26.02.2015 18:37 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ճահճահայաստան

Տնտեսական ճգնաժամի իրական պատասխանատուն

Տնտեսական ճգնաժամի  իրական պատասխանատուն

Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է։ Պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց հունվար ամսվա հիմնական ցուցանիշները, եւ ակնհայտ դարձավ, որ երկիրը հայտնվում է նոր ճգնաժամի մեջ։ Ըստ այդ տվյալների` առեւտրաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 19,7 տոկոսով, արտահանումը` 21,9 տոկոսով եւ այլն։ Եվ սա` այն դեպքում, երբ ամիսներ շարունակ բոլոր պաշտոնյաները միաբերան հայտարարում էին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ամեն ինչ լավ է լինելու, մեր առջեւ «170 միլիոնանոց շուկա» է բացվելու, արտահանումն ավելանալու է եւ այլն։

Հիմա փորձենք հասկանալ, թե որոնք են այս իրավիճակի պատճառները, եւ ովքեր են հիմնական մեղավորները։ Կարելի է, իհարկե, ձեւացնել, թե Սերժ Սարգսյանն այս ամենի հետ կապ չունի, մեղավորը կառավարությունն է, եւ անցնել առաջ (ի դեպ, ներքաղաքական հարցերում Սերժ Սարգսյանին անթաքույց սատարողները հենց այդպես էլ անում են), բայց արդյո՞ք այդպես է։

Սկսենք նրանից, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` «արտաքին» եւ «ներքին»։ Արտաքինը Հայաստանի անդամակցումն է ԵՏՄ-ին, ներքինը` համատարած կոռուպցիան, մենաշնորհները, ներդրումային անբարենպաստ միջավայրը եւ այլն։ Ուստի եթե ուզում ենք հասկանալ, թե ինչն ինչոց է, պիտի առանձին-առանձին անդրադառնանք ներքին եւ արտաքին պատճառներին։ Սկսենք արտաքինից։ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանն ընդունել է միանձնյա եւ «մի գիշերվա մեջ», հետեւաբար` եթե դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունն էապես տուժել է, դրա միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Կապ չունի` գիտակցաբա՞ր է արել, թե ոչ։ Ենթադրենք` գեներալ Մանվելի ասած «Նաստրադամուսը» չէր ու չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, ռուբլին կփլուզվի եւ այլն, բայց մի՞թե դրանից ինչ-որ բան փոխվում է։ Որոշումն ինքն է ընդունել, հետեւանքները (գոնե այս պահի դրությամբ) բացասական են, հետեւաբար` պատասխանատուն ինքն է։

Հիմա անդրադառնանք ներքին բաղադրիչին` կոռուպցիային, մենաշնորհներին, ներդրումային միջավայրին, սեփականության անձեռնմխելիությանը եւ այլն։ Այս ամենի համար ավելի շատ կառավարությո՞ւնն է պատասխանատու, թե՞ նախագահը։ Տեսականորեն, իհարկե, կառավարությունը, բայց գործնականում` հաստատ նախագահը։ ՀՀԿ Խորհրդի փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթը դրա լավագույն ապացույցն էր` մարդը բաց տեքստով հայտարարեց, որ տարիներ շարունակ տեղեկություններ է ունեցել «միլիարդների հասնող» տնտեսական հանցագործությունների մասին, բայց «ըմբռնումով է մոտեցել» եւ թույլ չի տվել, որ այդ ամենը բացահայտվի։ Այսինքն` Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ անձամբ է վերահսկում խոշոր բիզնեսի շարժն ու անձամբ էլ «տնտեսական հանցագործությունների» քվոտաներ է տալիս։ Հետո էլ համապատասխան կառույցներին անձամբ կարգադրեց «ուսումնասիրել շրջանառվող տեղեկությունները»։ Բայց` որեւէ բան չասաց ՀՀԿ-ական օլիգարխների տնտեսական հանցագործությունների մասին շրջանառվող լուրերը ստուգելու վերաբերյալ, մինչդեռ ակնհայտ է, որ այդ դեպքում ոչ թե միլիարդների, այլ տասնյակ ու հարյուրավոր միլիարդների հասնող հանցագործություններ կբացահայտվեին։ Պարզ ասած` Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ անձնական պատասխանատվություն է կրում «ներդրումային միջավայրի» համար, եւ սեփականության անձեռնմխելիությունն էլ ոչ թե օրենքներով է երաշխավորվում, այլ անձամբ իր «բարի կամքով»։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսության այսօրվա անմխիթար վիճակի երկու պատճառներն էլ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքն են։ Ե՛վ արտաքին «բացասական ազդակների» պատասխանատուն է ինքը, ե՛ւ ներքին։ Բայց ձեւացնում է, թե այս ամենի հետ կապ չունի. ինքը, հասկանում եք, «ավելի լուրջ գործերով» է զբաղված` սահմանադրական փոփոխություններ, Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիր եւ այլն, իսկ կառավարությունը ոնց ուզում է` թող տնտեսական ճգնաժամի տակից դուրս գա։ Հետո՞ ինչ, որ «շիլան» ինքն է եփել։ Ինքը միշտ էլ կարողացել է դժվարին իրավիճակներում անկյուն քաշվել ու աննկատ մնալ` դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից։ Այդ «մարտավարության» շնորհիվ էլ, ի դեպ, կարողացել է բոլոր իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցնել եւ ի վերջո նախագահ դառնալ, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30