01.06.2013 09:48 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տոկոս են խփում

Թալանը` բաց խաղաքարտերով

Թալանը` բաց խաղաքարտերով

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական ծիսական արարողությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2012թ. բյուջեի կատարողականը։ Ցանկացած նորմալ երկրում սա կլիներ տարվա թերեւս կարեւորագույն տնտեսական իրադարձությունը, որովհետեւ կառավարությունը փաստորեն հաշվետվություն էր ներկայացնում մի ամբողջ տարվա կատարած աշխատանքի մասին։

Բայց հայկական արարողակարգն այս դեպքում միանգամայն այլ ընթացք է ենթադրում` վարչապետը միապաղաղ ելույթ է ունենում, պատգամավորներից մի քանիսը հայտարարում են, որ չեն հավատում այդ հեքիաթներին, հետո ձայների մեծամասնությամբ հաշվետվությունն ընդունվում է, եւ վերջ։

 Հիմա` ավելի կոնկրետ։ Տիգրան Սարգսյանի ելույթի համաձայն, 2012-ին Հայաստանում տնտեսական հրաշք է տեղի ունեցել։ Կառավարությունը նույնիսկ ավելի լավ է աշխատել, քան կարելի էր ակնկալել, դրա համար էլ տնտեսական աճը նախատեսված 4,2 տոկոսի փոխարեն կազմել է 7,2 տոկոս։ Գնաճն էլ, ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, եղել է ընդամենը 3,3 տոկոս։ Այսինքն` պետք էր ենթադրել, որ մարդկանց կենսամակարդակը դրա արդյունքում պիտի աճի։ Բայց Տիգրան Սարգսյանն այս թեման շրջանցելու փայլուն ձեւ է գտել` ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցին, եւ վերջ։ Տնտեսությունն աճել է այսքան, արդյունաբերությունն` այսքան, սպասարկման ոլորտն` այսքան, իսկ թե ինչպես է այդ ամենն անդրադարձել մարդկանց կենսամակարդակի վրա` կներեք, ոչ մեկի տանձին չի։

Տիգրան Սարգսյանի ելույթն, ի դեպ, հագեցած էր խուճուճ թվերով։ Նրան երեւի թվացել էր, թե որեւէ մեկն այդ թվերին ուշադրություն չի դարձնելու, դրա համար էլ ինչքան ուզել` «տոկոս էր խփել»։ Ցույց տալու համար, թե ինչ անհեթեթ թվեր էին ներկայացված նրա ելույթում, բերենք միայն մի օրինակ։ Ըստ նրա, 2012-ին շինարարության ոլորտում գրանցվել է 3,3 տոկոսանոց աճ, բայց ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինը էապես նվազել է` 25,3 տոկոսից իջնելով 12,2 տոկոսի։ Հնարավո՞ր է արդյոք նման բան։ Հարցրեք 7-րդ դասարանի ցանկացած աշակերտի։ Կպատասխանի` տեսականորեն, իհարկե, հնարավոր է։ Պարզապես պետք է բավականին պարզ մաթեմատիկական գործողություն կատարել, եւ ակնհայտ կդառնա, որ նման բան հնարավոր է միայն մի դեպքում` եթե երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է միանգամից 114 տոկոսով (կամ 2,14 անգամ)։ Նման բան, իհարկե, չի եղել, հետեւաբար` սա սովորական խաբեություն է։ Իսկ գուցե խաբեության հարց չկա՞, գուցե սովորական վրիպա՞կ է։ Ոչ, դա բացառված է։ Որովհետեւ, ըստ այդ հաշվետվության, ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինն իբր 13,3 տոկոսից հասել է 17,2 տոկոսի, գյուղատնտեսության բաժինը` 16,3 տոկոսից 19-ի, ծառայությունների ոլորտինը` 30 տոկոսից 40-ի եւ այլն։ Եթե այդ ոլորտների մասնաբաժինն ավելանում է, մեկ այլ ոլորտինը պիտի նվազի (որովհետեւ գումարը պիտի 100 տոկոս կազմի), այսինքն` եթե շինարարության ոլորտի մասին գրածը սխալ է, ուրեմն մյուս բոլոր ոլորտների վերաբերյալ հենց այնպես թվեր են նկարել։

Բայց կարեւորը նույնիսկ սա չէ, որովհետեւ, վերջին հաշվով, որեւէ մեկի համար նորություն չէ, որ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարության անդամները զբաղված են բացառապես թվեր նկարելով ու իրենց սեփական բիզնեսները զարգացնելով։ Փաստն այն է, որ Հայաստանում սոցիալական վիճակն օրեցօր ծանրանում է, երկիրը բառիս բուն իմաստով դատարկվում է, իսկ Տիգրան Սարգսյանը բացահայտորեն հիմարի տեղ է դնում ժողովրդին, եւ այս խայտառակությունը կասեցնելու որեւէ մեխանիզմ չկա։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը, երբ հրեային հարցնում են` որտեղի՞ց այդ մեկ միլիոնը, ասում է` պահարանի վրայից, իսկ ո՞վ է այնտեղ դրել` կինս, իսկ կնոջդ որտեղի՞ց` ես եմ տվել, իսկ քեզ որտեղի՞ց` պահարանի վրայից... Հիմա Հայաստանում նույն վիճակն է։ Տիգրան Սարգսյանին հարցնում են` ինչպե՞ս են եկամուտներդ այդքան աճել, ասում է` չեն աճել, բանկային դիվիդենտներս են աճել, իսկ որտեղի՞ց այդ բանկային դիվիդենտները... ձայն չկա։ Մարզպետին հարցնում են` որտեղի՞ց քեզ 7 միլիոն դոլար, ասում է վատ բան մի կասկածեք, 4 միլիոնով բաժնետոմսեր եմ առել, 7-ով վաճառել, ես ազնիվ, աշխատավարձով ապրող մարդ եմ։ Հայաստանում, հասկանում եք, «գիտակցության հեղափոխություն» է տեղի ունեցել։ Այլեւս որեւէ բան թաքցնելու կարիք չկա։ Թալանում ենք` լավ ենք անում, գնացեք գլուխներդ պատով տվեք։

Մի խոսքով` կառավարությունը բաց խաղաքարտերով է խաղում։ Ձեւականությունների կարիք չկա։ Նույնիսկ կարկտահարությունից տուժածներին ոչ թե բյուջեից են օգնում, այլ «իրանց ջեբից»։ Բա իհարկե. ինչ պետություն, ինչ բան, ախպեր, մի բուռ հայ ենք մնացել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30