13.10.2017 09:32 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ղարաբաղը ումն ա

Ղարաբաղյան հակամարտության տնավարի կարգավորումը

Ղարաբաղյան հակամարտության տնավարի կարգավորումը

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի այն հայտարարությունը, թե «ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից», իսկապես կարելի է սենսացիոն համարել։ Որովհետեւ ըստ այդ հայտարարության ստացվում է, որ Ադրբեջանն արդեն իսկ նման որոշում կայացրել է, ու հիմա մնում է միայն պարզել` Հայաստանը համաձա՞յն է, թե ոչ։

Եթե նման բան իսկապես կա, կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման տրամաբանությունը հիմնավորապես փոխվում է։ Այսինքն` եթե 23 տարի շարունակ բանակցություններն ընթանում էին այն տրամաբանությամբ, թե կողմերից որն ինչ պիտի զիջի եւ  ինչ ստանա դրա դիմաց, հիմա ամեն ինչ կարող է ընթանալ այլ ուղղությամբ։ Եվ հնարավոր է` որեւէ մեկը որեւէ բան զիջելու կարիք չունենա. ամեն ինչ լուծվի ԵԱՏՄ շրջանակներում` «տնավարի»։ Այնպես, ինչպես եղել է 1923 թվականին` ԽՍՀՄ շրջանակներում։

Հայաստանում, ի դեպ, նման հեռանկարն առայժմ լուրջ չեն համարում։ Կարծիքներ են հնչում, թե բացառված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեն նույն կառույցին, որովհետեւ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտություն, իսկ այդ կառույցը (ԵԱՏՄ-ն) դրա լուծումը չունի։ Իսկ ո՞վ ասաց, որ չունի։ ԵԱՏՄ-ում գտնում են, որ այդ հակամարտությունը պիտի կարգավորվի պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում, այսինքն` Ղարաբաղը պիտի ունենա շատ լայն ինքնավարություն (համարյա փաստացի անկախություն) Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ եթե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հարցով բանակցություններ են ընթանում, Ադրբեջանն  առաջին հերթին հենց դա պիտի պահանջի։ Իսկ Պուտինի խորհրդականի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ այդ բանակցություններն ավարտվել են, ու հիմա խնդիրը միայն Հայաստանի համաձայնվել- չհամաձայնվելն է։ Հայաստանի իշխանություններն էլ Էդուարդ Շարմազանովի շուրթերով հայտարարում են, թե թող կոնկրետ առաջարկ լինի` կքննարկենք-կպատասխանենք։ Ավելին` շեշտում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է ու սեփական շահերից ելնելով` կարող է արգելափակել անգամ Իրանի, Չինաստանի կամ որեւէ այլ երկրի անդամակցումը ԵԱՏՄ-ին։ Իյա, իրո՞ք։

Հիմա` մեկ այլ ուշագրավ նրբերանգի մասին։ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարում է, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իրեն հրահանգել է այլեւս չասել «ազատագրված տարածքներ», որովհետեւ այդ տարածքները սահմանադրորեն ԼՂՀ անբաժանելի մասն են։ Այլ կերպ ասած` հիմա արդեն բացարձակապես որեւէ տարբերություն չկա Ստեփանակերտի եւ, ասենք, Ջեբրայիլի կարգավիճակների միջեւ։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա հակասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որի համաձայն` Հայաստանը պատրաստ է ազատագրված տարածքների մի մասը զիջել ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված անկախության դիմաց։ Խնդիր չկա, տակտիկապես ճիշտ է, որ ԼՂՀ դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից ավելի կոշտ լինի։ Այլ հարց է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ կոշտությունը։ Ի վերջո` եթե ամեն ինչ գնում է նրան, որ ղարաբաղյան խնդիրը պիտի կարգավորվի ԵԱՏՄ շրջանակներում (տնավարի), այդ դեպքում ստացվում է, որ ԼՂՀ ներկայիս ողջ տարածքը գոնե ձեւականորեն գտնվելու է Ադրբեջանի կազմում, հետեւաբար` ազատագրված տարածքների վերադարձի հարցն էլ օրակարգից դուրս է գալիս (ինչո՞ւ վերադարձնել, եթե այդ տարածքները ձեւականորեն արդեն իսկ Ադրբեջանի մաս են համարվում)։ Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից` ստացվում է, որ տրամաբանական որեւէ հակասություն չկա. Ադրբեջանը կարծես դեմ չէ ԵԱՏՄ մտնելուն ու բանակցում է Ռուսաստանի հետ, Հայաստանն ասում է «կքննարկենք», ԼՂՀ-ն ասում է «մենք ազատագրված տարածքներ չունենք, մեր տարածքը միասնական է»...

Եվ, ի դեպ, Հայաստանում անսպասելիորեն սկսել են տեսակետներ հնչել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը այնքան էլ միջազգային հակամարտություն չէ։ Այսինքն` որեւէ երկրի ներքին գործն է։ Կամ` որեւէ միության։ Օրինակ` Եվրասիական։ Զուգադիպություններ են սրանք, թե ոչ` ժամանակը ցույց կտա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30