13.05.2015 18:40 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դուք աշխատեք, մենք թռնենք

Միայն կոչերով խնդիրները չեն լուծվի

Միայն կոչերով խնդիրները չեն լուծվի

Երեկ սփյուռքահայությանն «էստի համեցեք» կանչողների ցուցակը համալրվել է։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանն «արտասահմանի մեր հայրենակիցներին» կոչ է արել գալ եւ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում։ «Մենք չենք ասում` եկեք օգնեք մեզ, մենք ասում ենք` եկեք, ձեր բիզնեսը կազմակերպեք», ասել է նա։ Գաղափարն, իհարկե, լավն է։ Բայց անմիջապես էլ հարց է առաջանում` «իսկ դուք ինչո՞ւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ չեք անում»։ Խոսքն, իհարկե, գյուղնախարարի մասին չէ. նա «կակռազ» լավ էլ ներդրումներ է անում այդ ոլորտում։ Խոսքն ընդհանրապես ՀՀ լեգալ եւ ոչ լեգալ մուլտիմիլիոնատերերի մասին է։ Ինչո՞ւ են նրանք գերադասում իրենց միլիոններն արտասահմանում ներդնել։

Այս հարցին նույն օրը նույն հարթակից պատասխանել է սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը` «ժողովուրդը մտահոգություն ունի ապագա պատերազմի համար, պետք է նրանց վստահություն տանք»։ Հովնանյանն, իհարկե, նաեւ խարդախությունների ու մեծ խնդիրների մասին է խոսել, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ո՞րն է բուն պրոբլեմը։

Բանն այն է, որ գյուղատնտեսությունը ներդրված գումարները վերադարձնելու ժամկետների առումով ամենապրոբլեմայինն է` այդ ոլորտում ներդրված գումարները կարելի է «հանել» առնվազն 10-15 տարի հետո միայն։ Իսկ ահա մայթերի մոտ կարմիր գծեր քաշելով կամ խաչմերուկներում տեսախցիկներ տեղադրելով կարելի է ներդրված գումարները մի երկու շաբաթում վերադարձնել։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն, ահա, վաղուց մեջ-մեջ են արել բոլոր այն ոլորտները, որտեղ կարելի է շատ արագ ետ բերել գումարը, եւ մնացել են միայն այն ոլորտները, որոնց նկատմամբ կիրառելի է «էշ, մի սատկի` գարուն կգա» արտահայտությունը։ Համաձայնվեք` եթե պիտի մի քանի միլիոն դոլար ներդնես Հայաստանում եւ արդյունք ակնկալես միայն 10-15 տարի հետո, «ապագա պատերազմի համար մտահոգությունը» շատ կարեւոր գործոն է, իսկ եթե պիտի մայթերի կողքին մի երկու կարմիր գիծ քաշես ու հաջորդ չորեքշաբթի «ներդրումները» ետ բերես` պատերազմի համար մտահոգվելու կարիք չկա։

Ինչ վերաբերում է կոնկրետ գյուղատնտեսությանը, ապա այստեղ շատ ուրիշ պրոբլեմներ էլ կան։ Նախ` գյուղատնտեսության համար աշխատող ձեռքեր են պետք, իսկ Հայաստանի գյուղերը դատարկվում են։ Ո՞վ պիտի աշխատի, եթե մարդիկ չկան։ Երկրորդ` Հայաստանում սպառողների համար գազը տարածաշրջանում ամենաթանկն է (մեր ջերմ ողջույնները ջերմոցատերերին), էլեկտրաէներգիան ամենաթանկն է, դիզվառելիքն ամենաթանկն է։ Ավելին` սակագները բացարձակապես անկանխատեսելի են, եւ ոչ մի երաշխիք չկա, որ այդ օտարերկրյա ընկերությունների սեփականատերերը մի օր չեն արթնանա վատ տրամադրությամբ ու չեն որոշի սակագները բարձրացնել, ասենք, 30 կամ 60 տոկոսով (նայած տրամադրության)։ Նման պայմաններում որեւէ մեկը երկարաժամկետ ներդրումներ չի անի։ Իշխանությունների «երաշխիքներն» էլ այլեւս որեւէ մեկը լուրջ չի ընդունում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, թե գազի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են, եւ ուղիղ երկու ամիս հետո գազը կտրուկ թանկացավ։ Երրորդ` արտահանման շուկաներ չկան։ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները փակ են, դեպի Իրան գյուղմթերքներ արտահանելը, մեղմ ասած, շատ փայլուն գաղափար չէ, Ռուսաստան էլ ինչ-որ բան կարելի է արտահանել, եթե հաջողվի վրացիների հետ լեզու գտնել, եթե Լարսի ճանապարհը բաց լինի, եթե ռուբլու փոխարժեքը նորմալ լինի եւ այլն։ Մի խոսքով` ռիսկերը շատ են։

Պարզ ասած` իշխանությունները սփյուռքահայերին գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու հորդորից առաջ պիտի փորձեն այս պրոբլեմները լուծել։ Բայց նրանք հակառակն են անում` նպաստում են արտագաղթին (որպեսզի երկրում չմնան ու հեղափոխություն չանեն), աչքի լույսի պես պահպանում են էներգակիրների ներկրման ոլորտի մենաշնորհները, թույլ են տալիս օրումեջ թանկացնել գազն ու էլեկտրաէներգիան եւ այլն։ Դրա համար էլ սփյուռքահայերին են կոչ անում ներդրումներ իրականացնել։ Այդ պրոբլեմները լուծված լինեին` իրե՛նք կանեին, ինչո՞ւ էին «մուննաթի տակ ընկնում»։

Այնպես որ, պրոբլեմները շատ ավելի լուրջ են եւ միայն կոչերով չեն լուծվի` որքան էլ դրանք տեղին ու տրամաբանական լինեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30