15.12.2017 10:09 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«Լավ նայող» էլ ունեցաք

Նոքյարների բարեկեցությունը

Համատարած թանկացումների վերաբերյալ մի քանի հանրապետական պատգամավորների՝ մեղմ ասած, ամբախ-զամբախ հայտարարությունները մի տեսակ շեղեցին հասարակության ուշադրությունը բուն խնդրից։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե հիմնական պրոբլեմը Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանն են, այ եթե նրանք այդպիսի անհեթեթ մտքեր չհայտնեին՝ թանկացումներն այսքան ցավոտ չէին լինի։

Մինչդեռ բուն խնդիրն այլ է։ Գեներալ Սեյրան Սարոյանն, օրինակ, թանկացումներին անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ ու ամոթանք տվեց սուպերմարկետների սեփականատերերին՝ «ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն»։ Այսինքն՝ նա արձանագրեց այն փաստը, որ պետությունը գնաճը կասեցնելու որեւէ լծակ կամ ցանկություն չունի, միակ հույսն այն է, որ օլիգարխներն ամաչեն։ Թարսի պես էլ՝ նրանք չեն ամաչում, եւ արդյունքում մարդկանց սոցիալական վիճակն օրեցօր ծանրանում է։ Պարզ ասած՝ ամեն ինչ հիմնված է մարդկային գործոնի վրա։ Եթե, ասենք, Սամվել Ալեքսանյանի փոխարեն ավելի ամաչկոտ մեկը լիներ՝ ավելի մեղմ գնաճ կունենայինք։ Կամ էլ՝ մարդիկ պիտի փողոց դուրս գան, որ Սերժ Սարգսյանը մի քիչ վախենա, Սամվել Ալեքսանյանին ասի «Սամո ջան, հերիք ա, տոռմուզ տու», սա էլ ասի «էղավ, շեֆ ջան, քո խաթեր՝ ամեն ինչը մի 10 տոկոսով էժանացնում եմ»։ Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով-բան՝ «տուֆտա բաներ են»։

Հայաստանում ամեն ինչն է մարդկային գործոնի վրա հիմնված։ Նույն Սեյրան Սարոյանն, օրինակ, բանակին էլ է անդրադարձել ու հայտարարել, թե գեներալները շրջապատ ունեն, ընկերներ ունեն, ու այդ ընկերները «տարբեր հարցերով օգնում են, որ էս ունենանք, էն ունենանք ու բանակից բան չգողանանք»։ Այսինքն՝ գեներալները բանակից չեն գողանում ոչ թե այն պատճառով, որ դա հանցագործություն է, որ գիտակցում են դրա անթույլատրելիությունը եւ այլն, այլ որովհետեւ դրա կարիքը չունեն՝ «դրսի հընգերները ամեն ընչով պադձերժկա են անըմ»։ Այ, եթե դրսում ընկերներ չունենային՝ ուրիշ բան. այդ դեպքում կգողանային։ Բա հո «կակոյ նիբուձ» 30-40 հազար դոլարանոց ավտո չէի՞ն քշելու, «արուն են տվե էս երգրի հըմա»։

Այս ամենը միայն մի բանի մասին է վկայում՝ Հայաստանում պետություն, որպես այդպիսին, չկա։ Պետության փոխարեն կա ընդամենը պատժիչ համակարգ՝ ոստիկանություն, դատախազություն, հարկային կառույցներ եւ այլն, ու այդ համակարգը հետեւում է, որ շարքային քաղաքացիները հլու-հնազանդ ենթարկվեն օրենքներին ու կատարեն իրենց «գործառույթները» (վճարեն կոմունալ ծախսերը, ծառայեն բանակում, գնան դրսում աշխատեն՝ փող ուղարկեն), իսկ իշխանական վերնախավի համար ոչ մի օրենք չի գործում, այնտեղ ամեն ինչ արվում է տնավարի՝ պայմանավորվածությունների հիման վրա։ Ասենք՝ «տղերք, էկեք քֆուր դնենք ու սրանից հետո բյուջեից 10 տոկոսից ավել չտանենք», կամ «ով որ բանակի փողերից գողանա՝ գյաջ ըլնի», կամ «ախպեր, աչքիս դու շատ ես թռփոշացել, բան արա՝ մի էրկու հատ չաստ ռեմոնտ արա, համը հելնում ա»։ Եվ հասարակության մեծ մասը կարծես թե ընդունել է խաղի այս կանոնները։ Մարդիկ իշխանություններից ավելի շատ ոչ թե օրենքի գերակայություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարություն են պահանջում, այլ ուզում են, որ իշխանությունները «ժողովրդին լավ նայեն»։ Որպես կանոն, դա հնչում է մոտավորապես այսպես՝ «արա՜, էղած-չեղածը էրկու միլիոն մարդ ա, կես Լենինգրադ, էրկու միլիոն մարդու էղածն ի՞նչ ա, որ սրանք չեն կարում մարդավարի պահեն»։

Սա քաղաքացու հոգեբանություն չէ, սա տիրոջ վերաբերմունքից դժգոհ նոքյարի հոգեբանություն է։ Այսպիսի հոգեբանությամբ պետություն չեն կառուցում, շատ-շատ՝ ունենում են տարածք, որտեղ կարելի է համեմատաբար կուշտ ապրել (եթե տերը բարի է ու ամաչում է շատ թանկացնել ուտելիքը) ու որտեղից կարելի է արտագաղթել (եթե տերը համը հանում է)։ Դրա համար էլ առանձնապես մեծ դժգոհություն չեղավ, երբ Սերժ Սարգսյանը վերացրեց ժողովրդի՝ պետության առաջին դեմք ընտրելու իրավունքը։ Ո՞վ է տեսել, որ նոքյարները տեր ընտրեն։ Նոքյարներն իրավունք ունեն միայն հրճվել, որ տերերից մեկը մյուսներին ամոթանք է տալիս ու կոչ անում լավ նայել ժողովրդին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31