Ու չնայած նրան, որ օրեր առաջ էլ սույն օբյեկտը կառուցապատող «Կարիգագ» ՍՊԸ-ն շտապեց հանդես գալ մեղայականով, թե. «Չնայած նրան, որ կառույցի օրինականացման գործընթացը շարունակվում է, սակայն նկատի ունենալով մեր հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչների ոչ միանշանակ վերաբերմունքը` հայտարարում ենք համալիրում հետագա ներդրումները դադարեցնելու մասին», այդուհանդերձ «ՉԻ» աղբյուրները պնդում են, որ այդ կառույցը ի վերջո վեր է խոյանալու։ Ավելին` իշխանական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` սա ընդամենը մի հնարամիտ «տրյուկ» է այս պահին այդ թեման շրջանցելու, քանի որ կլինի «Կարիգագը», թե մեկ ուրիշը` կապ չունի, այդ տարածքում, առաջիկայում սննդի օբյեկտ է կառուցվելու կամ, այլ կերպ ասած, ոչ այնքան մեծ չափերի հասնող «խորովածանոց», որն անշուշտ Կեչառիսի վանական համալիրից անմոռաց հուշեր կպարգեւի Ծաղկաձոր այցելած ցանկացած զբոսաշրջիկի։ Նույն լուրերի համաձայն` խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո այս կիսակառույցի կառուցապատման նախագծի ու դրա հետագա ճակատագրի շուրջ լուրջ սկանդալ է հասունացել Մշակույթի, Քաղաքաշինության նախարարության եւ Ծաղկաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Գարուն Միրզոյանի միջեւ։
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հետ, որն ասաց. «Ինձանից շատ ոչ մեկը չի պայքարել այդ օբյեկտի կառուցման համար։ Այս պահին այդ շինարարությունը դադարեցված է, քանի որ այն ապօրինի էր։ Իսկ ներկա փուլում էլ, ոչ թե փաստաթղթային, այլ իմ անձնական տեղեկություններով, այն քանդվելու է։ Իմ իմացածով նրանք օրինական թույլտվությունների հետ կապված խնդիրներ ունեն։ Իսկ եթե առաջին իսկ օրվանից նրանք մեզ դիմեին, այդ շինությունը միանշանակ չէր կառուցվի։ Այդ շինարարությունը արվել է ընդամենը մի 5-6 օրում, մենք էլ տարբեր պատճառներով բացակայել ենք հանրապետությունից»։ Ճշտմանը, թե տվյալ շինությունը կառուցապատելու ժամանակ ամբողջ քաղաքապետարանն է՞ր բացակայում ՀՀ-ից, որ որեւէ քայլ չձեռնարկվեց այն կանխելու համար` Գարուն Միրզոյանը նկատեց. «Դե արձագանքը եղել է, դադարեցրել ենք, իսկ ինչ էլ որ արվել է, կապ չունի, այն պետք է բերվի հին տեսքի։ Ձեզ կարող են տարբեր բաներ ասել, ես էլ ձեզ հետ խոսում եմ օրենքով. ասում եմ կա կարգ, համաձայն որի` այդ շինությունը պետք է քանդվի»։
«ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն` այդ տարածքի վրա աչք ունեն հենց քաղաքապետ Գարուն Միրզոյանն ու ՀՀ որոշ օլիգարխներ, որոնք նեղ շրջանակներում հայտարարել են, թե ճարտարապետական եզակի լուծումներով հանգստյան գոտի կառուցելու նպատակ ունեն. մեր այս դիտարկմանը` Միրզոյանը հակադարձեց. «Հարգելի Գայանե, եկեղեցու տարածքում ոչ ես, ոչ Դուք եւ որեւէ մեկը այլեւս չի կարա որեւէ բան սարքի։ Սարքող լիներ, տերը կսարքեր, էլի։ Մեր խնդիրն այն է, որ նախկին տերերին պարտավորեցնենք՝ քանդելու այդ շինությունը։ Եթե Կեչառիս վանական համալիրը, եկեղեցին, կնքել է պայմանագիր, տարածքը վարձակալության է տվել ու պայմանագրում գրել է, որ ինքը համաձայն է, որ այդտեղ շինարարություն արվի, ու շինարարն էլ սկսել է ապօրինի շինարարություն անել, ես էլ ի՞նչ անեմ։ Ես մեկ տարուց ավել է Մշակույթի նախարարության կոնկրետ պատասխանին եմ սպասում»։ Իսկ թե այս առթիվ ի՞նչ պատասխան է տվել քաղաքաշինության նախարարությունը, եւ եթե, ի վերջո, այդ կիսակառույցը ենթակա է քանդման, ապա ինչո՞ւ այն չի ապամոնտաժվում կառուցապատող ընկերության կամ պատկան մարմինների կողմից, քաղաքապետը պատասխանեց. «Ախր, մեզ որտեղի՞ց էդքան հնարավորություն, որ գնանք ապամոնտաժենք։ Ով որ կառուցել ա, թող նա էլ գնա ու ապամոնտաժի։ Իսկ ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարության դիրքորոշմանը, ապա ընդհանուր առմամբ նրանց կողմից առարկություններ չեն եղել, քաղաքաշինությունը պատասխանել է, որ դեմ չի։ Իսկ Մշակույթի նախարարությունը դեռ պետք է կոնկրետ պատասխան տա` կամ դրական, կամ բացասական։ Իսկ ինչ մնում է ինձ, ապա ես որտեղ էլ ուզեմ օբյեկտ կսարքեմ, պիտի գնամ, եկեղեցու բակում սարքե՞մ։ Կարամ Ձեզ էլ մի տարածք առաջարկեմ ՝մի տեղ էլ Դուք օբյեկտ սարքեք։ Կոնկրետ առաջարկով կարող եք ներկայանալ, Ձեզ էլ տեղ կտրամադրենք, մի հատ լավ տուրիստական կենտրոն սարքեք»
Մեզ մնում է հիշեցնել, որ ամիսներ առաջ, երբ Կեչառիս վանական համալիրի շուրջ կրքերը ծայրաստիճան բորբոքվեցին, ու խնդիրը հարուցեց հասարակության լայն շերտերի դժգոհությունը, «Յութուբյան» տեսաշարերում անմիջապես տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այս ապօրինի շինարարությունն իրականացվում է Գարեգին Բ-ի գիտությամբ, հովանավորությամբ եւ ի վերջո` ընկերական «ներքին» համաձայնությամբ։