27.10.2016 11:40 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատրաստվեք տեսարանների

Բարեփոխումների երրորդ փուլը` կուլակաթափ

Բարեփոխումների երրորդ փուլը` կուլակաթափ

Արդեն իսկ ակնհայտ է, որ կառավարության «ծյունինգին» հետեւելու է հաջորդ քայլը` իշխող կուսակցությունը նույնպես թարմացվելու է։ Եվ հին դեմքերին փոխարինելու են ավելի երիտասարդ, գրագետ ու աղմկոտ պատմություններում չհայտնված կուսակցականները։ ՀՀԿ նախընտրական ցուցակում «կոմսոմոլների» թիվը բավականին մեծ է լինելու, եւ դա հասկանալի է. եթե կառավարությունը «դրայվով» է աշխատում` ՀՀԿ պատգամավորները նույնպես պիտի «դրայվով» աշխատեն, որպեսզի հակասությունն աչք չծակի։

Բայց մեզ, ճիշտն ասած, ավելի շատ «բարեփոխումների» երրորդ փուլն է հետաքրքրում։ Բանն այն է, որ կառավարությունն ու ՀՀԿ խմբակցությունը «թարմացնելուց» հետո անխուսափելիորեն առաջանալու է նաեւ բիզնես-ոլորտը «թարմացնելու» խնդիրը։ Պարզ ասած` էական փոփոխություններ են տեղի ունենալու նաեւ այն 40-50 ընտանիքների ցանկում, որոնց պատկանում է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին։ Ընդ որում` խոսքը սեփականության պարզ վերաբաշխման կամ «կուլակաթափի» մասին չէ, որովհետեւ դրա համար օբյեկտիվ պատճառներ նույնպես կան։ Նախ եւ առաջ` տնտեսության վիճակն այնպիսին է, որ միայն հանքաքար ու կոնյակ ծախելով որեւէ հարց չի լուծվի, առավել եւս` հնարավոր չէ «ազգ-բանակ» կոնցեպցիա կյանքի կոչել մի երկրում, որի տնտեսության շարժիչ ուժը, ասենք, բադրիջան աճեցնելն է, ընդ որում` պապական մեթոդներով։ Եվ ընդհանրապես` չի կարող երկար շարունակվել այն վիճակը, երբ կառավարությունն ու խորհրդարանը հեղեղված են «ուսյալ-կրթյալ» երիտասարդներով, իսկ ֆինանսական ռեսուրսների հիմնական «կրողները» միլիարդներ են վաստակում ընդամենը ինչ-որ բան էժան առնելով-թանկ ծախելով։ Կառավարման համակարգի փոփոխությունը ենթադրում է նաեւ խոշոր բիզնեսի տրամաբանության փոփոխություն։

Ու հարց է ծագում` իսկ օլիգարխներն ի վիճակի՞ են փոխվել կամ ցանկություն կունենա՞ն։ Չէ՞ որ մինչեւ հիմա նրանք բոլորովին այլ տրամաբանությամբ են աշխատել. «ապրանքը էսքանով բերեցի, էսքանով ծախեցի, էսքանը մնաց ինձ», «էս օբյեկտը էսքանով սարքեցի, նաղդ էսքան փող ա բերում, էրկու տարում փողը նաղդ հանող եմ» եւ այլն։ Դե հիմա թող որեւէ «բարեփոխված» իշխանություն այդ օլիգարխներին համոզի, որ հերթական սուպերմարկետը կառուցելու փոխարեն լավ կանեն` ասենք, բարձր տեխնոլոգիաների ոլորտ մտնեն եւ, օրինակ, հայկական «սիլիկոնային հովիտ» ֆինանսավորեն։ Օլիգարխները շոկի մեջ կընկնեն։ Նախ` չեն հասկանա, թե դա ինչ է, հետո` կհետաքրքրվեն, թե «էտի իշքամ վախտից ա ծախսերը փագըմ», հետո կպահանջեն, որ տնօրենը լինի իրենց «հորոխպոր տղեն», ու եթե անգամ վերջում ստիպված լինեն ներդրումներ կատարել (բնականաբար` մերժման ծանր հետեւանքներից վախենալով), միեւնույն է` դա կընկալեն որպես թաքնված կուլակաթափ։ Եվ թաքուն կմտածեն, թե ինչպես դիմադրեն։

Իսկ դիմադրելու միայն մի ձեւ կա` քաղաքական պայքարը։ Ունեցվածքը «արագի մեջ» վաճառել ու երկրից հեռանալ չի հաջողվի։ Չէ՞ որ Հայաստանում այդ մասշտաբի միայն մի գնորդ կա` Սերժ Սարգսյանը, իսկ նա կամ չի գնի, կամ լավ «գին կգցի»։ Այնպես որ` ընտրությունը մեծ չէ. կամ դիմադրում են, կամ համաձայնվում «մասնակի կուլակաթափմանը» (գիտակցելով, իհարկե, որ ախորժակն ուտելիս է բացվում, եւ մի պատառ զիջելով չեն պրծնի)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա շատ էլ լավ, «պետականամետ» գործընթաց է։ Եվ իսկապես, ի՞նչ վատ է, եթե շաքարավազ-բան վաճառելով հարստացածին ստիպեն, ասենք, ներդրումներ կատարել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Բայց սա` միայն առաջին հայացքից։ Իրականում մեծ է հավանականությունը, որ «մասնակի կուլակաթափը» տեղի կունենա, իսկ ներդրումները` ոչ։ Չէ՞ որ ժամանակակից տնտեսություն ունենալու համար միայն փողը քիչ է, նաեւ երիտասարդ կադրեր են պետք։ Իսկ Հայաստանի իշխանություններին ձեռնտու է, որ մեր բուհերում ոչ թե մասնագետներ պատրաստվեն, այլ «սաքուլիկներ» (նրանց տված օգուտն ավելի կոնկրետ է` իշխանության պահպանման տեսանկյունից), իշխանությունները բարձր տեխնոլոգիաները կիրառում են միայն ժողովրդից փող քամելու համար (տեսախցիկներ, արագաչափեր եւ այլն), Հայաստանից արտագաղթած յուրաքանչյուր մարդ պոտենցիալ մի 2-3 հազար դոլար ուղարկող է, իսկ Հայաստանում մնալուց «քյար չկա» եւ այլն։

Այնպես որ` «բարեփոխումների երրորդ փուլը» նույնպես ձեւական կլինի։ Առաջին երկուսի պես։ Պարզապես դիմադրությունը կարող է ավելի ուժգին լինել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30