19.05.2015 14:59 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ամեն տարին նույնն է

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ նախարարության ներկայացուցիչները մեկնել են համայնքներ եւ համայնքների ղեկավարների, մարզպետարանների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ տեղում իրականացրել համապատասխան ուսումնասիրություններ եւ դիտարկումներ։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ եւ 395 հեկտար խաղողի այգիներ։ Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ։

 Այնպիսի տպավորություն է, որ գյուղնախարարության միակ գործը վնասներ հաշվելն է։ Թե ինչու է կարկուտը այդքան վնաս պատճառում, ինչու կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում` դրա մասին խոսք չկա։ Վնաս հաշվել կարող է նաեւ ցանկացած այլ նախարարություն, նույնիսկ տուժած գյուղացիները։ Ամեն տարի նույն հաղորդագրությունը՝ մի փոքր այլ թվերով, միշտ ներկայացնում է։ Թեպետ նախարարությունը նշել է, թե վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են  հասցվող վնասի չափերը, բայց իրականում պատկերը նույնն է մնացել։

Բայց ամենահետաքրքիրը նախարարության հաղորդագրության այն հատվածն է, թե «մայիսի 15-ի կարկտահարության հետեւանքով պատճառված վնասների չափերը  էական ազդեցություն չեն ունենա  2015 թվականի համար կանխատեսվող պտղի եւ խաղողի արտադրության ծավալների վրա»։ Այսինքն, միայն Արմավիրի մարզում 1454 հեկտար տարածքները էական չեն։ 

 Այն, որ նախարարության ասածները աբսուրդ են, հաստատում է նաեւ Արգինայի գյուղապետ Մուշեղ Գրիգորյանի ներկայացրած պատկերը՝ կարկուտի վնասների մասին։ Գյուղապետը Newsbook-ի հետ զրույցում նշել է, որ կարկուտը սրբել-տարել է այն ամենը, ինչը հանդիսանում էր Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչների ապրուստը՝ պտուղ-բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ եւ մշակաբույսեր։

«Պտղատու ծառերը 100 տոկոսով տուժել են, ցորենի եւ գարու ցանքատարածությունները մասնակի են վնասվել։ Նույնիսկ խոտն է ոչնչացրել։ Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ գյուղատնտեսության փոխնախարարները եղել են գյուղում, իրենց աչքով տեսել են, թե կարկուտն ինչքան վնաս է հասցրել գյուղին», ասել է նա։

Գյուղապետը նշել է, որ կարկուտի ժամանակ հակակարկտային կայանները գործի են դրվել, բայց՝ ապարդյուն։ «Մեր գյուղի տարածքում 2 հակակարկտային կայան է գործարկվում, որից մեկը նախատեսված է 50-60 հեկտարի համար։ Իսկ մեզ մոտ միայն պտղատու այգիները 350 հա են կազմում, այդ 2 կայանը դրան ի՞նչ պետք է անեն, իսկ 750 հա էլ կազմում են գյուղի վարելահողերը։ Կարկուտը նույնիսկ հակակարկտային կայանի վրա էր գալիս»,- շեշտել է Գրիգորյանը։ Գյուղապետը հայտնել է, թե գյուղացին հույս ունի, որ ոչ միայն կօգնեն իրենց, այլեւ կսառեցնեն վարկերը, քանի որ գյուղի բնակիչների մեծ մասը վարկեր ունի։ Իսկ օգնություն չստանալու դեպքում գյուղացիները մտածում են դիմել պայքարի ավանդական միջոցին՝ փակել Երեւան- Արմավիր ճանապարհը` ինչպես նախորդ տարիներին։ Հաշվեք, որ արդեն փակել են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31