22.12.2017 06:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փոխենք անփոխարինելին

Ձախողման ամենաօբյեկտիվ պատճառը

Ձախողման ամենաօբյեկտիվ պատճառը

Ինչպես եւ սպասվում էր՝ որքան մոտենում 2018-ի ապրիլը, այնքան ՀՀԿ «կուռ շարքերն» ակտիվացնում են խոսակցությունները Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին։ Ընդ որում՝ որեւէ մեկը նրա «անցած ճանապարհից» բացի այլ փաստարկ չի բերում։

Բայց որեւէ գործչի անցած ճանապարհը գնահատելու միայն մի չափանիշ կա. ի՞նչ կոնկրետ արդյունքներ են գրանցվել նրա գործունեության արդյունքում։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում այդ արդյունքները, մեղմ ասած, խայտառակ են։ Նրա նախագահության տասը տարիներին տեղի է ունեցել հետեւյալը։ 1. Հայաստանից արտագաղթել է առնվազն 370 հազար մարդ (բնակչության 13 տոկոսը), 2. Աղքատության մակարդակը 22 տոկոսից հասել է 30-ի, 3. Պետական պարտքը աճել է 4 անգամ, 4. Վերջին 23 տարվա մեջ առաջին անգամ Արցախում տարածքային կորուստներ ենք ունեցել։ 5. Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին ու էապես սահմանափակել իր ինքնիշխանությունը։ Ու հիմա եթե ՀՀԿ-ականները հայտարարում են, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, այստեղ երկու տարբերակ կա։ Կամ՝ նրանք գոհ են այդ արդյունքներից եւ գտնում են, որ պետք է շարունակել նույն ձեւով, ու դա կարող է անել միայն Սերժ Սարգսյանը (իսկապես էլ՝ հատուկ տաղանդ է պետք միաժամանակ բոլոր ոլորտներում ձախողվելու համար), կամ էլ՝ նրանք արդյունքներից գոհ չեն, բայց գտնում են, որ ձախողումները բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունեն, որոնց հետ Սերժ Սարգսյանը կապ չունի։

Ենթադրենք՝ ճիշտը երկրորդ տարբերակն է։ Որո՞նք են այդ «օբյեկտիվ պատճառները»։ Սոցիալական այս ահավոր վիճակի համար օլիգարխնե՞րն են մեղավոր։ Բայց բոլոր օլիգարխները Սերժ Սարգսյանի կողքին են ու նրա անունով են երդվում, էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանն ինքը ամենամեծ օլիգարխներից մեկն է (բնականաբար՝ միջնորդավորված)։ Գուցե մենաշնորհնե՞րն են մեղավոր։ Բայց Սերժ Սարգսյանն ինքն է կրծքով պաշտպանում մենաշնորհ ունեցողներին («բա ուզում եք, որ Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»)։ Գուցե Հայաստանի շրջափակո՞ւմն է մեղավոր։ Բայց Սերժ Սարգսյանն այնքան փառահեղորեն է ձախողվել «ֆուտբոլային դիվանագիտության» ոլորտում (կոալիցիոն գործընկեր դաշնակների ականջը կանչի, մի ժամանակ ասում էին «ցյուրիխյան ուրացում»), որ դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի են վատացել։ Կամ գուցե ԵԱՏՄ-ին անդամակցե՞լն է սոցիալական իրավիճակի վատթարացման պատճառը։ Բայց Սերժ Սարգսյանն ինքն է «մի գիշերվա մեջ» Հայաստանը մտցրել այդ կառույցը։ Թե՞ գիտեր, որ այդպես է լինելու, բայց անվտանգության նկատառումներով է արել։ Գուցե։ Միայն թե՝ ապրիլյան պատերազմը դրանից հետո է եղել։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ոչ թե օբյեկտիվ պատճառներով է ձախողվել, այլ ինքը տեղով մեկ արդեն «օբյեկտիվ պատճառ» է, որն անխուսափելի է դարձնում հետագա ձախողումները։ Իսկ ՀՀԿ-ում նրան անփոխարինելի են համարում, որովհետեւ եթե նա փոխվեց՝ իրենք էլ են փոխվելու։ Իսկ այսպես՝ հազիվ հարմարվել են, ամեն մեկը կերակրատաշտի մերձակայքում իր տեղը գտել է, իր ասելիքն ու անելիքը գիտի, «շեֆն» էլ՝ ոչինչ, աշխատում է, թող տարին մեկ էլ սրան-նրան մի թեթեւ բշտի, շատ-շատ՝ ունեցվածքի մի մասն է խլում, հո չի՞ նստացնում։ Երկիրն էլ դատարկվում է՝ թող դատարկվի, բա մեր ճակատին դա է գրված, պիտի գոտիներս ձգենք։ Կարեւորը՝ որ պատճառներն օբյեկտիվ են։ Նավթ չունենք, թուրքը մնում է թուրք, Հերմինե Նաղդալյանի հեռախոսի «վայբերը» չի անջատվել...

Մնում է, որ կարողանան «շեֆին» համոզել։ Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Օբյեկտիվ պատճառներով։ Թե չէ հաջորդը կարող է սուբյեկտիվ լինի ու քրեական գործեր հարուցի։ Ո՞վ զահլա ունի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30