Բանն այն է, որ այսօր Հայաստանում գոյություն ունեն չորս ուժային կառույցներ` բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ օլիգարխների թիկնազորները, որոնք ըստ էության ապօրինի զինված կազմավորումներ են։ Այս չորրորդ ուժային կառույցն իրականում բավականին հզոր է եւ ամենեւին էլ միայն այս կամ այն օլիգարխի անձնական թիկնապահներից չի կազմված։ Հայաստանում, ինչպես հայտնի է, կան մեկ տասնյակից ավելի օլիգարխներ, որոնք ունեն բազմաթիվ ռեստորաններ, շուկաներ, գործարաններ, խանութներ եւ այլն, եւ դրանք բոլորն իրենց հերթին ունեն անվտանգության ծառայություններ։ Ահա եւ ստացվում է, որ խոսքը առնվազն 4-5 հազարանոց լավ զինված, տեխնիկապես հագեցած ու գործնականում անվերահսկելի կառույցի մասին է։ Ժամանակին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն, օրինակ, գրեթե ոչնչացրեց այդ ապօրինի զինված կազմավորումները, եւ ոստիկանության դերը միանգամից բարձրացավ։ Մնացին երեք ուժային կառույցներ (բանակը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգությունը), որոնք էլ փոխադարձաբար հավասարակշռում էին միմյանց։ Բայց հետագայում ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը միացվեցին իրար, ուժային կառույցները դարձան ընդամենը երկուսը, եւ իսկույն հեղաշրջում եղավ։ Քոչարյանը ոչ միայն նորից առանձնացրեց այդ կառույցները, այլեւ սկսեց արագորեն վերակենդանացնել չորրորդ կառույցը` կրիմինալն ու օլիգարխների ապօրինի զինված խմբավորումները։ Ավելին` Քոչարյանի օրոք ոստիկանության ու ազգային անվտանգության դերը գնալով նվազում էր (նույնիսկ նախարարության կարգավիճակից զրկվեցին), իսկ բանդաները, հակառակը, հզորանում էին ու գրեթե օրինականացվում։ Քոչարյանը հասկանում էր, որ առանց դրա չի կարող, որովհետեւ բանակը ժողովրդի դեմ օգտագործելը «սիրուն չի», ոստիկանության վրա հույս դնել չի կարելի (դրա համար էլ 2008թ. մարտի 1-ին ոստիկանների թիկունքում «ավելի հուսալի կառույցներ» էին շարված), իսկ ապօրինի զինված կառույցները ոչ միայն բախումների ժամանակ ավելի հուսալի են, այլեւ ընտրությունների ժամանակ «տեղերում» ապահովում են ընտրակեղծիքների ողջ գործընթացը` սկզբից մինչեւ վերջ։
Հիմա Սերժ Սարգսյանն ահա այդ ընտրության առջեւ է կանգնած` վերացնո՞ւմ է ուժային չորրորդ բեւեռը, թե՞ չի վերացնում։ Եթե որոշի վերացնել` մյուս երեք բեւեռները հզորանալու են (ամբողջը բաժանվելու է ոչ թե չորսի, այլ երեքի միջեւ), եւ նա, հեղաշրջումների մասնագետ լինելով, հասկանում է դրա վտանգները։ Տեսեք` պաշտպանության նախարարությունն արդեն իսկ փորձում է հանդես գալ որպես ինքնուրույն միավոր, նախարարն էլ հասկացնում է, որ «Հարսնաքարը» պայթեցնելու ցանկություն եւ հնարավորություն ունեցողներ բանակում շատ կան։ Ոստիկանապետն ավելի զուսպ է, բայց նա էլ իր հերթին է հասկացնում, որ անհրաժեշտության դեպքում կարող է պատժել բոլորին` անկախ դիրքից ու կուսակցական պատկանելությունից։ Տեսականորեն Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող էր տեղի տալ ճնշումներին եւ վերացնել ապօրինի զինված կազմավորումները, բայց առջեւում ընտրություններ են. ո՞վ պիտի կեղծի, եթե ուժային չորրորդ բեւեռը վերանա։ Սերժ Սարգսյանն այնքան միամիտ չէ, որ «բոլոր ձվերը դնի նույն զամբյուղում» եւ ապավինի միայն Գասպարյան Վովային (հակառակ դեպքում` կստացվի, որ ինքը «Վովայի մոտ նախագահ է աշխատում»)։ Բանակում էլ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի (այնտեղ նա ավելի շատ ընկալվում է որպես «չեկիստ»)։ Ահա եւ ստացվում է, որ նա ոչ Ռուբեն Հայրապետյանին կարող է պատժել, ոչ էլ որեւէ այլ օլիգարխի։ Նույնիսկ անմիջական կատարողներին «մինչեւ վերջ» պատժել չի կարող, որովհետեւ եթե սպայակազմն ու ոստիկանները «համազգեստի պատիվ» ունեն, հաստավիզներն էլ իրենց «մունդիրի պատիվն» ունեն։
Մի խոսքով` եթե բոլոր էմոցիոնալ գնահատականները մի կողմ ենք դնում եւ սթափ գնահատում իրավիճակը, ստացվում է, որ ուժային լեգալ կառույցները (բանակն ու ոստիկանությունը) մեծ հաճույքով կոչնչացնեին ապօրինի զինված խմբավորումները։ Իսկ չեն անում, որովհետեւ այդ կառույցը գործում է Սերժ Սարգսյանի «բարձր հովանավորությամբ»։ Մեծ հաշվով` այդ հաստավիզները հենց Սերժ Սարգսյանի թիկնապահներն են։ Մնացածը «հավատանք, որ փոխենք»-ի շարքից է։