24.02.2017 10:14 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Միֆ եւ իրականություն

Քաղաքական դաշտի անժամանակ կորուստները

Քաղաքական դաշտի անժամանակ կորուստները

Սովորաբար նախընտրական ժամանակահատվածներում քաղաքական ասպարեզում նոր դեմքեր են հայտնվում, բայց ապրիլյան ընտրություններից առաջ Հայաստանում հակառակը տեղի ունեցավ` ահագին մարդ վերացավ քաղաքական ասպարեզից։ Ոչ ֆիզիկապես, իհարկե։ Այդ մարդիկ ֆիզիկապես էլի՛ կան, շարունակելու են խոսել, մի քանիսը նույնիսկ կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվել, բայց միեւնույն է` որպես քաղաքական գործիչներ այլեւս գոյություն չունեն։ Մոտավորապես Արտաշես Գեղամյանի նման։ Մարդը պատգամավոր է, տեղը տեղին ելույթներ է ունենում, բայց որպես քաղաքական գործիչ` չկա, գոյություն չունի։

Ամենամեծ կորուստն, իհարկե, «Ժառանգությունն» էր։ Որպես քաղաքական կուսակցություն այդ կառույցը փաստորեն վերացավ, իսկ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերացավ որպես քաղաքական գործիչ, որովհետեւ պարզվեց, որ հանուն մեկ-երկու մանդատի նրանք պատրաստ են համագործակցել անգամ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ։ Մի խոսքով` փուչիկը պայթեց։ Եվ այլեւս որեւէ նշանակություն չունի` այդ կուսակցության վերջին բեկորը (Արմեն Մարտիրոսյանը) կհայտնվի՞ խորհրդարանում, թե ոչ։ Իրենից բացի որեւէ մեկին դա արդեն չի հետաքրքրում։

Մոտավորապես նույն ճակատագրին արժանացավ նաեւ ՀՀՇ-ն։ Ու եթե անգամ Արարատ Զուրաբյանը Ծառուկյան դաշինքով մտնի խորհրդարան, միեւնույն է` այլեւս ոչ նա է ընկալվելու որպես քաղաքական գործիչ, ոչ էլ ՀՀՇ-ն` որպես քաղաքական ուժ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես ծանր կորուստներ ունեցավ, որովհետեւ մինչեւ վերջերս սկզբունքային ուժի համբավ ունեցող կառույցը հանկարծ գնաց ու դաշինք կազմեց Էդմոն Մարուքյանի նման մեկի հետ։ Քաղաքական ասպարեզից դուրս մնացին նաեւ այնպիսի մանր-մունր դեմքեր, ինչպիսիք են, ասենք, Պարույր Հայրիկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Դեմկուսի Արամը, Նուռ Արամը, Տիգրան Կարապետիչը եւ այլն։ Գործնականում սրանք, իհարկե, վաղուց էին դուրս մնացել, բայց այս անգամ կարծես թե վերջնականապես «հրամայեցին երկար ապրել»։

Իսկ ի՞նչ ստացավ քաղաքական դաշտն այս կորուստների փոխարեն։ Գործնականում` ոչինչ։ Օսկանյան-Օհանյան դաշինքն առայժմ քաղաքական ուժ չէ ու հազիվ թե այդպիսին դառնա։ Անշարժ գույքի գործակալների լեզվով ասած` դա անհասկանալի նախագծով ինչ-որ կիսակառույց է (որը ցանկացած պահի կարող է պարզապես փլվել)։ Իսկ ԲՀԿ-ի դեպքում` ցնդեց այն միֆը, թե գոյություն ունի հսկայական պոտենցիալով քաղաքական ուժ, որը ժամանակավորապես պասիվացել է, բայց հենց որ ակտիվացավ` իր շուրջն է համախմբելու համարյա բոլորին։ Վերադարձը տեղի ունեցավ, իսկ համախմբումը` ոչ, ու ստացվեց, որ «վիթխարի պոտենցիալը» միֆ էր։

Մի ուրիշ միֆ էլ ցնդեց։ Այն միֆը, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանը սեփական քաղաքական թիմ ունի, եւ այդ թիմը կարեւոր դերակատարում է ունենալու առաջիկա ընտրություններում։ ՀՀԿ-ն ցուցակները հրապարակեց, եւ պարզվեց, որ ոչ մի քաղաքական թիմ էլ չկա, իսկ Կարեն Կարապետյանն ու իր կադրերն ընդամենը վարձու աշխատողներ են։ Գործատուն էլ Սերժ Սարգսյանն է` իր «մոտիկներով» (խոսքը նրանց մասին է, ովքեր ընտրությունների ժամանակ կոնկրետ ձայներ են բերելու, օրինակ` Շմայսը, Սամվել Ալեքսանյանը, ՍԱՍ-ի Արտակը եւ այլն)։

Մի խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է համարյա այն նույն կազմը, որը մասնակցել է նախորդ երկու ընտրություններին։ Սերժ Սարգսյանը` համարյա նույն թիմով ու նույն մեթոդներով, ԲՀԿ-ն` բաժանված երկու մասի, ՀԱԿ-ը` բաժանված մի քանի մասի, ՕԵԿ-ը` նույն տրյուկներով, եւ Դաշնակցությունը` նույն «սկզբունքայնությամբ»։ Պայքարի «տրամաբանությունն» էլ է մոտավորապես նույնը լինելու։ Բոլորը ցույց են տալու, թե իբր ահավոր ընդդիմադիր են, ու միաժամանակ բոլորն իրականում պայքարելու են ՀԱԿ-ի դեմ, որպեսզի Սերժ Սարգսյանին ցույց տան, որ ամենալավն իրենք են անում այդ գործը, ու հենց միայն դրա համար արժե, որ իրենք լինեն հաջորդ խորհրդարանում։ Մեկ էլ տեսար` ստացվեց։

Արտաշես Գեղամյանի դեպքում, օրինակ, ստացվել է։ Ու հիմա շատերն են ուզում խորհրդարան մտնել նրա նվիրական ոտնահետքերով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30