05.02.2015 16:17 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստվերների թագավորությունում

«Յոլա գնալու» այլընտրանքը

«Յոլա գնալու» այլընտրանքը

Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում մարդիկ ծնվում են, որպեսզի ուտեն Սամվել Ալեքսանյանի ներկրած սննդամթերքը, վճարեն կոմունալ ծախսերը, հեռախոսով իրար հետ «գյալաջի անեն», ծխեն ու մեռնեն։ Համենայն դեպս առաջին տասը խոշոր հարկատուների ցանկն այդ մասին է վկայում։

Առաջին տասնյակում են «Գազպրոմ-Արմենիան» ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (կոմունալ ծախսերի «մոմենտով»), բջջային կապի ծառայություններ մատուցող երկու ընկերություն, բենզին ներկրող երկու ընկերություն, ծխախոտի ներկրմամբ ու արտադրությամբ զբաղվող երկու ընկերություն, մեկ էլ Սամվել Ալքսանյանի «Ալեքս Գրիգը»։ Առաջին տասնյակի միակ ընկերությունը, որն ինչ-որ բան է արտահանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, այն էլ` նախորդ տարիների համեմատ կտրուկ նահանջել է եւ ընդամենը չորրորդն է։

 Ուշադրություն դարձրեք` բոլոր այս ընկերությունները «նստած են» ներմուծման վրա։ Մեկը գազ է ներկրում, մյուսն այդ ներկրած գազով հոսանք է արտադրում, երրորդը սննդամթերք է ներկրում, մյուսները` բենզին, ծխախոտ եւ այլն, այսինքն` այդ ընկերությունները Հայաստանում հսկայական գումարներ են վաստակում եւ այդ գումարների կեսից ավելին դուրս բերում երկրից` հումքի դիմաց։ Դրա համար էլ տնտեսության վիճակն այսպիսին է։ Եվ այս իրավիճակում քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են ընթանում, թե ինչպես հարկել փոքր ու միջին բիզնեսը, «ձուկը որ մասից պիտի բռնել» եւ այլն։ Ու բոլորի դեմքերին նույն մտահոգ արտահայտությունն է։ Բա իհարկե, չէ՞ որ ստվերի դեմ են պայքարում։ Ափսոս` տեղը չգիտեն։

Փնտրել պետք չէ, Հայաստանում ստվերն ամենուր է։ Այսինքն` այնպես չէ, որ միայն խոշոր բիզնեսն է ստվերում։ Բոլորն էլ թաքցնում են իրական շրջանառությունը, աշխատակիցներին ցածր աշխատավարձեր են գրում ու ծրարով են վճարում եւ այլն, մի խոսքով` ով ինչպես կարողանում է։ Ընդ որում` լավ օրից չէ, որ այդպես են անում։ Պարզապես Հայաստանում քաղաքակիրթ բիզնես չկա, կան մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ «յոլա են գնում»։ Գազը թանկանում է` տաքսիների հաշվիչները «բզբզում են» (իբր` չեն թանկացրել, էլի նույն 100 դրամն է), ալյուրը թանկանում է` հացի մեջ ավելի շատ օդ են սրսկում կամ թթվասերին ավելի շատ ջուր խառնում, ավելի շատ են խաբում քաշի մեջ, «բրենդային» խանութները սկսում են եվրոպական հագուստի փոխարեն Վիետնամում կամ Պակիստանում արտադրվածը վաճառել, մի խոսքով` իրար խաբելով մի կերպ «յոլա են գնում»։ Մի երկրում, որտեղ երիտասարդների 22 տոկոսը գործազուրկ է, իսկ բնակչության 50 տոկոսը` աղքատ, այլ կերպ չի էլ կարող լինել։ Եվ ահա այս իրավիճակում իշխանությունները որոշում են, որ «յոլա գնալը» քիչ է, «յոլա գնացողները» պիտի այսուհետ գործեն բացառապես օրենքի շրջանակներում, ընդ որում` օրենքները մոտավորապես այնպիսին են, ինչպիսին Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում։

Հիմա պատկերացնենք, որ այս պահանջը կատարվում է. խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից, փաստաթղթերով ապահովում «փոքրերին» եւ այդպիսով նրանց նույնպես դուրս բերում ստվերից։ Ենթադրենք` փոքր խանութի սեփականատերը գնում է ինչ-որ անհայտ օլիգարխից «բիրիքով» ձեթ ու շաքարավազ գնելու, սա էլ տեղը տեղին տալիս է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հասկանալի է, չէ՞, որ եթե շաքարավազն առանց փաստաթղթերի տալիս էր, ասենք, 350-ով, փաստաթղթերով արդեն 400-ով կտա։ Իսկ խանութպանը ճար չունի, պիտի անպայման վերցնի (ուրիշ տեղից վերցնել չի կարող) եւ վաճառի շատ ավելի թանկ, որովհետեւ նորմալ ապրանքաշրջանառություն է ցույց տալու եւ ստիպված է լինելու ավելի շատ հարկեր վճարել։ Արդյունքում` ամեն ինչ կտրուկ թանկանալու է ե՛ւ մեծածախ շուկայում, ե՛ւ մանրածախ։ Հասկանո՞ւմ եք խնդիրը որն է. եթե օլիգարխի ամսական եկամուտն, ասենք, 100 միլիոն դոլարից իջնի 50 միլիոնի, նա մի կերպ կդիմանա (ընդամենը մի քիչ կնիհարի), իսկ եթե խանութպանի եկամուտը 200 հազար դրամից իջնի 100 հազարի, նա պարզապես ստիպված կլինի փակել խանութն ու արտագաղթել։ Արդյունքում, այո, կունենանք եվրոպական տիպի տնտեսություն ու կդառնանք եվրոպական երկիր։ Մոտավորապես Էստոնիայի նման. պարտաճանաչ հարկատուներով եւ մեկ միլիոն բնակչությամբ։ Չէ՞ որ այլեւս հնարավոր չի լինի հայավարի «յոլա գնալ» ու իրար խաբելով մի կերպ գոյատեւել։ Սա, կրկնում ենք, այն դեպքում, եթե պատահաբար հաջողվի բիզնեսը դուրս բերել ստվերից։

Մեծ հաշվով` հարցը հենց այսպես էլ դրված է, դրա համար էլ փոքր ու միջին ձեռնարկատերերն իրենց պահանջը ձեւակերպում են շատ հստակ` «թողեք յոլա գնանք»։ Իսկ իշխանությունները երկիրը հասցրել են այն վիճակին, որ պետությունն ինքը կարող է «յոլա գնալ» բացառապես մի կերպ «յոլա գնացող» քաղաքացիների հաշվին։ Ու ելքը ոչ մի կերպ չի երեւում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30