Շենգենյան հարցով բանավեճերը տեղի են ունենում ԵՄ-ի երկրներում բնակություն հաստատող օտարերկրացիների եւ այդ երկրների սահմանների նկատմամբ վերահսկողության ամրապնդման օգտին հետզհետե ուժգնացող քաղաքական եւ հասարակական տրամադրությունների ֆոնին։ Մի շարք երկրներում այդ մթնոլորտը թեժացվում է ուլտրաաջակողմյան, քսենոֆոբ ու հաճոյախոս կուսակցությունների եւ շրջանակների կողմից։
Սակայն կառավարությունների կողմից այդպիսի մոտեցման պաշտոնական դրդապատճառ է հայտարարվում ահաբեկիչների ներթափանցումը կանխելու, ինչպես նաեւ ապօրինի ներգաղթի նկատմամբ պրոֆիլակտիկա անցկացնելու անհրաժեշտությունը։
Պակաս աղմուկ չի բարձրացրել Գերմանիայի ու Ֆրանսիայի ՆԳ նախարարներ Հանս-Պետերի եւ Կլոդ Գեանի համատեղ նախաձեռնությունը, գրում է Независимая газета-ն։
Ապրիլի 17-ին նրանք նամակով դիմել են ԵՄ-ը նախագահող Դանիային։ Նախարարները մասնավորապես խնդրել են փոփոխություններ մտցնել, որոնք ազգային կառավարություններին «30 օրով ներքին սահմանային վերահսկողություն մտցնելու հնարավորություն կտան»։
Եվրախորհրդարանում ֆրանկո-գերմանական այս դեմարշում սկանդալային պահ են նկատել։ Նախ եւ առաջ` դա կարծես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ գերմանական օգնության ցուցաբերում նշանակեր։ Սարկոզին դեռ մարտ ամսին էր ընտրողներին խոստացել ամրապնդել շենգենյան գոտու երկրների սահմանային պաշտպանությունը, ինչպես նաեւ աքսորել ապօրինի ներգաղթյալներին։
Երկրորդ. նախարարների այդ քայլը որեւէ կերպ չէր համապատասխանում Բեռլինի դիրքորոշմանը, որը մեկ տարի առաջ կտրուկ դեմ արտահայտվեց Դանիայի կողմից Գերմանիայի հետ սահմանին մասնակի վերահսկողություն հաստատելու որոշմանը։
Այս ամենի հետ մեկտեղ` եվրոպական ատյաններում փոխզիջում են փնտրում` թե երբ եւ ինչ հիմքերով է ապագայում սահմանվելու շենգենյան տարածքում սահմանային վերահսկողությունը։
Հայտնի է, որ խոշոր քաղաքական, միջպետական եւ սպորտային իրադարձությունների դեպքում սահմանային վերահսկողություն սահմանել ի սկզբանե թույլատրված է այդօրինակ միջոցառումների կազմակերպիչ հանդիսացող երկրներում։ Սակայն սահմանային վերահսկողության հարցերում անկախ իրավունքների վերականգնման դեպքում` ներքին քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմն առաջարկել է ապօրինի ներգաղթը ներառել հիմնավորումների այն ցուցակում, որը նախատեսված է Շենգենի «արտաքին շերտի» այս կամ այն հատվածները փակելու համար։ Այդուհանդերձ, Բրյուսելի լիազորությունների ընդլայնման գաղափարն աջակցություն չի վայելում ԵՄ անդամ երկրների մեծ մասի շարքերում։
Անվտանգության եւ կարգուկանոնի ապահովման բոլոր օբյեկտիվ պահանջների հետ մեկտեղ` Շենգենը շարունակում է մնալ «նոր ժամանակների» Եվրոպայի խորհրդանիշներից մեկը։ Այս ֆոնին անտանելի են եվրոպական մայրցամաքում ազատ տեղաշարժի` հետզհետե ավելացող խոչընդոտները։
Խոսքը, ըստ թերթի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ առանց անցագրերի ռեժիմին առնչվող հարցի ձգձգումն է։
Գերմանական Deutsche Welle պարբերականը հայտնում է, որ գերմանական տնտեսության վեց խոշոր միավորումները դիմել են դաշնային կառավարությանն ու Բունդեսթագին` կոչ անելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ անցագրային ռեժիմը։ Նրանք կարծում են, որ «բեռլինյան պատի փլուզումից երկու տասնամյակից քիչ ավել անց Եվրոպայում տնտեսական կապերի զարգացմանը նախկինի պես անցագրային պատնեշներն են խանգարում»։
Իսկ գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեի նախագահ Էկհարդ Կորդեսը, ըստ երեւույթին, հիմք ունի կարծելու, որ Գերմանիայի Տնտեսության նախարարության ու ԱԳՆ-ի` հարեւան արեւելաեվրոպական երկրների հետ անցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելուն բացահայտ կողմ լինելը զուգորդվում է քաղաքական գործիչների կողմից խոչընդոտներ ստեղծելով, որոնք պնդում են, թե անվտանգության նկատառումներից ելնելով են շարժվում։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրերս Flensburger Tageblatt թերթին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել շենգենյան տարածքում ընդհանուր սահմանափակումներին։
«Ազատ տեղաշարժի սկզբունքը ոչ մի դեպքում չպետք է խախտվի»,-մասնավորապես ասել է Մերկելը։
Մոսկվան հույս ունի, որ ռուս-գերմանական երկխոսության նոր փուլում Գերմանիայի կանցլերն այդ սկզբունքը կկիրառի նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում, եզրափակում է НГ-ն։