13.06.2012 19:54 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ճանտռակուլի

Նոր կառավարության իրական ծրագիրը

Նոր կառավարության  իրական ծրագիրը

Եվ այսպես` ընդամենը մի քանի օրից Տիգրան Սարգսյանի «նոր» կառավարությունը ստիպված կլինի ներկայացնել իր գործունեության ծրագիրը։ Վարչապետն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ (բացի Կոնգրեսից), ազգային քաղաքագիտական միտքն էլ ջանում է կռահել, թե ո՞ր ուժերը դեմ կքվեարկեն ծրագրին։ Ուշադրություն դարձրեք` բուն ծրագիրը որեւէ մեկին չի հետաքրքրում, բոլորի ուշադրության կենտրոնում կողմ կամ դեմ քվեարկելն է։

Մեծ հաշվով` բուն ծրագիրն իսկապես էլ որեւէ նշանակություն չունի։ Նույն Տիգրան Սարգսյանի կառավարության նախորդ ծրագիրն, օրինակ, կատարելապես ձախողվել է, բայց ո՞ւմ է դա հետաքրքրում։ Այնպես որ` Տիգրան Սարգսյանը հանգիստ խղճով կարող է նոր ծրագրում գրել, ասենք, որ 2012-17 թվականներին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունը լինելու է տափաստանային մանրականջ ուղտերի բուծումը, Երանոս գյուղում բալիստիկ սուզանավերի գործարան է կառուցվելու եւ այլն։ Միեւնույն է` բոլորն էլ գիտեն, որ այդ ծրագրերը չեն կատարվելու. ավելին` կառավարությունն այդ ուղղությամբ չի էլ աշխատելու։ Պարզապես մեր օրենսդրությունը պահանջում է, որ նոր ձեւավորված կառավարությունը ծրագիր ներկայացնի` իրենք էլ թղթի վրա ինչ-որ բաներ են գրում ու ներկայացնում։ Օրենսդրությունը պահանջեր ծրագրի փոխարեն ԺԷԿ-ի տեղեկանք ներկայացնել` այդ թուղթը կներկայացնեին։ Մի խոսքով` ձեւական բան է։

Բայց Հայաստանի տնտեսությունն այնուամենայնիվ ինչ-որ կերպ գոյատեւում է, հետեւաբար` ծրագրի նման ինչ-որ բան կա։ Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանը չի կարող ներկայացնել դա։ Եթե նա հեքիաթներ պատմելու փոխարեն որոշեր ներկայացնել իրական ծրագիրը, այդ փաստաթուղթը մոտավորապես այսպիսի տեսք կունենար. «Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման առկա միտումները եւ Հայաստանի տնտեսության փաստացի ճանտռակուլի վիճակը, անհրաժեշտ ենք համարում կառավարության գործունեության գերակա ուղղություններ հռչակել բացառապես այն ոլորտները, որոնք կապահովեն կանխիկ տարադրամի ներհոսք։ Այդ ուղղություններն են. 1. Ընդերքի հարստությունների անխնա շահագործումն ու արտահանումը, 2. Աշխատուժի արտահանումը (հետագայում մասնավոր տրանսֆերտների ներհոսքի ակնկալիքով), 3. Նորանոր վարկերի ստացումը»։ Վերջ, ահա եւ ամբողջ ծրագիրը։ Եթե նկատել եք` վերջին չորս տարիներին կառավարությունը հենց այս ծրագիրն է իրականացրել. բոլոր հանքավայրերը վաճառված են եւ անխնա շահագործվում են, արտագաղթը խրախուսվում է գրեթե պետականորեն, արտաքին պարտքն էլ կրկնապատկվել է։ Փաստորեն Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում այն խաղամոլից, որն ամեն օր կազինոյում տանուլ է տալիս ունեցած-չունեցածը, կեսգիշերին վերադառնում տուն, բացարձակապես արհամարհում տնեցիների բողոքներն ու միաժամանակ աչքերով փնտրում, թե ուրիշ է՞լ ինչ կարելի է վաճառել` հաջորդ օրը նույնպես կազինո գնալու համար։ Հիմա հարց է ծագում` իմաստ ունի՞ արդյոք լսել, թե ինչ ծրագրեր ունի այդ մարդը առաջիկա շաբաթների համար։ Եվ եթե անգամ ծրագրեր ունի` արժե՞ արդյոք լուրջ ընդունել դրանք։

Իսկ ահա Սերժ Սարգսյանը կրծքով է պաշտպանում նրան։ Հիմնական փաստարկն էլ հետեւյալն է. ամեն ինչում մեղավոր է համաշխարհային ճգնաժամը, իսկ Տիգրան Սարգսյանը լավ վարչապետ է, եթե նրա փոխարեն ուրիշը լիներ` Հայաստանի տնտեսության վիճակը գուցե շատ ավելի ծանր լիներ։ Ըստ էության Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ այս փաստարկով ինքն իրեն է գնահատական տալիս։ Նշանակում է` այդ ի՞նչ վիճակի է հասցրել երկիրը, որ անգամ ամենահաջող վարչապետը տնտեսության 14 տոկոսանոց անկում է արձանագրում, այսինքն` դա հնարավոր ամենափայլուն արդյունքն է։ Պատկերացրեք` ֆուտբոլային թիմի մարզիչն ասեր. «հետո՞ ինչ, որ տղաները 14։0 պարտվեցին, թիմի ավագը շատ ճիշտ է ընտրված. ուրիշը լիներ` 24։0 կպարտվեինք»։ Դա կնշանակեր, որ այդտեղ թիմ չկա, պետք է անմիջապես կազմալուծել ու բոլորին վռնդել, իսկ գլխավոր մարզչին` այլեւս երբեք թույլ չտալ ֆուտբոլով զբաղվել։

Բայց Սերժ Սարգսյանին դա չի սպառնում, նա մեծամասնություն ունի։ Իրական սպառնալիքը Հայաստանի համար է, որովհետեւ երկիրը դատարկվում է։ Բայց դա էլ լիովին տեղավորվում է կառավարության ծրագրի «Աշխատուժի արտահանում» գերակա ուղղության շրջանակներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30