28.11.2012 18:29 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի խողովակից կախված

Գազի խնդիրը

Գազի խնդիրը

Բանից պարզվում է` հայ եւ ռուս մասնագետները խելք խելքի տված մտածում են, թե ոնց անեն, որ Հայաստանը, Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալով, այնուամենայնիվ անդամակցի մաքսային միությանը (դրա մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը)։ Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հետն էլ իրեն հատուկ հպանցիկ ոճով ավելացնելով, թե դրանից մի քանի տարի հետո արդեն միասնական տարադրամ կլինի, որովհետեւ ազգային արժույթ ունենալը կկորցնի իմաստը։

Տիգրան Սարգսյանին կարելի է հասկանալ։ Հիմա նա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանի ջերմ երկրպագուն է, ամեն առիթով հիշեցնում է, որ այնտեղ է կրթություն ստացել ու Չուբայսի, Միլլերի եւ էլի շատ հայտնի մարդկանց համակուրսեցին է եղել եւ այլն։ Ըստ երեւույթին մտավախություն ունի, թե Հայաստանի ներքաղաքական բանակցությունների արդյունքում իրեն պաշտոնանկ կանեն, եւ փորձում է ամեն ինչ անել, որ ռուսները դեմ լինեն դրան։ Կստացվի, թե ոչ` այլ հարց է, բայց փաստն այն է, որ այսօր հենց Տիգրան Սարգսյանն է դարձել Ռուսաստանի փաստաբանը գազը թանկացնելու հարցում, ու հենց նա է մեզ բացատրում, որ գազի թանկացումն անխուսափելի է, որովհետեւ միջազգային գներ կան, շուկա կա եւ այլն։ Իսկ գազն, ի դեպ, կարող է թանկանալ արդեն փետրվարից, գինն էլ կարող է հասնել 330 դոլարի, ինչը նշանակում է, որ հայ սպառողի համար հազար խորանարդ մետր գազը կարող է արժենալ ամենաքիչը 500 դոլար (200 հազար դրամ)։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում։ Սկսենք նրանից, որ «գազի խնդիրը» Հայաստանում ինչ-որ անհասկանալի խորհրդավորությամբ է պատված, եւ այնպիսի տպավորություն է, թե խոսքն ինչ-որ մաքսանենգ ապրանքի ստվերային շրջանառության մասին է։ Օրինակ` հայտնի չէ, թե Հայաստանն ինչ գնով է գազ գնում, ինչու է այդ գազը սպառողին հասնում կրկնակի թանկ, ինչու ենք գազի դիմաց անընդհատ ինչ-որ բաներ տալիս Ռուսաստանին, եթե սպառողները պարտաճանաչ վճարում են գազի համար, ինչու Իրանից գազ չենք գնում, եթե ավելի էժան է, որքան է գազի կալորիականությունը (միակ լաբորատորիան պատկանում է նույն «Հայռուսգազարդին»), եւ այդպես շարունակ։ Էլ չենք խոսում այն մասին, որ համառորեն շրջանառվող լուրերի համաձայն` ինչ-որ հանցավոր սխեմաներով նաեւ ղազախական «լեւի գազ» է մտնում Հայաստան (դրա համար էլ մաքսայինի տվյալները պաշտոնական վիճակագրության տվյալներին չեն համապատասխանում)։

Բայց այս հարցերը դեռ մի կողմ թողնենք։ Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանը գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ինչ վիճակում է հայտնվելու Հայաստանը գազի թանկացումից հետո։ Երեւի այնուամենայնիվ պատկերացնում է (վերջին հաշվով` Չուբայսի համակուրսեցին է եղել)։ Գազի թանկացման արդյունքում Հայաստանում թանկանալու է ամեն ինչ, եւ որեւէ բան արտադրելն ընդհանրապես անիմաստ է դառնալու։ Մարդիկ անգամ կոմունալ ծախսերը չեն կարողանալու վճարել, եւ բնականաբար` սկսվելու է արտագաղթի նոր ալիք։ Հիմա խնդիրն այն է, թե ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Ռուսաստանի առաջ ռեւերանսներ անելն ու «ռազմավարական դաշնակից» լինելու հանգամանքը մեջտեղ բերելն անիմաստ է։ Ռուսներն իրենց ապրանքը վաճառում են միջազգային գներով, չեք ուզում` մի գնեք։ Այնպես որ` մնում է երկու տարբերակ. կամ հրաժարվում ենք գազից եւ «աթար վառում» (ինչպես ամենայն լրջությամբ խորհուրդ էր տալիս մի նախկին պատգամավոր), կամ, որպեսզի կարողանանք վճարել միջազգային ստանդարտներով, դառնում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող երկիր։ Այլ կերպ ասած` պրոբլեմն այն չէ, որ ռուսները գազի գինը դարձնում են 330 դոլար, պրոբլեմն այն է, որ  Հայաստանում միջին աշխատավարձը 250 դոլար է։ Ուշադրություն դարձրեք` գազի միջազգային գների վրա Հայաստանի իշխանություններն ազդել չեն կարող, իսկ միջին աշխատավարձի վրա` կարող են։ Որեւէ մեկը դեմ չէ, որ Ռուսաստանից գազը գնենք 330 դոլարով, բայց` միայն մի պայմանով, որ միջին աշխատավարձը գոնե 500 դոլար լինի։

Մինչդեռ այս իշխանությունները «պրոբլեմը լուծելու» այլ ճանապարհ են գտել։ Սխեման պարզ է. գազը թանկանում է - արտագաղթի նոր ալիք է սկսվում- դրսից ավելի շատ տրանսֆերտներ են ուղարկվում- կարողանում ենք ավելի շատ վճարել Ռուսաստանին։ Այդպես ավելի հեշտ է։ Բա հո Հայաստանը նորմալ երկիր դարձնելու ճանապարհով չե՞ն գնալու։ Հայաստանը նորմալ երկիր լիներ` իրենք ի՞նչ գործ ունեին իշխանական համակարգում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30