։ Ազատամարտիկ Արջն անընդհատ անկապ «լարվում» է ազատամարտիկ Մուլտի հետեւից, անգամ Գանձասարի պարսպի վրայով` հանուն էժանագին կոմիկական էֆեկտի։ Կովկասցի տղամարդկանց միամիտ ու դմբլո ներկայացնող խորհրդային կինոյի էս ավանդական կարծրատիպը հետխորհրդային հայկական կինոյում լավագույնս դրսեւորվում է հենց այս ֆիլմում։
...Հասկացանք, ձեր պատկերացրած խելահաս հայրենասերը հարբեցող է։ Էս ամենից հետո այլեւս չես զարմանում, երբ Գանձասարում տեր հորը բարեւելիս, աջհամբույրի փոխարեն տեսնում ես ախպերավարի պաչպռոշտի, ու անգամ, երբ Պարգեւ սրբազանը հայտնվում է ինքն իր դերում (նման ժանրի ֆիլմում իրական հոգեւոր առաջնորդի աննախադեպ հայտնություն, որ հանձն չեմ առնում մեկնաբանել), եւ վերջնականապես համոզվում ես, որ ամբողջությամբ «օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը...» ավանդական քարոզի ականատեսն ես։ Ուրեմն, մի բան էր մնացել, որ դեռ ռուսին չէին ծախել` մեր հաղթանակն Արցախում, էն էլ ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Միքայել Պողոսյանի ջանքերով նվիրեցին ռուսին` Մասլեննիկովին դարձնելով միակ իրական հերոս` արջուկ-մուլտ-գագոների տրագիֆարսի ֆոնին։
Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ «ջիփը», որովհետեւ ոստիկանության փոխարեն վրա են տալիս հարց լուծող տղերք, համապատասխան բառապաշարով «սամասուդ» անում մեր կոմիքսային ազատամարտիկների եռյակին, եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Հերոսները «մանթրաշից» տրվում են հիստերիկ ծիծաղի։ Հանդիսատեսն ուրախանում է, որ բախումն իր հետ չի եղել։ Բոլորը զվարճանում են Սաշայի «Լոխ լավ ա՞» հարցի վրա, իսկ մեզ մնում է արձանագրել. «Փիս ա, մատաղ, լյահնդի վրեմյապռեպռավաժդենի ա, վեչ թա կինո, մըր կինոն տի ամալ չի կիլյական»։
ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ
07.17.2012 e-press.am
(տպագրվում է կրճատումներով)
«Մտավորականության» հետ «Կինո Մոսկվայում» նախընտրական հանդիպմանը «դժվար» գյուղերից առավել բարեկարգ վայրեր տեղափոխվելու Սերժ Սարգսյանի՝ «հրաշք-առաջարկին» նաեւ Հարություն Խաչատրյանի ժպտադեմ ծափահարելուց, 2011-ին Լեւոն Սարգսյան աստվածաբան-արեւելագետ-դեսպան-մեկենաս քառամիասնությանը /կարճատեւ/ փառատոնի նախագահ կարգելու նրա փորձի՞ց է սկսվել «Ծիրանի» «ինտեգրումը» քաղաքական դաշտ, թե՞ ավելի վաղ՝ «Ծիրանում» կիմանան։
Հասկանալի է, որ միջազգային ժյուրին, առարկայորեն գնահատելով ֆիլմի կինեմատոգրաֆիկ, մշակութային, հասարակական արժանիքները, նրան «ծիրանել» է փառատոնի բարձր մրցանակով, հասկանալի է, որ նույնն արել են մի քանի այլ անվանակարգերում ֆիլմը բարձր արժեվորած մյուս ժյուրիները։ Հասկանալի է, որ բոլոր այս մրցանակները բացարձակապես որեւէ կապ չունեն միջազգային ու ներքաղաքական ինչ-ինչ նկատառումների հետ։ Պարզապես ահա այսպես է ստացվում։ Ստացվում է այսպես։ Առարկայորեն։ Պարզապես հոդվածի հեղինակին ու մեր շատ ընթերցողների ճշգրտորեն, բառը բառի, հենց այդպես պատճառաբանված դուր չի եկել քարոզի ու կեղծիքի «պրոֆեսիոնալ ձեւով փաթաթած», հաստ շերտը՝ ֆիլմի հենքը։
Նորություն չէ, որ փոքրիշատե կշիռ ու համարում ձեռք բերած կամ ձեռք բերող փառատոների մրցանակային «ֆիլմաճաշակը», ազատվելով տեղայնության, գավառականության տարրերից /եթե հաջողեց/, ցավոք, անխուսափելիորեն, որեւէ չափով ընկղմվում է «մեծ» քաղաքականության ջրերը։ Որեւէ միջին, առավել եւս՝ մեծ կինոփառատոն անմասն չէ դրանից, իսկ որոշները հենց դրա համար էլ կան. կինոն հզոր քարոզչամիջոց է։
Որակյալ եւ բավականին գրագետ միջոցառում «Ոսկե Ծիրանին» մինչեւ վերջերս որոշակիորեն հաջողվել էր խուսափել մեր «իրականության», մեր «ղեկավարության» գավառամտության ու տգիտության, «մեծ» քաղաքականության ու Հայաստանի շփումից առաջացող խնդիրների մի մասից միայն։ Մի մասից։ Ցավոք այդպես է։
Մեր այս շահախնդիր նախազգուշացումը փառատոնը հետագա դեգրադացիայից ետ պահելու համար է։ Հանուն կինոյի։
«ՉԻ»