07.06.2012 01:03 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ազգային երազ

Լոխոտրոնը լռում է, լոխերը խուճապի մեջ են

Այսօր ռուսական եւ ուկրաինական բոլոր լրատվամիջոցները ահազանգում են «ԷմԷմԷմ-2011» հայտնի ֆինանսական բուրգի սնանկացման մասին։

Հիշեցնենք, որ ինչպես այս, այնպես էլ նախկինում սնանկացած «ԷմԷմԷմ-94»-ի հիմնադիրը սկանդալային Սերգեյ Մավրոդին է, որը երկար տարիներ մեղադրվում էր խարդախության եւ ֆինանսական մախինացիաներ իրականացնելու բազմաթիվ «խաղերի» մեջ։ Սակայն սույն թվականի ապրիլին դատարանը «հնեցրեց» Մավրոդիի գործը, որի արդյունքում նա ազատ արձակվեց, թեեւ դատարան չներկայանալով եւ փաստացի «փախուստի» մեջ գտնվելով, նա երբեւէ իր կապը չէր կտրում հավատարիմ երկրպագուների հետ ինտերնետային, երբեմն ոչ նորմատիվ լեքսիկոնով, վիդեոուղերձների միջոցով։ Դա նույնպես չխանգարեց հայտնի խաբեբային ստեղծել փող լվալու հերթական խոշոր հաստոցը, որի անունը կնքվեց «ԷմԷմԷմ-2011»։

Հետաքրքրականն այն է, որ ինչպես իր անձնական, այնպես էլ բուրգի պաշտոնական կայքում միամիտ ավանդատուներին հեշտ փող «վաստակելու» նոր պայմաններն առաջարկելու գայթակղիչ առաջարկից անմիջապես հետո, ամենայն լրջությամբ հիշեցնում է, որ բուրգը «լոխոտրոն» է եւ զգուշացնում, որ ցանկացած պահին այն կարող է պարզապես փլուզվել։ Պարզ ասած, Մավրոդին նախօրոք շատ հստակ բացատրեց, որ օրերից մի օր հաստատ, կսնանկացնի հեշտ գումար վաստակասերներին, այս անգամ օրենքի սահմաններում ու թե հանկարծ մի բան, կոպիտ ասած` «չդզի», ապա նա հաստատ մեղավոր չէ։ Արդյունքում պարզվեց, որ մեկուկես տարվա ընթացքում «լոխերի» թիվը ողջ աշխարհում հասավ 35 միլիոնի, այդ  թվում նաեւ Հայաստանից։

Նորություն չէ, որ հայերս առավել թեթեւ եկող փողի սիրահար ենք։ Դեռեւս օրեր արաջ «ԷմԷմԷմ-2011»-ի երեւանյան գրասենյակի առջեւ հերթեր էին գոյանում, եւ գրասենյակն աշխատում էր մինչեւ կեսգիշեր, որպեսզի հասցներ սպասարկել բոլոր միամիտ թոշակառուներին, ուսանողներին, պարտքով գումար վերցրածներին եւ հարուստ հասարակության գործակատարներին։ Որքան մեծ էր գումարը, այդքան մեծ էր «կուշը», իհարկե կախված ներդրման ժամանակահատվածից։ Այն երջանիկները, որոնք հասցրեցին այս մեկ տարվա ընթացքում իրենց «չալաղաջ» կտորներն «աշխատել», ներդնում էին կրկին ու կրկին, «վաստակածն» էլ հետը։ Հայտնի են դեպքեր, երբ բանկերը պարզապես ի վիճակի չէին վճարել միանգամից այդքան մեծ գումարներ, քանզի դիվիդենտները գալիս էին դրսի փոխանցումներից։ Բնականաբար, խելացի «ժուլիկն» իր մուռն էր հանում աշխարհի բանկերից, սնանկացնելով իրենց միամիտ ժողովրդի օգնությամբ։

«ԷմԷմԷմ-2011»-ի երեւանյան գրասենյակի հեռախոսներն այսօր լռում են, ազգիս «միամիտ խավը» ներքին խուճապի մեջ է, լրատվամիջոցներն ահազանգում են, իսկ Մավրոդին այդ ընթացքում իր պաշտոնական կայքում խուճապի չմատնվելու կոչով հայտարարել է «»Հանգստության» ռեժիմ մինչ հունիսի 15-ը, չհավատալ ԶԼՄ-ների վարկաբեկող լուրերին եւ թափթփուկ չուզողներին։ Իսկ այժմ ուշադրություն` վաղվանից գործելու է «ԷմԷմԷմ-2012» նոր ֆինանսական բուրգը, որը գործելու է նույն  «սահմանադրությամբ» եւ նպաստելու է «կրախի» ենթարկված «ԷմԷմԷմ-2011»-ի վերածննդին։ Դե, ինչ, հարգելիներս, կրկին շտապեք հեշտ փողերի հետեւից, թե չէ կուշանաք «ԷմԷմԷմ-2012»-ից էլ, քանզի Մավրոդին այս անգամ էլ ոչ մի գարանտիա չի տալիս։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30