16.04.2012 19:11 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նոր ավանդույթներ

Շառից, սկանդալից հեռու

Օտարերկրյա պետությունների ղեկավարները ներկա չեն լինի Վլադիմիր Պուտինի երդման արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի աշխատակազմը։ Քաղաքագետները ենթադրում են, որ այդ որոշումը թույլ կտա խուսափել սկանդալից, եթե հրավիրված ղեկավարներից որեւէ մեկը հանկարծ հրապարակավ հրաժարվի մասնակցել արարողությանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ արարողության հյուրեր կարող են լինել ԱՊՀ երկրների ղեկավարները։ Ռուս քաղաքագետ Պավել Սվյատենկովը գտնում է, որ օտարերկրյա ղեկավարներ չհրավիրելու որոշումը հաջող քայլ էր Կրեմլի կողմից։

«Արարողակարգի տեսանկյունից այդ քայլը բավական հաջող է ստացվել։ Որովհետեւ նման արարողությանը այլ  երկրների ղեկավարների հրավիրելը միշտ էլ կարող է դիվանագիտական սկանդալի առիթ հանդիսանալ։ Մեկ էլ տեսար, ինչ-որ մեկը ցուցադրաբար մերժի հրավերը, լրատվամիջոցներում սկանդալ կլինի, նման հանդիսավոր արարողության համար կլինեն բացարձակապես անցանկալի քննարկումներ։ Այստեղ կարող է լինել երկու որոշում. կամ հրավիրել բոլոր երկրների ղեկավարների` ամեն ինչ անելով, որ նրանք գան, ինչը քիչ հավանական է, կամ էլ ոչ մեկին չհրավիրել», նշել է քաղաքագետը։

  Հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահի երդման արարողությանը օտարերկրյա ղեկավարները չեն հրավիրվում 2000 թվականից ի վեր, երբ երկրի ղեկավար ընտրվեց Վլադիմիր Պուտինը։

Մինչ այդ, առաջին անգամ Կրեմլի պալատում 1991 թվականի հուլիսի 10-ին տեղի ունեցավ Բորիս Ելցինի երդման առաջին արարողությունը։ Դրան մասնակցում էին Հայաստանի եւ Լատվիայի Գերագույն Խորհրդի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Անատոլի Գորբունովը։

Երկրորդ արարողությունը` 1996թ. օգոստոսի 9-ին, Ելցինի առողջական ծանր վիճակի պատճառով կարճ է տեւել, բայց եւ այնպես դրան մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները։

Իսկ ահա Վ. Պուտինի առաջին ինաուգուրացիայի` 2000թ. մայիսի 7-ին, օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի չեն հրավիրել` սահմանափակվելով դիվանագիտական անձնակազմով։ Այդ քայլը այն ժամանակ Կրեմլում պատճառաբանեցին արարողության «ներռուսական բնույթով»։

2004թ. մայիսի 7-ին նույն հիմնավորմամբ օտարերկրյա հյուրերից ներկա էր միայն դիվանագիտական անձնակազմը։

2008թ. մայիսի 7-ին երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնամուտի ժամանակ իրավիճակը կրկնվեց։ Երբ լրագրողները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին ուղիղ հարցրեցին, թե ինչ պատճառով նա չի մասնակցել միջոցառմանը, նա հայտարարեց, որ «այնտեղ ոչ մի նախագահ չի եղել եւ դա ամրագրված է եղել արարողակարգով»։

Համեմատության համար ասենք, որ Վիկտոր Յուշչենկոյի երդման արարողությանը` 2005 թվականի հունվարին, մասնակցում էին ավելի քան 20 պետության եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Մասնավորապես, այնտեղ էին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հոպ Սխեֆերը, ԵԱՀԿ նախագահ Դմիտրի Ռուպելը, Եվրամիության կոմիսար Բենիտա Ֆերերո-Վալդները, Ռումինիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի եւ այլ երկրների ղեկավարներ։

Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությանը` 2009թ. հունվարին օտարերկրյա ղեկավարներ նույնպես չեմ մասնակցել, բայց դրա պատճառը այլ է` դա հակասում է այնտեղ ձեւավորված ավանդույթներին։

Հավելենք, որ Վ. Պուտինի երդման արարողությունը կկայանա մայիսի 7-ին։ Դրան հրավիրված է մոտ հազար հյուր։ Ավելի վաղ, ՌԴ նախագահի գործերի կառավարիչը «Կոմերսանտին» հայտնել էր, որ միջոցառման առանձնահատուկ հյուրերը կլինեն Իտալիայի եւ Գերմանիայի նախկին ղեկավարներ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Գերհարդ Շրյոդերը, քանի որ նրանք համարվում են Ռուսաստանի նախագահի անձնական ընկերները։

Արժե հիշեցնել, որ 2003թ. եւ 2008թ. նախագահական ընտրություներից հետո, որոնց արդյունքները միջազգային հանրությունը համարեց ոչ լեգիտիմ, Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը օտարերկրյա հյուրերի թվում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի եղել, այլ միայն չորրորդական պաշտոնյաներ, ինչպես օրինակ Իլյա Կլեբանովը։ Իսկ 2008-ին` հյուրերի թվում բացակայում էին նաեւ Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31