Հաղորդաշարի վերջին թողարկման մեջ անդրադարձ է եղել ոչ միայն ԱԺ օրենսդրական գործունեությանը, այլեւ ԱԺ ճաշարանին։ Ավելի քան 3 րոպե տեւողությամբ ռեպորտաժը պատմել է, թե վերջերս ինչ համեղ ուտեստներ են պատրաստում եւ ինչքան լավ են սպասարկում ԱԺ ճաշարանում։ Թե ինչ կապ ունի ճաշարանն ԱԺ օրենսդրական գործունեության հետ` անհասկանալի է։ Թեեւ որոշ պատգամավորների համար ճաշարանը խորհրդարանի ամենակարեւոր հատվածն է, շատ ավելի սիրելի վայր, քան նիստերի դահլիճը։ Մինչ այդ նկատենք, որ այս հաղորդաշարը պատրաստվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ասել է թե` հարկատուներիս հաշվին ուղղակի ԱԺ ճաշարանի գովազդն են անում։ Ամենայն հավանականությամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հազիվ հաջողվել է մի լավ բան անել՝ կարգի բերել ԱԺ ճաշարանը, եւ հիմա նրա կադր Արսեն Բաբայանը որոշել է աննկատ չթողնել այդ ամենը։