- Ընդհանրապես ես բոլոր ժամանակներում ունեցել եմ զբաղվածություն գիտամանկավարժական ասպարեզում, այս պահին 8 գիտական աշխատանքների վրա եմ աշխատում, ինչպես նաեւ հանդիսանում ԵՊՀ-ի պրոֆեսոր եւ դասավանդում եմ։
- Իսկ պրոֆեսոր Բոստանջյանը հետագայում իրեն էլի միայն գիտության մեջ է տեսնում, թե՞ ճիշտ են այն խոսակցությունները, որ իշխանությունները Ձեզ մայիսի 6-ից հետո համարժեք պաշտոն են խոստացել։
- Ես այդպիսի բաներ չգիտեմ, ես միայն կարող եմ հավելել, որ մոտ ժամանակներս գիտական աշխատանքների առումով շատ զբաղված եմ լինելու, ավելին` Հայ-ռուսական համալսարանում ես հաստատված եմ Սլավոնական համալսարանի քննությունների հանձնաժողովի նախագահ։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործընթացներից ես դուրս եմ մնացել։
- Դա իհարկե նկատելի է, բայց հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի գործունեությունը առավել ակտիվ է դաշնակցական ճամբարում։
- Ուրեմն, դա իրականում այդպես չէ, ինչպես որ ասվում է։ Մասնավորապես, ակտիվություն ասվածը ինձ համար մի քիչ զարմանալի է։ Մի՞թե դուք այդպես եք մտածում։ Մամուլը ուղղակի փորձում է հնարավորինս սուր վերլուծություններ ու դիտարկումներ անել, որպեսզի իր տիրույթն ու գործունեությունը հետաքրքիր դարձնի։ Բայց ես այդ ամենը հասկանում եմ եւ երբեւէ հուզված ու անհանգստացած չեմ այդ ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում է դաշնակցության ծրագրին, ապա իմ դաշնակցական պատգամավոր ընկերները, երբ որ ինձ մի տաս օր առաջ ներկայացրեցին իրենց ծրագիրը, խնդրեցին, որպեսզի ես դրան ծանոթանամ եւ այդ փաստաթղթին գնահատական տամ։ Հետեւաբար, ես մասնակցել եմ այդ փաստաթղթի քննարկմանը եւ հայտնել եմ իմ կարծիքը։ Ի դեպ, մինչ այդ քննարկումներին մասնակցելը, մեր նախագահին մինչեւ գնալս տեղյակ եմ պահել եւ ստացել եմ հրահանգ, որ եթե հրավիրել են, ուրեմն պետք է գնամ։
- Այսինքն, կոնկրետ ԲՀԿ առաջնորդին ե՞ք տեղեկացրել այդ մասին, ճիշտ է՞։
- Այո, այո, մեր առաջնորդին, բա գնայի ուրիշին զգուշացնեի՞։ Ես ասել եմ, որ այդ ծրագիրը վերաբերում է մեր երկրի առջեւ ծառացած ամենազանազան խնդիրներին, որոնք առաջիկայում շուտափույթ լուծման կարիք ունեն։ Ես կարծում եմ, որ դրանով ոչ մի վատ բան չեմ արել, եթե մամուլը ուզում է իր երանգները տեսնել, Աստված իր հետ։ Այնպես որ, ես գովերգում եմ ոչ թե ՀՅԴ-ի, այլ ԲՀԿ-ի ծրագիրը` ե՛ւ 2007-ի, ե՛ւ այսօրվա։
- Շատ նորմալ է, որ Դուք այս պահին գովերգում եք սեփական կուսակցության նախընտրական ծրագիրը, բայց ինչ-որ տեղ էլ անհասկանալի է, թե ինչու՞ չեք այդ գործը անում ավելի հրապարակային, այլ ոչ թե քողարկված։
- Ես այդ կուսակցության անդամ եմ, իսկ այդ կուսակցության սկզբունքները, մոտեցումները եւ ամեն ինչը ինձ համար հարազատ է։ Եվ հիմա էլ նորից կիսում եմ։
- Ի դեպ, այս օրերին ակտիվորեն խոսվում է այն մասին, որ մոտ ժամանակներս ամենայն հավանականությամբ Դուք կլքեք ԲՀԿ-ի շարքերը եւ կանդամագրվեք ՀՅԴ-ին։ Ձեր մեկնաբանությունը։
- Ովքեր որ այդ մասին լուրեր են տարածում, չարաչար սխալվում են։ Ես գտնվում եւ մնում եմ ԲՀԿ-ում եւ կշարունակեմ մնալ ԲՀԿ-ում։
- Պրն Բոստանջյան, իսկ ներկա պահին ի՞նչ հարաբերությունների մեջ եք ՀՀԿ-ականների հետ, մանավանդ այն հրապարակային «բացահայտումներից» հետո, համաձայն որի, Դուք` լինելով ԲՀԿ-ական, չափից ավելի մտերիմ էիք ՀՀԿ-ականների հետ կամ, ինչպես որ ասվում էր, Դուք իրենց «մարդն» էիք։
- Ես ոչ մեկի մարդը լինել չեմ կարող։ Ես իմ կնոջ մարդն եմ։ Ցանկացած ժամանակաշրջանում, միշտ սեւ ու մութ ուժերի ներկայացուցիչներ կան, որոնք ուղղակի կամ անուղղակի, կեղծ ու շինծու ձեւերով նման խոսակցություններ են մտածում։ Իմ ապրած կյանքը ցույց է տվել, որ Բոստանջյանը երբեւիցե չի կարող նման դեր կատարել։ Բոստանջյանը ո՞նց կարող է մեկի մարդը լինել. ես ձեզ խորհուրդ կտայի մի հատ լավ անալիզ անել ու նոր այդպիսի բան ասել։ Իսկ ՀՀԿ-ի հետ իմ հարաբերությունները շատ նորմալ են, մենք ընկերներ ենք եղել, ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ է, ընկերները միանգամից թշնամանո՞ւմ են։ Ուղղակի հիմա, մեր դաշտում կան իրավիճակը պղտորողներ, չոռնի մագիաներ ու անբարոյականի զավակներ, որոնք որ ամեն ինչ ուզում են պղտորել։