Եվ այսպես, ընդամենը 7 ամիս առաջ տեղի ունեցած մարդահամարի տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թիվը մոտ 2,9 միլիոն է։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում ընտրելու իրավունք ունի բնակչության մոտ 75 տոկոսը («պլյուս-մինուս» մեկ-երկու տոկոս), այսինքն` Հայաստանում ընտրողների իրական թիվը մոտ 2,17 միլիոն է։ Որպես կանոն` խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմում է 50-55 տոկոս։ Ենթադրենք` Հայաստանում 55 տոկոս է եղել. ստացվում է, որ ընտրություններին մասնակցել է մոտ 1,2 միլիոն մարդ (ամենաուռճացված գնահատականներով)։ Պաշտոնական տվյալներով, հիշեցնենք, ընտրություններին մասնակցել է համարյա 1,6 միլիոն մարդ, այսինքն` մոտ 400 հազար ձայն կեղծվել է։ Համաձայնվեք` դժվար թե «Միավորված հայերը» կեղծած լինեին։ ՀՀԿ-ից բացի «գործընթացին» կարող էր մասնակցած լինել մեկ էլ ՕԵԿ-ը` «կրտսեր եղբոր» կարգավիճակով։ Ենթադրաբար` այդ 400 հազարից 350 հազարը «քվեարկել են» ՀՀԿ-ի օգտին, 50 հազարը` ՕԵԿ-ի։ Եթե այդ 400 հազար ձայները հանում ենք, ստացվում է հետեւյալ պատկերը։ ՀՀԿ-26%, ԲՀԿ-37,8%, ՀԱԿ-9%, «Ժառանգություն»-7,2%, ՀՅԴ-7,2%, ՕԵԿ-2,7%, ՀԿԿ-1,4%, ՀԴԿ-0,5%, «Միավորված հայեր»-0,26%։ Եթե հաշվի առնենք, որ մեծամասնական պատգամավորների հաշվին ՀՀԿ-ն այսպես թե այնպես ԲՀԿ-ից շատ պատգամավորներ կունենար (բայց բացարձակ մեծամասնություն ստանալ չէր կարող), ստացվում է, որ այդ հավելյալ 400 հազար ձայներն ընդդիմության տոկոսների վրա առանձնապես չեն ազդել, դրանք ազդել են միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերակցության վրա։ Պարզ ասած` ՀՀԿ-ն ընտրակեղծիքների միջոցով ընդդիմությանը չի հաղթել, ԲՀԿ-ին է հաղթել։
Ուշադրություն դարձրեք` այս դեպքում ընտրակաշառքների մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետեւ թեեւ դա համարվում է շատ լուրջ ընտրակեղծիք եւ քրեորեն պատժելի է, բայց ենթադրվում է, որ ընտրակաշառք վերցնելն ու ըստ դրա քվեարկելն ինչ-որ իմաստով նույնպես ընտրություն է։ Պարզ ասած, քաղաքացին ընտրության հնարավորություն է ունեցել` կաշառվե՞լ, թե ոչ, եւ կատարել է իր ընտրությունը։ Դա, իհարկե, տխմար ընտրություն է, բայց ՀՀ Սահմանադրության ոչ մի հոդվածում չի ասվում, որ քաղաքացու ընտրությունն անպայման պիտի խելացի եւ գիտակցված լինի։ Այնպես որ` ընտրակաշառք վերցնողներին մեղադրելու փոխարեն պետք է ընդամենը արձանագրել, որ նրանք էլ իրենց ընտրությունն են կատարել, եւ անցնել առաջ։
Հիմա անդրադառնանք ընդդիմության արդյունքներին։ Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, ստացել է մոտ 107 հազար ձայն (համենայն դեպս` ահազանգեր չկան, որ Կոնգրեսի օգտին քվեարկված թերթիկները զանգվածաբար գրանցել են այլ ուժերի օգտին)։ Սա արձանագրենք եւ փորձենք հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմով են «քվեարկել» գոյություն չունեցող 400 հազար ընտրողները։ Ենթադրաբար` դրանք եղել են շրջիկ խմբեր (ասենք` տասը հոգանոց), որոնք տասը անգամ քվեարկել են տարբեր տեղամասերում։ Ստացվեց, որ «գործընթացին» մասնակցել է մոտ 40 հազար մարդ։ Բայց եղել է նաեւ «սպասարկող անձնակազմ»` վարորդներ, վերակացուներ, գումար բաժանողներ, հանձնաժողովների մի քանի անդամներ (առանց դրա հնարավոր չէ), ոստիկաններ եւ այլն։ Եթե գումարում ենք սրանց բոլորի թվերը, ստացվում է առնվազն 100-110 հազար մարդ։ Այսինքն` Հայաստանով մեկ ընտրակեղծիքներին անմիջական մասնակցություն ունեցածներն ավելի շատ են եղել, քան Հայ ազգային կոգրեսին ձայն տվածները։ Սա, ի դեպ, նույնպես ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ ընդդիմությունը պարտվել է, եւ պարտվել է ոչ թե փոքրաթիվ ավազակախմբի, այլ թվով իրեն գերազանցող բանակի։ Եվ սա, ի դեպ, ընտրությունների ամենածանր արդյունքն է։
Իսկ ահա Վիկտոր Դալլաքյանը չի ընտրվել։ Սա` իմիջիայլոց։ Հոդվածը լավատեսական նոտայով ավարտելու համար։