Օրինակ, երբ «Ժառանգության» պատգամավորները խորհրդարանում սուր ելույթներ են ունենում, նրանք գիտեն, որ այդ ելույթներով հարց չի լուծվելու, բայց նպատակ ունեն շահելու ժողովրդի համակրանքը, որպեսզի հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանան, կամ երբ դաշնակցականները պահանջում են առաջիկա չորեքշաբթի գրավել Արդահանը, նրանց նպատակը շատ հստակ է` իրենց համար հերոսական իմիջ ստեղծել եւ այդ ճանապարհով հայտնվել խորհրդարանում (եթե հաջողվի` նաեւ գործադիր իշխանությունում)։ Սրա մեջ, ի դեպ, ոչ մի վատ բան չկա. նորմալ քաղաքական գործընթաց է։
Իշխանությունների գործողությունները նույնպես խիստ տրամաբանված են։ Օրինակ` հարկային այնպիսի փոփոխություններ են անում, որ բյուջեն լցվի, բայց օլիգարխները չտուժեն, խրախուսում են արտագաղթը, որպեսզի հեղափոխություն չլինի, Կոնգրեսի հանրահավաքների օրերին ճանապարհները փակում են, որպեսզի մարդիկ մարզերից Երեւան չգան եւ այլն։ Ոչ մի բան հենց այնպես չի արվում։ Բայց լինում են քայլեր, որոնց տրամաբանությունը հասկանալի չէ։ Օրինակ` ինչո՞ւ Սյունիքի մարզպետը պաշտոնանկ չի արվում։
Իրավիճակը կարծես թե հասկանալի է։ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ընտրությունների եւ շատ լավ հասկանում է, որ այդ ընտրություններն իր համար չափազանց ծանր են լինելու։ Նա հասկանում է նաեւ, որ Սյունիքի մարզպետի արարքը շատ ծանր հարված էր ՀՀԿ-ի եւ անձամբ իր վարկանիշին, եւ, կարելի է չկասկածել, խիստ բարկացել է Սուրեն Խաչատրյանի վրա։ Ուրեմն ինչո՞ւ է անպատիժ թողնում այդ արարքը։ Պաշտոնական բացատրությունը, թե իբր սպասում են նախաքննության ավարտին, գրոշի արժեք չունի։ Ինչ է, Սերժ Սարգսյանը նախաքննության մարմնի՞ց պիտի իմանա, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Կամ եթե նույնիսկ նախաքննության մարմինը «հանցակազմ չգտնի», դա ի՞նչ նշանակություն ունի ընտրությունների նախապատրաստվող Սերժ Սարգսյանի համար, եթե նա գիտի, որ Սյունիքի մարզպետին պաշտոնանկ անելը կբարձրացնի իր վարկանիշը։
Ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը բավականին լավ է հաշվում (շախմատի շնորհիվ է, թե այլ «ինտելեկտուալ» խաղերի` դժվար է ասել), եւ նրա հաշվարկն ամենայն հավանականությամբ, մոտավորապես այսպիսին է եղել. «Սյունիքի մարզում մոտ 150 հազար ընտրող կա, նրանցից մոտ 100 հազարը կմասնակցի ընտրություններին, բայց եթե ամեն ինչ թողնենք ինքնահոսի` հազիվ 10 հազար ձայն ստանանք, իսկ Լիսկան, ոնց էլ լինի, ջարդելով-վախեցնելով-նկարելով մի 60 հազար ձայն կապահովի, այսինքն` եթե նրան հանում եմ, նաղդ մի 50 հազար ձայն եմ կորցնում։ Փոխարենը ի՞նչ եմ ստանում։ Հայաստանով մեկ ռեյտինգս մի քիչ բարձրանում է, բայց ձայներս շատ-շատ մի 10 հազարով ավելանան։ Բա էլ ինչո՞ւ պիտի նաղդը թողած` նիսիայի հետեւից ընկնեմ»։ Սա, ի դեպ, միակ հնարավոր բացատրությունն է, այլ տարբերակ չկա։ Եթե մեկի ուշքն ու միտքն առաջիկա ընտրություններն են, ու նա գիտի, որ կոնկրետ քայլով կարող է իր վարկանիշը բարձրացնել, բայց չի դիմում այդ քայլին, նշանակում է` ձայներ ստանալու առումով այդպես ավելի ձեռնտու է։ Ընդ որում` տվյալ դեպքում Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը երկրորդական խնդիր է։ Շատ ավելի կարեւոր է այն, որ իր այս պահվածքով Սերժ Սարգսյանը բացահայտում է, թե իրականում ինչպես է պատրաստվում «նախադեպը չունեցող ազատ-արդար ընտրություններ» անցկացնել։ Նա փաստորեն մտադիր է «տեղերում» հենվել ոչ թե իր ընտրողների, այլ մանր-մունր ֆեոդալների ու նրանց ստեղծած «մեխանիզմների» վրա։ Թե ինչու` նույնպես հասկանալի է. ՀՀԿ-ն «կամավոր ընտրազանգված» չունի, ու դժվար է պատկերացնել, որ նորմալ ընտրությունների դեպքում որեւէ մեկը կգնա ու ինքնակամ իր ձայնը կտա ՀՀԿ-ին։
Ի դեպ, այսքանից հետո անիմաստ է դառնում այն հարցադրումը, թե հասարակությունը հավատո՞ւմ է, որ իշխանությունները նորմալ ընտրություններ կանցկացնեն։ Հավատալ-չհավատալու խնդիր չկա. կան կոնկրետ փաստեր, կատարվում են կոնկրետ քայլեր, եւ այդ քայլերի վերլուծությունը հանգեցնում է կոնկրետ եզրակացության։ Հավատալ-չհավատալը թղթախաղի ոլորտից է, իսկ հասարակությունը կարեւորագույն հարցերում հազիվ թե թղթախաղով զբաղվելու ցանկություն ունենա։ Մանավանդ` Սերժ Սարգսյանի հետ։