21.04.2017 07:42 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասել, բայց անել ճիշտ հակառակը

Գաղջության ռազմահայրենասիրական շղարշը

Գաղջության ռազմահայրենասիրական շղարշը

Երեկ Երեւանում տեղի է ունեցել «Ազգ-բանակ-2017» համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը։ Նման ռազմահայրենասիրական հավաքույթների ժամանակ, բնականաբար, պաթետիկ ու ճոռոմ ելույթների պակաս չի զգացվում, բայց այս մեկը, պետք է խոստովանել, գերազանցեց բոլոր սպասելիքները։ Գերազանցեց ոչ թե այն իմաստով, որ պաթոսի դոզան էր չափազանց բարձր, այլ որովհետեւ բացարձակապես կտրված էր իրականությունից։

Դատեցեք ինքներդ։ Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքն այն էր, որ երկրի ամենալավ պաշտպանը նա է, ով հայրենիքի համար պատասխանատվություն ունի, իսկ «պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը, եթե անգամ չունի` վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է»։ Իսկապես գեղեցիկ է հնչում։ Իսկ հիմա տեսնենք իրականությունը։ Երեւանում «գոնե իր սեփական անկյունը» (երկու սենյականոց ստանդարտ բնակարանը) արժե միջինը 40-45 հազար դոլար, իսկ միջին աշխատավարձը, հարկերը հանած, մոտ 300 դոլար է։ Հիմա հաշվենք։ Ինստիտուտն ավարտած եւ ազնիվ աշխատանքով միջին աշխատավարձ ստացող երիտասարդը եթե 25 տարեկանում ամուսնանա եւ որոշի «գոնե իր սեփական անկյունը» ունենալ, ընտանիքի նվազագույն կարիքները հոգալով` կարող է մի կերպ խնայել լավագույն դեպքում ամսական 50 հազար դրամ, այսինքն` եթե միայն ցամաք հացով սնվի, «իր անկյունը» կունենա 57 տարեկանում։ Իսկ հիպոթեկային վարկ չի կարող վերցնել, որովհետեւ անգամ ամենաարտոնյալ պայմանների դեպքում չի կարողանա վարկը մարել։ Ուրիշ բան, եթե բիզնեսով զբաղվի կամ պետական պաշտոն զբաղեցնի ու բյուջեից փող «կճմտելու» հնարավորություն ունենա։ Այդ դեպքում մեկի փոխարեն մի քանի «գոնե իր անկյուն» կունենա։ Բայց համաձայնվեք` այդ խավը հազիվ թե հավակնի «երկրի լավագույն պաշտպան» տիտղոսին։

Բայց սեփական անկյուն ունենալու համար ուրիշ ձեւ էլ կա։ Նույն ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մինչեւ 2019թ. ավարտը լուծվելու է զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը։ Այսինքն` «գոնե սեփական անկյուն» ունենալու համար պարտադիր չէ բարձրաստիճան պաշտոնյայի զավակ լինելը, կարելի է նաեւ զոհվել կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալ։

Սերժ Սարգսյանն իր ելույթում կարեւորեց նաեւ հայրենասիրական դաստիարակությունը։ «Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը, արժանապատիվ քաղաքացի եւ հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարեւոր դերակատարում է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին», ասաց նա։ Իյա, իրո՞ք։ Մենք էլ մտածում էինք` տեսնես ինչո՞ւ են դպրոցի տնօրենները ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների միջոցով ցուցակներ կազմում ու ուղարկում ՀՀԿ տարածքային կառույցներ։ Փաստորեն դա անում էին արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու նպատակով։ Բա իհարկե, եթե խեղճուկրակ քաղաքացիներին ճնշելով, վախեցնելով կամ 10 հազար դրամով ստիպում են ձայն տալ իշխող ուժին, նա անպայման արժանապատիվ քաղաքացի ու հասարակության պատասխանատու անդամ է դառնում։ ՀՀԿ անդամ Արտակ Սարգսյանն էլ երեւի «ՍԱՍ գրուպ» ընկերության հայտնի ժողովը կազմակերպել էր մարդկանց արժանապատվության զգացումը բարձրացնելու համար։

Սերժ Սարգսյանի ելույթում ուրիշ գեղեցիկ բառեր էլ կային։ «Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է։ Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը, մենք պետք է սիրենք, գուրգուրենք այդ միավորը», ասաց նա։ Բա իհարկե, այ այդպես սիրելով ու գուրգուրելով էլ վերջերս ինչ-որ մեկը համայնքները խոշորացնելու որոշում ընդունեց, ու երբ դժգոհեցին, որ դրա արդյունքում բազմաթիվ լեռնային գյուղեր կվերանան, ասաց` հա, դե ոչինչ, թող ժամանակավորապես քոչեն ավելի մեծ գյուղերը, հետո երկրի վիճակը լավանա` կվերադառնան։ Պատահաբար չե՞ք հիշում, թե ով էր։ Նույն Սերժ Սարգսյանն էր։

Մի խոսքով` կարեւորը գեղեցիկ ելույթներ ունենալը չէ։ Բանասիրականի ցանկացած ուսանող կարող է այդպիսի ելույթներ գրել ու համեմատաբար սահուն ընթերցել։ Անգամ` երեկոյան բաժնից։ Կարեւորն այն է, որ այդ ելույթների տակ նաեւ բովանդակություն լինի։ Եվ ոչ թե` ասվի մի բան, իսկ գործնականում արվի ճիշտ հակառակը։

Չնայած` կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում հասարակությունը դրան վաղուց է սովորել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30