26.03.2015 18:11 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օլիգարխիայի խոսնակը

Մոնոպոլիստների որդեգիրը

Մոնոպոլիստների որդեգիրը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում արդարացրել է իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը։ Օրինակ` հայտարարել է, որ շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, որեւէ ոլորտում գերիշխող դիրք ունենալը հեչ էլ վատ բան չէ (կարեւորը` որ չչարաշահեն այդ դիրքը), որտեղ էլ մենաշնորհ կա` պատճառը «մասշտաբի էֆեկտն է» եւ այլն։ Մի խոսքով` փորձել է հիմնավորել Սերժ Սարգսյանի հանրահայտ միտքը` «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրե՞ն»։

Տնտեսագիտական առումով Արտակ Շաբոյանի ասածն, իհարկե, տխմարություն է։ Ամբողջ աշխարհում բոլորն ասում են, որ պիտի մրցակցություն լինի, որպեսզի ապրանքներն էժան լինեն, իսկ նա հակառակն է ասում` հենց մենաշնորհն է նպաստում էժանությանը (որովհետեւ ներկրողներն ապրանքը «բիրիքով» ավելի էժան են առնում)։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պետական կառույցի ղեկավարն առաջնորդվում է ոչ թե պետական պաշտոնյայի, այլ դուքյանչու հոգեբանությամբ։ Ենթադրենք` իսկապես էլ, եթե մեկը տարեկան 10 հազար տոննա շաքարավազ է ներկրում, մի 3-4 դրամով ավելի քիչ կվճարի, քան հազար տոննա ներկրողները։ Բայց չէ՞ որ եթե տասը հոգով հազարական տոննա ներկրեն` նրանց միջեւ լուրջ մրցակցություն կլինի, եւ շաքարավազի մանրածախ գինը կնվազի առնվազն 30-40 դրամով։ Ընդ որում` սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Արտակ Շաբոյանն, իհարկե, շատ լավ է հասկանում սա, բայց նրա աշխատանքի բնույթն է այդպիսին` պիտի նայի մարդկանց աչքերին ու խաբի։ Նրան հենց դրա համար են վճարում։

Հիմա` մենաշնորհների դեմ պայքարի մասին։ Արտակ Շաբոյանը, հասկանալի է, դրա հետ կապ չունի։ Նա ընդամենը համակարգի մի մասնիկն է, մոտավորապես այնպես, ինչպես օլիգարխի «ախռաննիկը», վարորդը, վարսավիրը եւ այլն։ Շեֆը հրամայի պայքարել մենաշնորհների դեմ` կպայքարի, չի հրամայի` չի պայքարի, կհրամայի արդարացնել մենաշնորհները` կարդարացնի։ Իսկ շեֆը, հասկանալի է, երբեք թույլ չի տա, որ օլիգարխների գլխից մազ պակասի։ Չէ՞ որ իր իշխանությունը հենց նրանց վրա է հիմնված. նրանք են ընտրությունների ժամանակ ձայներ բերում, նրանք են «տեղերում» զսպում ըմբոստներին, նրանք են ֆինանսավորում իշխանական վերնախավի «մանր-մունր ծախսերը», նրանք են «ավելացված արժեքի հարկ» տալիս Սաշիկին եւ այլն։ Այսինքն` բոլոր մենաշնորհների տանիքը Սերժ Սարգսյանն է։ Հիմա ի՞նչ, որեւէ մեկն ակնկալում է, որ Արտակ Շաբոյանը պիտի պայքարի իրեն այդ պաշտոնում նշանակողի դե՞մ։ Հասկանալի է, չէ՞, որ պայքարել մենաշնորհների դեմ` նշանակում է պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, եւ նրանք, ովքեր բոցաշունչ ելույթներով  «անարգանքի սյունին են գամում» այդ խեղճուկրակ չինովնիկին, բայց Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս, ընդամենը մասնակցում են թամաշային` դրանով իսկ ավելի արժանահավատ դարձնելով խեղկատակությունը։

Հիմա մի կողմ դնենք ընդհանուր գնահատականներն ու կետ առ կետ ներկայացնենք հանրահայտ փաստերը։ 1. Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանն Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի։ 2. Մենաշնորհների արդյունքում Հայաստանում կյանքը շատ ավելի թանկ է, քան նույնիսկ եվրոպական երկրների մեծ մասում։ 3. Բնակչության սոցիալական ծանր վիճակը հանգեցնում է արտագաղթի, ինչը թուլացնում է երկիրը։ 4. Մենաշնորհների հիմնական «հովանավորը» Սերժ Սարգսյանն է (հակառակ դեպքում մենաշնորհները հնարավոր կլիներ վերացնել առավելագույնը 15 րոպեում)։ 5. Սերժ Սարգսյանը պաշտպանում է մոնոպոլիստների շահերը, որովհետեւ այդ հարցում անձնական շահագրգռվածություն ունի։

Փաստերի այս պարզ շարադրանքը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ` Սերժ Սարգսյանի գործունեությունը վնասում է պետությանը։  Հետեւաբար` կամ պիտի Սերժ Սարգսյանի անձնական շահագրգռվածությունները փոխվեն, կամ նրա կարգավիճակը։ Մի խոսքով` «խոշորներին գլխից է պետք բռնել»։ Այդ թվում` նաեւ քաղաքական մենաշնորհ ունեցողներին։ Սա այն դեպքն է, երբ իսկապես գործ ունենք գերիշխող դիրքի չարաշահման հետ, ընդ որում` այս դեպքում տուգանքների մասին խոսք լինել չի կարող։ Ծանրացուցիչ հանգամանքները չափազանց շատ են, պետությանը հասցված վնասն էլ կարելի է գնահատել որպես «առողջությունը երկարատեւ քայքայող» եւ նույնիսկ «կյանքի համար սպառնալիք պարունակող»։ Չեք հավատում` արտագաղթի վիճակագրությունը նայեք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30