06.10.2017 12:36 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լավ չեք խաղում

Համատեղ ուժերով մեղավորին գտան

«Ելք» դաշինքի՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության խորհրդարանական քննարկումները զարմանալիորեն կառուցողական ստացվեցին։ Նախաձեռնությունը մերժվեց, բայց բոլորը գոհ ու երջանիկ էին։ «Ելքը» գոհ ու երջանիկ էր, որովհետեւ ի վերջո կարողացավ ուղիղ հեռարձակմամբ ցույց տալ, որ ինքը խորհրդարանի միակ ընդդիմությունն է, ՀՀԿ-ն ու մյուսները՝ որովհետեւ հնարավորություն ստացան իրենց հավատարմությունը հայտնել Սերժ Սարգսյանին, Ռուսաստանի իշխանություններին (որոնք, անկասկած, ուշադիր հետեւում էին այդ քննարկումներին) եւ «օրհնված սհաթի» գաղափարախոսությանը։

Եվ ամենակարեւորը՝ խորհրդարանում քննարկվեց այն հարցը, թե ո՞վ է մեղավոր Հայաստանի տնտեսական ծանր վիճակի համար, կառավարությո՞ւնը, թե՞ ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Եվ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունն իրենց քվեարկությամբ հստակ պատասխանեցին այդ հարցին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը կապ չունի։ Այսինքն՝ պատճառը կառավարության վատ աշխատանքն է։

Մի խոսքով՝ համատեղ ուժերով մեղավորին գտան։

Ընդհանրապես՝ Հայաստանում «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր» հարցերը միշտ էլ հնչել են, բայց որպես կանոն՝ պատասխան ստացել է միայն «ո՞վ է մեղավոր» հարցը։ Որովհետեւ անգամ երբ ընդդիմությունն իշխանափոխություն էր պահանջում, դա ի վերջո ոչ այնքան «ի՞նչ անել», որքան «ո՞վ է մեղավոր»հարցի պատասխանն էր։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ինքը մի անգամ անդրադարձել է «ի՞նչ անել» հարցին ու կարծիք հայտնել, որ պետք է «խոշորներին գլխից բռնել, բայց դա ընդամենը մի լավ զվարճացրել է հասարակությանը, որովհետեւ ասողն ինքը «ամենախոշորն» էր։

Ինչեւէ։ Փաստն այն է, որ խորհրդարանում հերթական անգամ գտան մեղավորին։ Պարզվեց՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի գիշերային որոշումը սխալ չէր, ԵԱՏՄ-ն մեզ վիթխարի հնարավորություններ է տալիս, պարզապես կառավարությունը չի կարողանում բավարար չափով օգտվել այդ հնարավորություններից։ Իսկ ամենազարմանալին այն է, որՀՀԿ-ն, որն ամեն առիթով հայտարարում է, թե Կարեն Կարապետյանի կառավարությունն իր կառավարությունն է, առանձնապես չդիմադրեց ու չպաշտպանեց կառավարությանը։

Ովքե՞ր էին «Ելք» դաշինքի նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները։ Զարմանալիորեն՝ ով ասես, բացի հանրապետականներից։ Թվարկենք ամենաակտիվներին՝ Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արմեն Ռուստամյան։ Ոչ մեկը ՀՀԿ-ական չէ։ Իսկ ահա հանրապետականներից շատից-քչից նշանակալից ելույթներ ունեցան միայն Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը։ Ընդ որում՝ Էդուարդ Շարմազանովն իր ելույթի մեծ մասը նվիրեց ապրիլյան պատերազմին, որովհետեւ այդ հարցով մեղադրանքների թիրախը ոչ թե կառավարությունն է, այլ անձամբ Սերժ Սարգսյանը, իսկ Արմեն Աշոտյանն էլ, բնականաբար՝ նույնպես ապրիլյան պատերազմին անդրադառնալուց ու Սերժ Սարգսյանին պաշտպանելուց հետո, «Ելք» դաշինքին առաջարկեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնելու փոխարեն կառավարության հրաժարականը պահանջել։ Ահա այդպես։

Մի խոսքով՝ ստացվեց այնպես, որ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ խորհրդարանում ծավալվեց մի գործընթաց, որը միանգամայն ձեռնտու էր Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» կողմնակիցներին։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, հասկացավ, որ ամեն ինչ սպիտակ թելերով է կարված, ու իր կարծիքով շատ համոզիչ հակափաստարկ բերեց՝ իբր բա եթե իշխանություններին ձեռնտու է, ինչո՞ւ են բոլորը դեմ արտահայտվում։ Մինչդեռ իշխանություններին ձեռնտու էր հենց դա՝ որ քննարկումները ծավալվեն, ու բոլորը դեմ արտահայտվեն։ «Ելք» դաշինքը այնքան սիրալիր գտնվեց, որ իշխանություններին տվեց այդ հնարավորությունը։ Հասկանալի է՝ սեփական շահերից ելնելով։

Իսկ թե այդ ամենից ինչ շահեց Հայաստանը՝ էական չէ։ Էականն այն է, որ իրենց ահագին երկար «տելեվիզըրով»  ցույց տվեցին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30