24.03.2017 05:59 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ենթատեքստեր

«Իգլայի» գործի երկու տարբերակները

«Իգլայի» գործի երկու տարբերակները

Նախօրեին հայտնի դարձավ, որ ինչ-որ անձինք փորձել են մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգ բերել Հայաստան, եւ այդ գործով ձերբակալվել է ՕՐՕ դաշինքի ստվերային համակարգող Սամվել Բաբայանը։ Այս ամենը, բնականաբար, անմիջապես կապվեց առաջիկա ընտրությունների հետ, ու անգամ տեղեկություններ տարածվեցին, թե շուտով նոր ձերբակալություններ են լինելու։

Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Նախ` «Իգլա» համակարգի մասին։ Դա բավականին արդյունավետ զենք է (ի դեպ` 80-ական թվականների) եւ նախատեսված է ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ խոցելու համար։ Հեռահարությունը մոտ 5 կիլոմետր է։ Հենց «Իգլա» համակարգով են 2014-ին ադրբեջանցիները խոցել ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, այդ զինատեսակով են ապրիլյան պատերազմի առաջին օրը մերոնք ոչնչացրել ադրբեջանական ուղղաթիռը եւ այլն։

Հիմա` քաղաքական ենթատեքստի մասին։ Հայաստանում վաղուց արդեն ԱԱԾ հաղորդագրությունների նկատմամբ առանձնապես մեծ վստահություն չկա, բայց որպես ելակետ ընդունենք այն իրողությունը, որ հնարավոր տարբերակներն ընդամենը երկուսն են. ԱԱԾ-ն կամ ճիշտ է ասում, կամ ստում է։

Սկսենք առաջին տարբերակից։ Ենթադրենք` ԱԱԾ-ն ճիշտ է ասում, եւ իսկապես էլ Սամվել Բաբայանն է կանգնած այս ամենի թիկունքում։ Հարց է ծագում` ինչո՞ւ պիտի նա «Իգլա» բերեր Հայաստան։ Որպեսզի օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանա՞կ (որ եթե, ասենք, Ջրառատ գյուղի դեպքերը կրկնվեն, իրենք «Իգլայով» արժանի հակահարված հասցնեն ՀՀԿ ռեյտինգայիններին)։ Կամ որպեսզի ընտրություններից հետո ՕՐՕ-ի հաղթանակը նշեն օդ կրակելո՞վ։ Բնականաբար` ոչ։ Շատից-քչից տրամաբանական բացատրությունն այն է, որ դրանով ցանկացել են, ասենք, խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Բայց նման քայլ պլանավորողը պիտի նաեւ հաջորդ քայլերը պլնավորեր, այսինքն` պիտի վստահ լիներ, որ դրանից հետո կարողանալու է վերցնել իշխանությունը։ Այլ կերպ ասած` պիտի վստահ լիներ, որ «վոժդին խփելուց հետո» բոլոր հանրապետականները վազելու են ՕՐՕ դաշինք կամ հավատարմության երդում են տալու Սամվել Բաբայանին, ժողովուրդն էլ ցնծությամբ է ընդունելու այդ եղանակով իրականացված իշխանափոխությունը։

Եթե սա իրատեսական «ծրագիր» է, ապա մի բանի մասին է վկայում. Հայաստանի անվտանգությունը, քաղաքական համակարգը, երկրի կոլեկտիվ ղեկավարումը եւ այլն ընդամենը դատարկ խոսքեր են։ Սերժ Սարգսյանն իրականում ստեղծել է միանձնյա ղեկավարման համակարգ, որտեղ «վոժդին խփելով» միանգամից հնարավոր է փոխել ամեն ինչ, որովհետեւ այդ համակարգը ենթադրում է, որ «վոժդը» պիտի իրեն շրջապատի կամազուրկ պնակալեզներով, որոնք պատրաստ են «մի գիշերում երկրապահ դառնալ», «անդամակցել ԵԱՏՄ-ին» կամ փոխել կրոնը։ Այնպես որ, եթե ԱԱԾ-ն իրավացի է, ապա Սերժ Սարգսյանն անվտանգության փոխարեն ստեղծել է ներքաղաքական կայունության տեսանկյունից հնարավոր ամենաախմախ համակարգը։

Հիմա քննարկենք երկրորդ տարբերակը։ Ենթադրենք` ԱԱԾ-ն այս գործը սարքել է, եւ Սամվել Բաբայանը դրա հետ կապ չունի։ Նման «օպերացիան», բնականաբար, չէր կարող իրականացվել առանց Սերժ Սարգսյանի գիտության։ Այսինքն` ստացվում է, որ Հայաստանի ԱԱԾ-ն, արտաքին լրջագույն մարտահրավերները թողած, պետության ղեկավարի հրահանգով զբաղվում է ներքաղաքական խնդիրներով եւ քաղաքական ընդդիմախոսների «գլխին սարքելով» կամ «ջեբը զենք քցելով»։ Իսկ եթե պետության հատուկ ծառայությունները, իրենց հիմնական գործը թողած, զբաղվում են ներքաղաքական խնդիրներով` արտաքին անվտանգության տեսանկյունից այդ պետությունը չափազանց խոցելի է։

Մի խոսքով` անկախ նրանից, թե որ տարբերակն է ճիշտ, երկու դեպքում էլ եզրակացությունը նույնն է` Սերժ Սարգսյանը պետական անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը ստորադասել է իր անձնական շահերին։ Հասկանալի է` «Դեպի ապահով Հայաստան» ու «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսներով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30