06.04.2018 08:08 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Միշիկի վերադարձը

Ո՞ւմ է ծառայություններ մատուցում «Լուսավոր Հայաստանը»

Ո՞ւմ է ծառայություններ մատուցում «Լուսավոր Հայաստանը»

Մինչ Նիկոլ Փաշինյանը «1+1+1...» մարտավարությամբ Գյումրիից քայլերթով գալիս է Երեւան (եւ օրվա վերջում անպայման նշում, թե այդ օրը քանի քայլ է արել), Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերի ներկայացուցիչներն էլ իրենց «մեկ քայլն» են անում՝ շրջայցեր են կազմակերպում եւ զբաղվում աղբահանության խնդիրներով։ Ուզում են ասել, որ ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի»՝ իրենք «ռեալ գործ են անում»։ Այսինքն՝ անշեղորեն կենսագործում են ընկ. Է. Մարուքյանի պատգամները։

Ընդհանրապես՝ Էդմոն Մարուքյանն իր «ծրագրային հոդվածով» ու հանրահավաքային պայքարից հրաժարվելու որոշմամբ շատ մեծ ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կասկածելի հանգամանքներում հապշտապ ձեւավորված «Ելք» դաշինքը հայտնվեց խորհրդարանում եւ ընդունեց ընտրությունների արդյունքները, հասարակության մեջ աստիճանաբար սկսեց գերակշռել այն տեսակետը, որ գործ ունենք հերթական «հաճախորդների» հետ։ Այսինքն՝ որպես «հաճախորդ» էր ընկալվում «Ելք» դաշինքն ամբողջությամբ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագրով»։ Բայց ահա Էդմոն Մարուքյանը հրապարակավ հակադրվեց Նիկոլ Փաշինյանին եւ առաջարկեց հանրահավաքային պայքարի փոխարեն պաշտոններ ուզել իշխանություններից (ու դրանով իսկ արժանացավ հանրապետականների անթաքույց գովասանքին)։ Արդյունքում՝ Էդմոն Մարուքյանն իր վրա վերցրեց «հաճախորդի» պիտակը, իսկ նրա հասցեին կոշտ գնահատականներ հնչեցնող Նիկոլ Փաշինյանը ձերբազատվեց այդ պիտակից (եւ նույնիսկ բաց տեքստով նրան համեմատեց Արթուր Բաղդասարյանի հետ)։ Բայց ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին մեղադրեց «վատ հաճախորդություն անելու» մեջ՝ բացատրելով, որ եթե նպատակն իշխանություններից պաշտոններ պոկելն է, հանրահավաքային պայքարի առկայության դեպքում դա անելն ավելի հեշտ կլինի։

Իսկ գուցե նրանք համագործակցվա՞ծ են աշխատում։ Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը։ Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի դիմաց նստած են երկու մուրացկաններ։ Մեկի առջեւ գրություն է՝ «ողորմացեք խեղճ ռուսին», մյուսի առջեւ՝ «ողորմացեք խեղճ հրեային»։ Անցորդներն արհամարհանքով նայում են հրեային ու ցուցադրաբար փող տալիս ռուսին։ Վերջապես անցորդներից մեկը չի դիմանում, մոտենում է հրեային ու խորհուրդ տալիս նույնպես գրել «ողորմացեք խեղճ ռուսին»։ Սրա հեռանալուց հետո հրեան դիմում է «ռուսին». «լսեցի՞ր, Աբրամ, այս ռուսները որոշել են մեզ կոմերցիա սովորեցնել»։ Բայց Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի դեպքում հազիվ թե այս տարբերակը գործի (այսինքն՝ իշխանությունները «արմատական» Նիկոլի ինադու պաշտոններ տան «կառուցողական» Էդմոնին, ու հետո սրանք կիսեն պաշտոնները)։ Այդ երկու գործիչների միջեւ մրցակցությունն իրական է, ընդ որում՝ մրցակցությունն ընթանում է նույն հարթությունում եւ նույն մեթոդներով։ Նիկոլ Փաշինյանը ձեւացնում է, թե հավատում է, որ կարողանալու է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, Էդմոն Մարուքյանն էլ ձեւացնում է, թե առանցքային պաշտոններ է պահանջում ի շահ հանրության։ Ու այս մրցակցությունում հաղթողը միանշանակ Նիկոլ Փաշինյանն է՝ այն պարզ պատճառով, որ ժողովուրդը զզված է իշխանություններից, հետեւաբար՝ իշխանությունների դեմ թեկուզ իմիտացիոն պայքարն ավելի համակրելի է, քան այդ նույն իշխանություններից պաշտոններ պահանջելը։ Այլ հարց է, թե թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի տարած հերթական հաղթանակը որքանո՞վ է բխում հասարակության շահերից կամ ի՞նչ կոնկրետ օգուտ է տալիս հասարակությանը։

Գործնականում՝ ոչ մի օգուտ, բայց Էդմոն Մարուքյանն այդ ծառայությունն էլ է մատուցել Նիկոլ Փաշինյանին. հանրահավաքային պայքարի ձախողումից հետո վերջինս հանգիստ կարող է մեղքը բարդել «Ելք» դաշինքի՝ իրեն չմիացած ուժերի վրա։ Հետաքրքիր է՝ «Լուսավոր Հայաստանը» չհասկանալո՞վ է նման ծառայություններ մատուցել, թե՞ հատուկ հանձնարարություն է ստացել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30