Շատ կարճ դա հնչում է այսպես. բոլորն էլ ուզում են ապրել նորմալ երկրում։ Այսինքն` ուզում են նորմալ աշխատանք, որի դիմաց նորմալ կվարձատրվեն, ուզում են, որ իրենց երեխաները նորմալ կրթություն ստանալու հնարավորություն ւնենան, ուզում են, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն, ուզում են պաշտպանված լինել օրենքով եւ այլն։ Հենց այս «տեսլականի» շուրջ էլ պատրաստ է համախմբվել ժողովուրդը։
Ի դեպ, երբեւեէ տեսե՞լ եք, թե ինչպես են գյուղերում փորձում նորոգել փչացած հեռուստացույցը։ Տանտերը, բնականաբար, առաջին հերթին ինչքան ուժ ունի` բամփում է հեռուստացույցի գլխին, հետո հավաքվում են հարեւանները, ամեն մեկն իր հերթին ինչ-որ տեղին խփում է, հետո ամեն մեկը մի կոճակ է սեղմում, եթե մոտերքում տատիկ կա` առաջարկում է եզան լեզու դնել, եւ այդպես շարունակ` մինչեւ մեկնումեկը գլխի է ընկնում, որ կարելի է պարզապես կարդալ ինստրուկցիան։ Չէ, ինստրուկցիան, բնականաբար, չեն գտնում (գյուղերում վառարան վառելու համար միշտ էլ թուղթը քչություն է անում), բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ մեր դեպքում այդ «ինստրուկցիան» ՀՀ Սահմանադրությունն է։ Կարելի է, չէ՞, աջուձախ գլխին բամփելու կամ եզան լեզու դնելու փոխարեն (մեկը «հայկական աշխարհ» է կառուցում, մյուսը Ստամբուլն է գրավում, երրորդն առաջարկում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ, չորրորդը սարեր է տեղաշարժում) պարզապես պայմանավորվել, որ սրանից հետո առաջնորդվում ենք ՀՀ Սահմանադրությամբ, եւ վերջ։ Առանց վերապահումների։ Ահա եւ հասարակությունը համախմբող գաղափարախոսություն։ Ընդ որում` «սահմանադրական կարգի վերականգնում» ձեւակերպումն այնքան էլ ճշգրիտ չէ, որովհետեւ մեծ հաշվով` այդ կարգը Հայաստանում երբեւէ լիարժեք չի էլ գործել։ Երեւի ավելի ճիշտ կլինի խոսել սահմանադրական կարգի հաստատման մասին։ Եվ թող քաղաքական որեւէ ուժ համարձակվի հայտարարել, թե ինքը չի ընդունում այդ գաղափարը եւ գտնում է, որ շատ ավելի «ազգային» գաղափարներ կան։
Կարող են առարկել, թե այդ դեպքում ի՞նչ տարբերություն, չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ է նույն բանն ասում։ Այո, բայց չէ՞ որ բոլորը գիտեն, որ նա սուտ է ասում։ Օրինակ` երեկ ոստիկանների հետ հանդիպման ժամանակ նա խոսում էր այն մասին, որ պետք է վերացնել համակարգում առկա թերությունները, չոտնահարել մարդկանց իրավունքները եւ այլն, իսկ ելույթից ընդամենը մի քանի ժամ անց ՀԱԿ ակտիվիստներից չորս հոգու, որոնց ոստիկանությունում կարգին ծեծել էին, դատապարտեցին 2-6 տարվա ազատազրկման։ Կամ, ասենք, ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Ազգային ժողովում գործարարներ չպետք է լինեն, բայց հետո շրջում էր ընտրատարածքներով ու կոչ անում ձայն տալ կոնկրետ գործարարների։ Մի խոսքով, հասարակության համար վաղուց պարզ է, որ Սերժ Սարգսյանի ասածը «ասնավանի չի», նա հրապարակավ մի բան ասում է, բոլորովին այլ բան` անում։ Այսինքն` եթե հասարակությունը համախմբվում է այն գաղափարի շուրջ, որ պետք է առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, այդ գործում ում վրա ասես կարող է հույս դնել` բացի Սերժ Սարգսյանից։ Այդ հարցում նա վաղուց բացահայտել է իր «պրոֆնեպրիգոդնոստ»-ը (Կարեն Կարապետյանի ականջը կանչի)։
Մի խոսքով` գաղափարը կա։ Մնում է, որ քաղաքական ուժերն իրար գլխի հավաքվեն ու «տնավարի» որոշեն, որ առաջնայինը Սահմանադրությունն է, որովհետեւ երկրի վիճակն արդեն էքսպերիմենտների իրավունք չի տալիս։ Իսկ թե ինչպես` նույն Սահմանադրության մեջ հերթով գրված է։ Սկզբում պետք է այնպես անեն, որ իշխանություններին ընտրի ժողովուրդը, հետո պիտի ապահովեն, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն, հետո պիտի ապահովեն հավասար մրցակցային դաշտ, եւ այդպես շարունակ։ Ու մեկ էլ տեսար` «հեռուստացույցը նորոգվեց»։ Պետության գլխին բամփելու ժամանակները վաղուց են անցել։