09.06.2012 20:56 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատուհաս

Իրական Հայաստանը

Իրական Հայաստանը

Երեկ կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները։ Բանից պարզվում է` ամեն ինչ հրաշալի է։ Գնաճ համարյա չկա (12 ամսվա կտրվածքով ընդամենը կես տոկոս է), տնտեսությունն աճել է 7,2 տոկոսով, արդյունաբերության աճն ընդհանրապես ֆանտաստիկ է` 15,3 տոկոս, հարկահավաքման պլանը գերակատարվել է կես միլիարդ դրամով, բյուջեի դեֆիցիտն ավելի փոքր է, քան կանխատեսվում էր եւ այլն։ Բայց սա պաշտոնական («Հայլուրային») Հայաստանն է։

Նախօրեին Ավանում ծեծկռտուք է տեղի ունեցել, եւ 5 համարի երթուղային տաքսու վարորդներից մեկը «պասաժիր փախցնելու համար» սպանել է նույն երթուղու մեկ այլ վարորդի։ Ծեծկռտուքի պատճառն ըստ էության մի քանի հարյուր դրամն է եղել, բայց խնդիրը հենց այն է, որ երթուղայինի վարորդն օրական հենց մի քանի հարյուր դրամ է տուն տանում, ու «պասաժիր է փախցնում», որպեսզի այդ օրը իր երեխաներն ուտելու հաց ունենան։ Մյուսն էլ գիտի, որ եթե թույլ տա «պասաժիր փախցնել»` այդ օրը ի՛ր երեխաներն են առանց հացի մնալու։ Սա արդեն իրական Հայաստանն է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ մարզերից մեկում բարձր դասարանցի մի աշակերտ ինքնասպանություն էր գործել, որովհետեւ չէր կարողացել վճարել 600 դրամ պարտքը։ Սա է իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը «տնտեսական ակտիվության ցուցանիշով» չի որոշվում, արտագաղթի տեմպերով ու ինքնասպանությունների քանակով է որոշվում։ Իրական Հայաստանում որոշում է ընդունվում հսկայական տուգանքներ սահմանել ընթացքի ժամանակ ծխող վարորդների համար։ Ինչ-որ մեկը, կաբինետում նստած, որոշել է, որ օրական 16-17 ժամ աշխատող տաքսու վարորդը պիտի մեքենայում չծխի, այլ մեքենան կանգնեցնի (եթե տեղ գտնի), դուրս գա մեքենայից ու փողոցում ծխի։ Հասկանալի է, չէ՞, որ այս որոշմամբ նրանք ծխելու դեմ չեն պայքարում, վարորդների՛ դեմ են պայքարում։ Համ էլ` բյուջեն կլցնեն։

Իրական Հայաստանում իշխանություններն ամենաբարձր մակարդակով որոշել են, որ հարկերը չվճարող գյուղացիներին պետք է դատի տալ ու դատարանի որոշմամբ այդ գումարներն առգրավել, եւ այդ գործը հանձնարարել են գյուղապետներին։ Իրական Հայաստանում գազամատակարարման ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, թե լավ տեսուչը նա է, ով գազի վարձը չվճարածի «վինտիլը» միանգամից փակում է, իսկ այն տեսուչները, ովքեր խղճով են եւ հաճախորդների գազը միանգամից չեն կտրում, պետք է հեռացվեն համակարգից։ Ուշադրություն դարձրեք` այս պատժամիջոցները կիրառվում են ոչ թե հանցագործների, այլ սովորական մարդկանց դեմ։ Եվ որեւէ մեկի մտքով չի անցնում նույն 5 համարի երթուղու «գծատիրոջը» հարցնել` այդ ի՞նչ օրն ես գցել այդ մարդկանց, որ մի քանի հարյուր դրամի համար իրար են սպանում, որեւէ մեկն իշխանություններին չի ասում` այդ ի՞նչ օրն եք գցել գյուղացիներին, որ գիշեր-ցերեկ աշխատելով` հարկերը չեն կարողանում վճարել, այդ ի՞նչ վիճակի եք հասցրել մարդկանց, որ գիշեր-ցերեկ աշխատելով` գազի ու հոսանքի վարձը չեն կարողանում վճարել։ Գուցե այս իշխանությունների՞ն է պետք դատի տալ, որ հեռուստաէկրաններից մեծ-մեծ խոսում են ու ամբախ-զամբախ «հավակնոտ ծրագրեր» ներկայացնում, բայց պաշտոնապես սահմանված կենսաթոշակներով ու նպաստներով մեկ շաբաթ անգամ հնարավոր չէ գոյատեւել։

Իսկ այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը Բրյուսելում ոչ ավել, ոչ պակաս` հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք շտապում եւ ընտրել ենք «ավելի երկարաժամկետ ռազմավարություն»։ Մարդ չի հասկանում` այդ մարդը ծաղրո՞ւմ է մեզ, թե՞ ուղեղի ծալքերի կոնֆիգուրացիան ավելի խելացի պատասխանի հնարավորություն չի տալիս։ Ի՞նչ «երկարաժամկետ ռազմավարության» մասին է խոսքը, եթե անգամ արտագաղթի պաշտոնական ցուցանիշների դինամիկան է ցույց տալիս, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում ուղիղ 12 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի լինելու (արտագաղթի «բազային ցուցանիշը»` տարեկան 100 հազար մարդ, աճը` տարեկան 25 տոկոս)։ Թե՞ Տիգրան Սարգսյանի համար Հայաստանն էական չէ, կարեւորը «Հայկական աշխարհն» է, ու մարդիկ ուր էլ հեռանան` մնալու են «Հայկական աշխարհում»։ Բայց սա արդեն հոգեբուժության ոլորտից է։

Բայց մարդիկ առայժմ ապրում են իրական Հայաստանում։ Եվ իրականությունը փոխելու ճանապարհն առայժմ չեն գտնում։ Եթե, իհարկե, ընդհանրապես փնտրում են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30