23.01.2014 15:11 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բանջարաբոստանային

Նատյուրմորտ` Տիգրան Սարգսյանով եւ տնտեսական աճով

Նատյուրմորտ` Տիգրան Սարգսյանով եւ տնտեսական աճով

Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը սկսել է անմիջականորեն ազդել Հայաստանի առանց այն էլ աղետյալ տնտեսության վրա։ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը, օրինակ, մոտավոր հաշվարկներ է արել եւ պարզել, որ այս ձմեռ մոտ 12 հեկտար ջերմոց անմշակ է մնացել (դա Հայաստանի ջերմոցային տնտեսությունների մոտ 9 տոկոսն է)։

Նա, ի դեպ, պնդում է նաեւ, որ նախկինի համեմատ հիմա նույն տարածքը տաքացնելու համար մոտ 30 տոկոսով ավելի գազ է ծախսվում, այսինքն` կալորիականությունն էլ է ընկել։

 Պոմիդորն, իհարկե, շատ ախմախ բանջարեղեն է. տնաշենը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում եւ չգիտի, որ մատակարարվող գազի կալորիականությունը դեռ մի բան էլ նախատեսվածից բարձր է։ Առանց հասկանալու` գազի նախկին ծավալների դեպքում չի աճում, եւ վերջ։ Ու դրանով էլ ջուր է լցնում ընդդիմության եւ հայոց պետականության այլ թշնամիների ջրաղացին։ Վարունգի մասին ընդհանրապես չենք խոսում. այդ, կներեք արտահայտության համար, բույսը բացարձակապես հաշվի չի առնում, որ Հայաստանը գազը ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով։ Արդյունքում ջերմոցները փակվում են, մարդիկ էլ կամ այլ զբաղմունք են գտնում, կամ արտագաղթում են այնտեղ, որտեղից գազ են ստանում ներքին գներով։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունը դա չի արձանագրում։ Պաշտոնական վիճակագրությանը միայն բարեբաստիկ թվեր են պետք։ Դրա համար էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պաշտոնապես հայտարարում է` գործազրկությունը 2013թ. տարեվերջին կազմել է «ընդամենը» 16,2 տոկոս` նախորդ տարվա 17,3 տոկոսի փոխարեն։ Ափսոս` չի ասում, թե ինչի հաշվին է գործազրկությունը 1,1 տոկոսով կրճատվել։ Ծանր տեղը չի թեթեւացնում։ Թե չէ ամբախ-զամբախ երկրների նախարարներ կան` հայտարարում են, թե ահա բացվել է այսքան ու այսքան աշխատատեղ, դրա շնորհիվ գործազրկությունը նվազել է այսքան տոկոսով եւ այլն։ Իսկ մեզանում բացված աշխատատեղերի մասին խոսք չկա։ Հարց է ծագում` բա ո՞նց է պատահել, որ աշխատատեղեր չեն բացվել, բայց գործազրկությունը կրճատվել է։ Պատասխանը պարզ է. գործազուրկներն արտագաղթել են։ Բա մնան ստեղ, որ ի՞նչ անեն։ Ինչպե՞ս կարելի է աշխատանք գտնել մի երկրում, որտեղ նույնիսկ պոմիդորներն ու վարունգները չեն գիտակցում տարածաշրջանային նոր իրողությունները։

Բանջարաբոստանային որոշ կուլտուրաներ գուցեեւ չեն գիտակցում, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ էլ գիտակցում է։ Դրա համար էլ կառավարությունը մտադիր է նվազեցնել շրջանառության հարկը` 3,5 տոկոսից իջեցնելով 1 տոկոսի, փոխարենը` խստացնել հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ։ Իսկ մենք արդեն սկսել էինք անհանգստանալ, որ արդեն ութ օր է` հարկային դաշտում խաղի կանոնները չեն փոխվում։ Ընդ որում` Տիգրան Սարգսյանը սաստիկ զարմացել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները դեմ են այս առաջարկին։ Անհասկանալի է միայն, թե ինչու է զարմացել։ Շրջանառության 3,5 տոկոս հարկն, իհարկե, ֆանտաստիկ մեծ բեռ է, բայց փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները, փաստորեն գերադասում են 3,5 անգամ ավելի շատ հարկ վճարել, քան թույլ տալ, որ ստուգողներն օրումեջ քթները խոթեն իրենց բիզնեսի մեջ` «խստացնելով վերահսկողությունը»։ Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչի են հանգեցնելու այդ «խստացումները». համապատասխան կառույցները պարզապես ցանկացած պահի մտնելու են եւ տույժեր ու տուգանքներ սահմանեն` այնքան, ինչքան տվյալ պահին պետք կլինի իշխանություններին։ Թե չէ հիմա ինչի՞ նման է։ Կառավարությունը հարկային բեռը դրել է բիզնեսի վզին ու մի կողմ քաշվել. ռոմանտիզմ չկա, դրայվ չկա, ամեն ինչ շատից-քչից կանխատեսելի է։ Եվ ոչ մի ադրենալին։ Մինչդեռ բիզնեսը պիտի իր մեջ մի քիչ էքստրիմ ունենա, ասենք` ականապատ դաշտում կանեփի պլանտացիա հիմնելու պես։

Չնայած` դատելով ամեն ինչից, Տիգրան Սարգսյանի կյանքում առաջիկայում էքստրիմի պակաս չի զգացվելու։ Չէ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճի կամ չորս կուսակցությունների համագործակցության մասին չէ։ Պարզապես Ռուսաստանում նոր օրենք է ընդունվել, ըստ որի` միգրանտները յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող են Ռուսաստանում գտնվել միայն 90 օր, դրանից հետո պիտի վերադառնան իրենց երկրները եւ կրկին ետ գան միայն 90 օր անց։ Իսկ ի՞նչ պիտի անեն հայ միգրանտները, հո 90 օր Հայաստանում պարապ չե՞ն մնալու։ Ուզած-չուզած` պիտի հեղափոխություն անեն (ըստ Տիգրան Սարգսյանի տեսության)։ Այնպես որ` կյանքը հաստատ ավելի հետաքրքիր կդառնա։ Մանավանդ` եթե գործին ձեռնամուխ լինեն նաեւ բանջարաբոստանային կուլտուրաներով զբաղվելու մեծ փորձ ունեցողները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30