Բանն այն է, որ նույն օրն առավոտյան Սոբչակի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, իսկ թե ինչ էին փնտրում եւ ինչ գտան` դա առանձին պատմություն է։ Ռուսաստանի նախագահական նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում հայտնի հաղորդավարուհին հասցրեց կողմնորոշվել իր քաղաքական դիրքորոշման հարցում եւ միացավ ընդդիմադիրներին` հաշվի չառնելով «կնքահոր»` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանգամանքը եւ անգամ «ողորմածիկ» հոր քաղաքական համբավն ու ներդրումը, թեեւ այդ փաստը երբեք էլ չէր հուզում նրան։
Բազմաթիվ ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ ըմբոստ Սոբչակն ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ինչպես իր կոչերով սոցիալական ցանցերում, այնպես էլ Ռուսաստանի իշխող ուժը դատապարտող արտահայտություններով տարբեր հարցազրույցների, ելույթների եւ անգամ «Նիկա» ռուսական ամենամյա կինոմրցանակաբաշխության բեմից, որը հենց ինքն էր վարում։ Թերեւս դա հայտնի հաղորդավարուհու վարած վերջին մասշտաբային նման տեսակի միջոցառումն էր, քանզի իր վարքն արդեն սկսում էր «չդզել» Պուտինի ապարատին, իսկ ավելի ճիշտ, եթե ոչ հենց նույն Պուտինին։ Այսպես Քսենյային հեռացրեցին «Մուզ ԹիՎի» մրցանակաբաշխությունից, ինչպես նաեւ մի շարք այլ խոշոր հեռուստատեսային նախագծերից` պատճառաբանելով, որ հրամանը «վերեւից» է տված։ Այդ մասին հաղորդավարուհին բազմիցս է նշել իր ինտերնետային միկրոբլոգում եւ «Դոժդ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հեղինակային թոք-շոուի շրջանակներում։
Բոլորին հետաքրքրում էր այն հանգամանքը, որ Սոբչակն անձեռնմխելի էր կարծես Ռուսաստանի հետընտրական «ռեժիմում», երբ ձերբակալվում էին բոլոր այն հայտնի անձինք, ովքեր ինչ-որ կերպով կփորձեին դժգոհություն կամ «պռոտեստ» ցուցաբերել արդեն պաշտոնապես գործող պուտինյան իշխանության դեմ։ «Կնքահոր» (այսպես էր Պուտինին անվանում Սոբչակը) դժգոհության առաջին նախանշաններն արտահայտիչ դարձան, երբ անցած շաբաթ Քսենյան «մեկ գիշերով» ձերբակալվեց ընդդիմադիր հանրահավաքի մի շարք վառ ու գործող կառավարության աչքը ծակող մասնակիցների հետ։
Սակայն, երեւի հետեւելով «սանուհու» դրանից հետո արված «թվիթերյան» գրառումներին, «ռեժիմը» կամ նույն ինքը` «կնքահայրը» որոշեց հանդարտեցնել անսանձելի շիկահերի քաղաքական թեժ ըմբոստ կրքերը։ Հունիսի 11-ի վաղ առավոտյան իրականացրած խուզարկության ընթացքում, ըստ Սոբչակի, «դիմակավորները», բացի նրանից, որ թույլ չէին տալիս նրան հագնվել, նաեւ կիսամերկ հաղորդավարուհու ներկայությամբ ծաղրանքով կարդում էին նրա սիրային, անձնական նամակներն ու քրքրում անձնական իրերը։ Հատկանշականն այն է, որ խուզարկության ընթացքում Սոբչակի բնակարանում գտել եւ առգրավել են նրա համակարգիչները, փաստաթղթերը, ոսկյա զարդերն ու սեյֆում պահած մոտ 2 միլիոն եվրոյի գումար։ Հենց այդ գումարն էլ «ձեռի հետ» պատճառ դարձավ հաղորդավարուհու «հախից» գալու, բերանը փակելու եւ հասարակության բացասական արձագանքներին արժանացնելու միջոց, քանզի ըստ օրենքի նման քանակությամբ «քեշ» փող տանը պահելու հանգամանքը խիստ կասկածներ է առաջացնում, իսկ բացի այդ, այդչափ գումարներ վաստակողներն ու ունեցողները պարտավոր են «նալոգներ» մուծել պետությանը։ Հետեւաբար ոստիկանության հետաքննչական բաժինն արդեն ստուգումներ է նշանակել Սոբչակի միլիոնների «լեգալ կամ ոչ լեգալ» լինելու հանգամանքով։ Ըստ Սոբչակի, նա իր ողջ ունեցվածքը միշտ տանն է պահել, քանի որ երբեք չի վստահել բանկային համակարգին, եւ դրա մեջ ոչ մի «աննորմալ» բան չի տեսնում, իսկ այժմ ստիպված կլինի առաջին անգամ պարտքով գումար խնդրել իր ընկերներից մինչեւ հետաքննության գործի ավարտը, քանզի ամբողջն առգրավված է։
Հայտնի է նաեւ, որ այդ օրը նույն «ոճով» խուզարկություն էր իրականացվել հանրահավաքների մի շարք «թափով» ակտիվիստների` Ալեքսեյ Նավալնու, Սերգեյ Ուդալցովի, Բորիս Նեմցովի եւ Իլյա Յաշինի, բնակարաններում նույնպես։ Ի դեպ, Յաշինին այդ առավոտյան սկզբում հայտնաբերեցին Սոբչակի բնակարանում, այնուհետեւ տեղափոխեցին իր առանձնատուն, որտեղ եւ իրականացրին խուզարկությունը։
Հետաքրքիրն այն է, որ ցանկացած ռեժիմ, ինչպես նաեւ մեզ մոտ` Հայաստանում, միշտ կարծես վախենում եւ իր ամենախոցելի տեղն է համարում նմանատիպ հայտնիների եւ իրենց հետեւում կանգնած իրենց իսկ հավատարիմ երկրպագուներին։ Հետաքրքիրն այն է, որ տվյալ ռեժիմներն իրենք իրենց երկրպագուները չունեն եւ նմանատիպ մեթոդներով բերան փակողներին համարում են իրենց ձեռքբերումը։ Այս խնդիրը ոչ միայն Ռուսաստանինն է կամ Սոբչակինը, այլ սա խնդիր է բոլորիս համար, քանզի մինչ «ռեժիմականները» մի քանի հազարներով առնում են տգետ, միամիտ եւ իրենց պես թույլերին` դարձնելով իրենց սեփական ֆանատները, իրական դեմքերն իրական երկրպագուներով գլխներին «սարքածների» տակից են փորձում դուրս գալ։