Խնդիրն այս պարագայում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեպքերում, ոչ թե կանաչ տարածքի կամ հաստաբուն ծառերի պաշտպանությունն է, այլ այդ «շուխուրի» տակ ցուցադրել որոշ գրանտատու կազմակերպություններին, թե Հայաստանում լուրջ մարդիկ կան, որոնք կռիվ են տալիս բնության պահպանության համար, ուստի պետք է նրանց ֆինանսական միջոցներով ապահովել։ Իմիտացիոն բնապահպանական ակցիաների եւ բնության հաշվին փող աշխատող փայտոջիլների մասին դեռ առիթ կունենանք խոսելու, հիմա անցնենք բուն թեմային։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում Աննա Շահնազարյանը գրել էր, թե Սառա եւ Կառլեն Եսայաններն են հովանավորում «այդ այսպես կոչված թանգարանը»։ Գրել էր, թե Եսայանները Ղարաբաղի Մեծ Շեն գյուղից են, գյուղում բարեգործություններ են արել, նրանց տղաներից մեկը՝ Լազար Եսայանը, ատամնաբույժ է (ատամնաբուժական ֆակուլտետի դեկանն է եղել Բժշկական համալսարանում), հիմա էլ Նանսենի այգուն հարակից ատամնաբուժական կլինիկայի սեփականատերն է։ Այս ամենը գրվել էր նրա համար, որպեսզի վերջում ավելացվի, թե Եսայանների մյուս որդին` Արմեն Եսայանը, բարձրաստիճան պաշտոնյա է ՀՀ գլխավոր դատախազությունում։ «Տիկին Սառան ու իր ամուսինը այդ տարածքում սեփական տուն են կարողացել կերտել, բազմահարկերի բակում։ Մի 7-8 տարի առաջ՝ ոգեւորվելով նույն այգու ծայրին հսկա ռեստորանային համալիրի կառուցմամբ, փորձել են այգու տարածքում խանութ բացել, չեն կարողացել՝ բնակիչների ընդդիմանալու պատճառով։ ԴԵ ՀԻՄԱ ՏԵՍԵՔ, ԹԵ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ում գրանտներն ա ՈՒՏՈՒՄ», գրել է աղջիկը։
Երեկ մենք եղել ենք այդ տարածքում, գեթ մեկ կտրված ծառ, կանաչ տարածքի մեկ խորանարդ մետր անգամ վնասված կամ ոչնչացված չենք գտել։ Այգում իրենց ժամանցն անցկացնող բնակիչներն ասացին, թե այդ տարածքը, որը հատկացվել է թանգարանին, այգու հիմնադրման օրվանից այդպես բետոնապատ վիճակում է եղել։ Անգամ նոր բետոնապատման աշխատանքներ նշված տարածքում չեն իրականացվել։ Ընդհանրապես տխուր վիճակագրություն է, բայց փաստ, բոլոր այն դեպքերում, երբ առանձին բնապահպաններ «Sos» են հնչեցնում որոշ տարածքների մասով, տեղում արձանագրում ես, որ «նախաձեռնության հեղինակը», մեղմ ասած, զոռ է տվել երեւակայությանը։ Եվ ճիշտ հակառակը, երբ բնակիչներն են ահազանգել, դեպքի վայր մեկնած լրագրողն անպայման աղաղակող մի ապօրինություն ֆիքսել է։ Սրանից էլ հետեւություն` բնակիչը պայքարում է իր «փայ» կանաչ տարածության համար, իսկ որոշ բնապահպաններ` իրենց «փայ» գրանտի համար։ Սա հենց այդպիսի դեպքերից է. ինչո՞ւ` որովհետեւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չես կարող հասկանալ, թե ի՞նչն է ստիպել մեկ բնապահպանի պայքար սկսել մի բանի համար, որը չկա, եւ մի բանի դեմ, որի գոյությունը միայն ինչ-որ նոր երանգ է հաղորդում մերօրյա գորշությանը։
Նանսենի անվան թանգարանը կառուցվելու է մի տարածքում, որը 10 տարուց ավել է բետոնապատված է։ Իսկ խոսքը ընդամնեը 52 քառակուսի մետրի մասին է։ Սա էլ սիմվոլիկ ընտրություն է։ Նանսենյան անձնագրերով 320 հազար հայ է փրկվել Ցեղասպանության ժամանակ, եւ նրանք հաստատվել են աշխարհի 52 երկրներում` հիմնադրելով հայկական սփյուռքը։ Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որն հայտնեց, թե թանգարանը կառուցվում է այն հատվածում, որտեղ նախատեսված էր տեղադրել Նանսենի արձանը։ «Դեռեւս անցյալ տարի կառավարական հանձնաժողով կար փոխվարչապետի գլխավորությամբ եւ նշվում էր Նանսենի 150 ամյակը, որի ավարտին` հոկտեմբերի 15-ին, բացվեց Նանսենի արձանը։ Միջոցառումներին մասնակցում էին նորվեգացիներ` իրենց արտգործնախարարի եւ Նանսենի թոռնուհու մասնակցությամբ։ Ծրագրով որոշված էր, որ Երեւանում ունենալու ենք Նանսենի թանգարան, եւ քաղաքապետարանը 2012 թվականի մարտի 22-ին քաղաքաշինության խորհրդի քննարկմամբ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Նանսենի փողոցում եւ Նանսենի անվան զբոսայգում, որը հիմնադրվել է 10 տարի առաջ, որոշեցին ստեղծել թանգարանը։ Ընդամենը 52 քառակուսի մետր տարածք է, որտեղ պետք է ցուցադրվեն Նանսենին վերաբերվող նյութեր։ 2004 թվականի հունիսին մենք Ստրասբուրգում` Եվրոխորհրդարանի շենքում, բացեցինք մեծ ցուցահանդես, եւ այդ նյութերը կլինեն այստեղ ցուցադրված, ինչպես նաեւ մեր հրապարակած շուրջ 40 գրքերն ու աշխատությունները։ Ես վստահեցնում եմ, որ բետոնապատ այդ տարածքում խանութ կամ ռեստորան չի բացվելու։ Կանաչ ծառեր չեն վերացվելու։ Էդ մարդն էդքան հայ է փրկել եւ արժանի է թանգարան ունենալուն», «ՉԻ»-ին ասաց Ֆելիքս Բախչինյանը։
«Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում մեծ մարդասերի անվան թանգարանի շինարարության առիթով տարաբնույթ մեկնաբանությունների առիթով հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռ անցյալ տարի նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը։ 2012թ. մարտի 22-ին Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի անվան փողոցին հարակից՝ համանուն զբոսայգում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի էսքիզային առաջարկը։ Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ եւ թանգարան կառուցելու վերաբերյալ կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները։ Ավելին, ճարտարապետների գնահատմամբ՝ թանգարանը հետաքրքրություն եւ մշակութային աշխուժություն կմտցնի այգում։ Թանգարանի պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը։ Թանգարանը կառուցվում է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների հովանավորությամբ` ոչ կանաչ տարածքի հաշվին, գոյություն ունեցող բետոնապատ հարթակի վրա։ Ավելացնենք, որ թանգարանը հանդիսանում է Երեւան քաղաքի սեփականությունը եւ կգործի որպես Երեւանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ», այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետարանը։
Հ.Գ. Ի դեպ` այդ այգում ռեստորան է կառուցել Պարգեւ Օհանյանի եղբայրը` Մուշեղ Օհանյանը։ Գործարար եղբայրներ կան, որոնք այգու վերջնամասում սուպերմարկետ են հիմնադրել։ Այգին նրանցից պաշտպանողներ չեն գտնվել։ Տեսնես` ինչո՞ւ։