Արդյունքում` նա աշխատանքի է ներկայացել հունվարի 11-ին` ներկայացնելով հիվանդության մասին տեղեկանք։ Սա չի բավարարել ԱԺ ղեկավարությանը, եւ Նիկոյանն առաջարկել է ազատման դիմում գրել։ Պողոսյանը 20 տարվա պետական ծառայող է. վերջինս դիմում չի գրել, ավելին` հայտարարել էր, որ խորհրդակցում է իրավաբանների հետ դատարան դիմելու եւ այնտեղ վիճարկելու ԱԺ նախագահի որոշումը։
Այս ամենը, բնականաբար, իր արձագանքն է գտել լրագրողական շրջանակներում. ավելին` Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ առավոտվանից սկսվել է ստորագրահավաք, որին միացել են բազմաթիվ լրագրողներ։ Լրագրող Արման Գալոյանն երեկ իր էջում հայտարարություն է տեղադրել, որի շուրջ էլ ընթացել են զարգացումները։ Սամվել Նիկոյանին հասցեագրված հայտարարության մեջ ասված է. «Աշխատանքից ազատելու վերաբերյալ 30.01.2012թ. Ձեր կարգադրությունը մեծ վրդովմունք է առաջացրել լրագրողներիս մոտ։ 2011թ. դեկտեմբերի 6-ի Ձեր նախընտրական ելույթում հայտարարել էիք հետեւյալը. «Անկախության 20 տարիների ընթացքում օրենսդիր մարմնում ձեւավորվել են օրինակելի ավանդույթներ, որոնց պահպանման եւ զարգացման նախանձախնդիր պաշտպանը կդառնամ ընտրվելու պարագայում»։ Այսօր, սակայն, ցավով պետք է արձանագրենք հակառակը։ Գոհար Պողոսյանն ավելի քան 20 տարի աշխատել է խորհրդարանում։ Իր պաշտոնավարման ընթացքում Գոհար Պողոսյանը մշտապես աչքի է ընկել իր բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ բարձր ունակություններով, հայրենիքին, պետությանը իր նվիրվածությամբ։ Զբաղեցնելով խորհրդարանի` հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը, նա հավասարապես, առանց խտրականություն դնելու շփվել է լրագրողներիս հետ` անկախ մեր քաղաքական հայացքներից ու ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից։ Եվ իր անաչառ աշխատաոճի արդյունքում Պողոսյանը վայելում է լրագրողներիս սերն ու հարգանքը։ Գոհար Պողոսյանի նկատմամբ կատարվածը մենք համարում ենք անթույլատրելի։ Եթե անգամ նրա կողմից կատարվել է ինչ-որ ակամա սխալ, ապա աշխատանքից հեռացնելը, այսինքն` օրենքով նախատեսված պատժի ամենախիստ ձեւը անհամաչափ է։ Եվ կոչ ենք անում Ձեզ անհապաղ վերանայել ու չեղյալ հայտարարել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատելու կարգադրությունը»։
Ներկայացնենք նաեւ ԱԺ ղեկավարության տեսակետը։ Երեկ մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից։ Արդյունքում պարզվեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ծառայողական քննություն վարող հանձնաժողովը, որը պարզել է հետեւյալը.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն աշխատանքի չի ներկայացել 2012թ. հունվարի 9-ին, 10-ին եւ 11-ին, սակայն աշխատանքից բացակայելու մասին նա սահմանված կարգով նախապես չի տեղեկացրել իր ղեկավարներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահին կամ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գ. Մխեյանին եւ չի ստացել նրանց թույլտվությունը աշխատանքից բացակայելու համար։ Այդ ընթացքում նա գտնվել է արտերկրում, բայց այդ օրերի համար ԱԺ աշխատակազմ է ներկայացրել հայաստանյան բուժհաստատության կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկ։
Գ. Պողոսյանի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջները խախտելու հանգամանքը պարզելու եւ եզրակացություն ներկայացնելու նպատակով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ս.թ. հունվարի 20-27-ը անցկացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Գ. Պողոսյանի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ստացած անաշխատունակության թերթիկն այն տրամադրող բուժհաստատության կողմից ճանաչվել է անվավեր, իսկ տրամադրող բժշկին հայտարարվել է խիստ նկատողություն։
Ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը, հիմք ընդունելով ծառայողական քննության նյութերը, պարզել է, որ Գ. Պողոսյանը ՀՀ օրենսդրության խախտմամբ է ստացել անաշխատունակության թերթիկը, ինչպես նաեւ չի տեղեկացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին կամ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գ. Մխեյանին եւ չի ստացել նրանց թույլտվությունը աշխատանքից բացակայելու համար։ Ուստի 2012թ. հունվարի 9-11-ը ներառյալ Գ. Պողոսյանի` աշխատանքից բացակայությունները չեն կարող համարվել հարգելի։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ եւ հաշվի առնելով ծառայողական քննություն վարող հանձնաժողովի եզրակացությունը` ՀՀ Ազգային ժողովի նախագահը 2012 թվականի հունվարի 30-ի կարգադրությամբ Գ. Պողոսյանի նկատմամբ կիրառել է օրենքով նախատեսված կարգապահական տույժ` Գ. Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։
Ծառայողական քննություն վարող հանձնաժողովի անդամները հինգն են` երեքը իրավաբաններ են, երկուսը` ԱԺ վարչական աշխատակիցներ։
Գոհար Պողոսյանին երեկ «ՉԻ»-ն հարց ուղղեց, թե ինքը տեղյա՞կ է, որ ծառայողական քննություն է անցկացվել։ «Այո», եղավ պատասխանը։ Ինչպե՞ս կբացատրեք այս ամենը. եղավ մեր հաջորդ հարցադրումը։ «Ես կարծում եմ թյուրիմացություն է տեղի ունեցել, իսկ եթե այդպես չէ, ուրեմն, տարբերակված մոտեցում է։ Ես իմ իրավաբանների հետ կխորհրդակցեմ եւ իմ առաջիկա քայլերի մասին կհայտարարեմ», ընդգծեց Գոհար Պողոսյանը։