No397 (ինտերնետային No 557), Հուլիսի 9, 2004 թ., ուրբաթ

ԱՂՎԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ

ԽԱՌՆԱՐԱՆ

(Ողբերգություն` երկու արարով)

Երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե դատախազությունը զբաղվո՞ւմ է արդյոք «Չորրորդ իշխանություն» թերթում կոռուպցիայի վերաբերյալ հրապարակված բազմաթիվ փաստերով, հայտարարել է. «եթե «Չորրորդ իշխանությունը» նյութեր ունի, թող ուղարկի մեզ` կնայենք»:

Թե ինչպես «կնայեն»` հայտնի է: Դեռեւս 1999թ. մարտի 5-ին «Հայք» թերթում հրապարակվել էր «Խառնարան» վերնագրով ընդարձակ մի հոդված, որտեղ ամենայն մանրամասնությամբ` թվերով ու փաստերով, ներկայացված էր այսպես կոչված «մազութի գործը»: Հոդվածի հրապարակումից մի քանի օր առաջ` 1999թ. մարտի 1-ին, խմբագրությունը երեք հարց էր հղել դատախազությանը եւ սպասում էր, որ գործող օրենքի համաձայն, 7 օրվա ընթացքում պատասխան կստանա: Ի դեպ, այն ժամանակ նույնպես ՀՀ գլխավոր դատախազն Աղվան Հովսեփյանն էր: Բնականաբար, խմբագրությունն այդպես էլ ոչ մի պատասխան չստացավ:

Այնպես որ, սիրով արտատպում ենք «Խառնարան» հոդվածն ու հերթական անգամ ակնկալում, որ իրավապահ մարմինները կանդրադառնան նշված փաստերին:
«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Դերերում

Երվանդ Զախարյան` 1992-1993թթ. ՀՀ էներգետիկայի փոխնախարար, այժմ ՀՀ տրանսպորտի նախարար

Աղվան Հովսեփյան` ԳԽ պատգամավոր 1990-1995թթ., դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ, այժմ ՀՀ գլխավոր դատախազ

Հրանտ Բագրատյան` 1992-1996թթ. ՀՀ վարչապետ, այժմ «Ազատություն» կուսակցության նախագահ

Արշակ Սադոյան` ԱԺ մշտական պատգամավոր

Էպիզոդներում`

Համբարձում Ղանդիլյան 1992-1993թթ. Հայկական երկաթուղու պետ

Արամ Կարապետյան 1992-1993թթ. տրանսպորտային դատախազության պետ

Արծրուն Մարգարյան
1992-1993թթ. ՆԳ տրանսպորտային վարչության պետ

Վահրամ Խորխոռունի 1995-1999թթ. ներքին զորքերի հրամանատար

Սերժ Սարգսյան` 1991-1993թթ. ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, 1993-ից` ՀՀ պաշտպանության նախարար, 1994-1996` ՀՀ ազգային անվտանգության նախարար, 1996-ից` ՀՀ ՆԳ ԱԱ նախարար:

Դեպքերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, 1992-1993 թթ. կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Գլխավոր դատախազության առանձնասենյակներում:

ԱՐԱՐ I. ՂԱԼԱԹ


Դեռեւս 1992թ. վառելիք ներմուծող պետական ձեռնարկությունների միավորման ճանապարհով ստեղծվել էր «Հայգազվառելիք» ՊՁ-ն, որը պետք է լուծեր հանրապետության առջեւ ծառացած վառելիքային պրոբլեմները: Հուլիսին ստեղծված այդ կազմավորումը պետք է ապահովեր «Ձմեռ 92-93» ծրագրի անխափան կատարումը:

Պլանավորվում էր ռուսաստաններում գնել 70.000 տոննա մազութ` տոննան ոչ ավելի, քան 60 դոլարով: Այնուհետեւ մազութը պետք է վաճառվեր մի փոքր ավելի թանկ գնով, իսկ ստացված եկամուտը դրվեր ՀՀ ՊՆ տրամադրության տակ:

Հիշենք` այն օրերին ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել էին Լաչինի միջանցքին: Չկար զինամթերք եւ վառելիք, զրահամեքենաները կանգնում էին ռազմի դաշտում: Ավելի լավ չէր իրադրությունը նաեւ թիկունքում: Երկրին սպառնում էր ցուրտ եւ սոված ձմեռ: Դեռեւս 92-ի օգոստոսին փակվեց Աբխազիայի երկաթգիծը, ատոմակայանը չէր աշխատում` մեծ գումարներ խժռելով ինքնապահպանման համար: Գազամուղը պայթեցվում էր այնքան զարմանալի հետեւողականությամբ, որ փոխվարչապետ, իսկ հետագայում վարչապետ Հրանտ Բագրատյանը մի օր կանխագուշակեց, որ պայթեցումները կավարտվեն այն ժամանակ, երբ կամ Ադրբեջանում կավարտվեն վառոդի պաշարները, կամ Հայաստանում` խողովակները:

Եվ այս իրավիճակում փոխնախարար Երվանդ Զախարյանը պետք է վառելիք բերեր` լուծելով ճակատի եւ թիկունքի հարցերը: Այնուհետեւ ստեղծվում է շատ հետաքրքիր եւ բավականին խճճված իրավիճակ: Պաշտոնական տեղեկագրերը հայտնում են, որ վառելիքը մուտք է գործել Հայաստան, եւ արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որով կարելի էր մոտավորապես երկու-երեք Հայաստան պահել: Այսպես, ըստ պաշտոնական տեղեկանքի, 1992թ. Հայաստան ներկրվել էր 313350 տ մազութ` մոտ 1.5 անգամ ավելի շատ, քան 1993-ին, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 5 մլն 791000 կվտ/ժ, այն ժամանակ, երբ 1997-ին սպառումն ընդամենը 4 մլն 518600 կվտ/ժ էր: Հետեւաբար ոչ թե մեզ մոտ, այլ Անգոլայում էր օրական 1 ժամ լույս մատակարարվում: Այսքանով հանդերձ, Սեւանից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով բաց է թողնվել մոտավորապես այնքան ջուր, որքան 93-ին` 975.1 մլն խմ:

Պետք չէ հանճարեղ հիշողություն ունենալ` մտաբերելու համար, թե քանի ժամ էինք էլեկտրաէներգիա ստանում այդ օրերին: Հայաստան մեծ քանակությամբ մազութի ներկրումը մեծապես կնպաստեր նաեւ Հրանտ Բագրատյանի երիտասարդ կառավարության դիրքերի ամրապնդմանը: Արդեն խոստացվել էր, որ Ամանորին բնակարաններում կլինի շուրջօրյա էլեկտրաէներգիա: Առավել լավատեսները խոսում էին նույնիսկ հունվարի 1-3-ը բնակչության գազ մատակարարելու հնարավորության մասին: Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Բնակիչներին սկսեցին լույս տալ դեկտեմբերի 31-ի երեկոյան 6-ից:

1993-ի մարտի սկզբին կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի մի քանի իրար հաջորդած նիստերի օրակարգը մեկն էր` ո՞ւր կորավ իբր գնված 70000 տոննա մազութը:

Ասենք, որ կառավարությունն այդպես էլ չգտավ այդ հարցի պատասխանը: Մի մասը գտնում էր, որ վառելիքն, այնուամենայնիվ, մտել է Հայաստան, եւ արտադրված էլեկտրաէներգիան վաճառվել է իբր չաշխատող, բայց իրականում «լեւի» աշխատող գործարաններին, կամ էլ վաճառվել է հարեւան պետություններին, որոնցից առաջինը տրվում է Նախիջեւանի անունը: Հաջորդ վարկածն այն է, որ վառելիքը պարզապես մուտք չի գործել Հայաստան, իսկ գնորդները Երվանդ Զախարյանի գլխավորությամբ տեղում վերավաճառել են վառելիքը: Հրանտ Բագրատյանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ակնհայտ է առնվազն էմիսիոն փողերի ոչ նպատակային օգտագործումը, ինչի հետեւանքով գործերը հայտնվեցին ՀՀ դատախազությունում: Ասում էին, որ վարկային էմիսիայի փողերով կամ աշխատավարձ է վճարվել, կամ էլ ինչ-որ բանկ է հիմնադրվել, որն, ինչպես պնդում են, երկար կյանք չի ունեցել:

Մեղավորներ փորձեցին գտնել նաեւ ՀՀ կառավարությունում, նախեւառաջ` փորձելով մեղավոր դարձնել երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանին: Վերջինս բավականաչափ վճռական եւ կտրուկ արտահայտություններով կառավարությանը խորհուրդ տվեց իր մեջ փնտրել հանցագործներին: Մեկ վարկած եւս համառորեն պտտվում է քաղաքականամերձ շրջաններում: Խոսում են, որ մազութի փողերի հաշվին բանակի հարցերը լուծելու նախաձեռնողներից էին ԼՂՀ բանակի հրամանատար Սերժ Սարգսյանը եւ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի եւ Սարգսյանի վառելիքային եւ սպիրտային գործերին հնարավոր մասնակցության մասին այն օրերին շատ էր գրել Հայաստանի ընդդիմադիր, մասնավորապես` դաշնակցական մամուլը: Սակայն հանցագործներին որոնելը նախարարների գործը չէ, եւ կառավարությունը բավարարվեց 1993թ. մարտի 17-ին Երվանդ Զախարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելով:

ՀՀ վարչապետը գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին հանձնարարեց հետաքննել «մազութի գործը»: Դատախազն իր հերթին գործի քննությունը հանձնարարեց հատուկ կարեւորագույն գործերով քննիչ, ԳԽ պատգամավոր Աղվան Հովսեփյանին: Դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այդ ժամանակ Ե. Զախարյանը մի քանի անգամ այցելել է դատախազություն` ցուցմունքներ տալու նպատակով, իսկ քննչական խումբը գործուղվել է Ռուսաստան (Նովոռոսիյսկ) եւ Ուկրաինա (Օդեսա)` նյութեր հավաքելու համար: Կատարվածի հետեւանքով կառուցվածքային վերափոխումներ եղան նաեւ էներգետիկայի համակարգում: ՀՀ կառավարության 1993թ. ապրիլի 27-ի թիվ 191 որոշմամբ «Հայգազվառելիք» հատուկ նշանակության ՊՁ-ն նորից տրոհվեց մի քանի ձեռնարկությունների: Ավելին, «Հայգազվառելիքի» ունեցվածքի մի մասը նախատեսվում էր հանձնել այլ նախարարությունների, ինչպես նաեւ` տեղական ինքնակառավարման մարմիններին: Լրացուցիչ վերակազմավորման էին ենթակա նաեւ նորաստեղծ «Հայգազարդ» եւ «Պինդ վառելիք» ՊՁ-ները:

ԱՐԱՐ 2. ՀԱՏՈՒՑՈՒՄ

Բագրատյանի կառավարության այդ բուռն գործունեությանը Երվանդ Զախարյանը հետեւում էր արդեն Մոսկվայից, ու նրան, բնականաբար, չէր կարող հասնել հայրենի արդարադատության պատժող աջը: Աղվան Հովսեփյանն իր հերթին, ըստ որոշ լուրերի, արդեն կարճել էր «մազութի գործը»: Համբարձում Ղանդիլյանի համար դա արդեն ոչ մի նշանակություն չուներ: 1993-ի ամռանը նա գազանաբար սպանվեց:

Մազութի փողերը պահանջում էին նոր զոհեր: Անցան տարիներ, Հայաստանում կտրուկ փոխվեց քաղաքական իրադրությունը: Քոչարյանի նախագահ կարգվելուց հետո Երվանդ Զախարյանը վերադարձավ Մոսկվայից տաժանակրի լուսապսակով եւ ուղիղ նստեց տրանսպորտի նախարարի աթոռին: Մի քանի ամիս անց ցանկություն կար նրան տեղափոխել էներգետիկայի նախարարի պաշտոնին, սակայն մամուլն այն ժամանակ սկսեց հիշել 92-93թթ. գործերը, եւ Քոչարյանը որոշեց չշտապել:

Իշխանափոխությունից հետո զգալիորեն աշխուժացավ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, որը հայտնաբերելով կարճված գործը, հրավիրեց քննչականի պետի պաշտոնում Գյոզալյանին արդեն փոխարինած Աղվան Հովսեփյանին եւ բացատրություններ պահանջեց: Վերջինս, ըստ նույն անանուն սկզբնաղբյուրի, դիմեց իր մշտական հովանավոր եւ փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանին: Սակայն ՆԳ եւ ԱԱ նախարարն ավելի քան կատեգորիկ էր` հին դեպքերն ու դեմքերը չպետք է վերհիշվեն: Չգիտենք, նախարարի խորհրդո՞վ, թե՞ սեփական խելքով, բայց ըստ որոշ լուրերի, ապագա գլխավոր դատախազը սկսեց շշնջալ դատախազ Արամ Կարապետյանի ականջին, թե ամեն ինչ կորած է, գործը վերսկսվում է, եւ, ամենայն հավանականությամբ ինքը` Արամը, կընտրվի որպես մեղավոր: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը որպես տրանսպորտային դատախազության պետ պետք է ամեն ինչից տեղյակ լիներ: Արդյունքում` երկու տարօրինակ սպանություն գլխավոր դատախազի աշխատասենյակում: Զոհերից մեկին` Արամ Կարապետյանին, շտապեցին որակել որպես մարդասպան, որը հետո ինքնասպանություն գործեց: Տարօրինակ բաներ այս պատմությունում, իհարկե, շատ կան: Օրինակ` Արամ Կարապետյանի ընկերները հիշում են, որ նրա տաբելային զենքն արդեն մի քանի ամիս է, ինչ կորել էր: Ի դեպ, ըստ պաշտոնական տեղեկատվության, սպանության ժամանակ պրն Հովսեփյանը նույնպես գտնվում էր դեպքի վայրում, այնպես որ, կարող էր հանդիսանալ առնվազն գործով վկա, եթե ոչ ավելին, եւ այդ իմաստով, իհարկե, անթույլատրելի էր նրան հանձնարարել գործի քննությունը: Սակայն հանրապետության ղեկավարությունը, երեւի թե հիշելով Զախարյանի գործով դատախազի արհեստավարժ աշխատանքը, այս գործը եւս նրան հանձնարարեց: Մի քանի ամիս անց սպանվեց Վահրամ Խորխոռունին: Ասում են, որ սպանությունից մի քանի օր առաջ նեղ շրջապատում փոխնախարարն ասել է, որ իրեն շատ բան է հայտնի այս գործի մասին, եւ բացառված չէ, որ կոմպրոմատը ջրի երես բարձրանա: Պատասխանը չստիպեց երկար սպասել: Սպանվեց նաեւ ներքին զորքերի հրամանատարը:

Հ.Գ. Նյութը տպագրվում է աննշան կրճատումներով: Խմբ. կողմից.- Ընդհանրապես, էներգետիկ չարաշահումների գործում շրջանառվող բարձրաստիճան «ֆիգուրանտների» ցուցակից մի տեսակ հաջողությամբ դուրս է պրծել Մելս Հակոբյանի անունը: Իսկ վերջինս, որը 1992-93թթ. Հայէներգոյի ղեկավարն էր, իրականում էներգետիկ չարաշահումների գործում առաջիններից մեկը պետք է լիներ: Այս բացը լրացնելու համար կարդացեք «ՉԻ» հաջորդ համարը:


ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Շարունակելի

ամբողջ համարը...»»

No397 (ինտերնետային No 557), Հուլիսի 9, 2004 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

   
Ծառայություններ