Ամենացավալին այն է սակայն, որ ինչ-որ իմաստով իշխանություններն իրավացի են։ Եթե Հայաստանի ընդերքում կան հարստություններ, որոնք պատկանում են ոչ միայն մեզ, այլեւ մեր սերունդներին, պետությունը պարտավոր է դրանք խնայել «նեղ օրվա համար», բայց մյուս կողմից էլ` տնտեսական առումով Հայաստանը հազիվ թե սրանից ավելի «նեղ օր» ունենա. երկրի բնակչության համարյա կեսն աղքատ է, արտագաղթն ահռելի չափերի է հասել, եւ եթե այսպես շարունակվի` մի քանի տասնամյակ հետո Հայաստան ընդհանրապես չի լինելու։ Այնպես որ, խնդիրն այն չէ` պե՞տք է շահագործել Հայաստանի բնական պաշարները, թե ոչ։ Խնդիրն այն է, որ այդ հարստությունը ծառայի բուն նպատակին, այսինքն` օգնի երկիրը դուրս բերել այս վիճակից։ Եթե ընտանիքը ծայրահեղ թշվառության է հասել, ու արդեն սովամահության վտանգ կա, իհարկե պետք է օգտագործել սեւ օրվա համար պահված վերջին խնայողությունները։ Բայց ընտանիքի ղեկավարն այդ խնայողությունները պիտի օգտագործի ըստ նպատակի եւ ոչ թե, ասենք, ընկերների հետ գնա սաունա։ Թարսի պես` Հայաստանի իշխանություններն այս երկրորդ տարբերակն են ընտրել։
Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Կարելի է, իհարկե, հասարակական կազմակերպություններ ստեղծել, գեղեցիկ ակցիաներ իրականացնել ու հայտարարել, թե այսինչ հանքավայրի շահագործման արդյունքում հատվել է 20 հեկտար անտառ, կամ այնինչ պոչամբարն աղտոտել է գետը, որի արդյունքում սատկել է շուրջ 85 ձուկ։ Այդ ամենը շատ կարեւոր է, որովհետեւ բնակչությանն իսկապես անդառնալի վնաս է հասցվում, այդ ամենը շատ ազդեցիկ է եւ ժամանակ առ ժամանակ կոնկրետ օգուտ է տալիս, բայց կա նաեւ պայքարի այլ ձեւ։ Օրինակ` կարելի է նույն եռանդով հետաքրքրվել, թե եթե Հայաստանից տարեկան մեկ միլիարդ դոլարի հանքանյութ է արտահանվում, բայց դրա նույնիսկ 10 տոկոսը բյուջե չի մտնում, ովքե՞ր են հարստանում մեր «նեղ օրվա պաշարի» հաշվին, ո՞ւմ գրպաններն են մտնում այդ գումարները, ովքե՞ր են սեփականատերերը, ո՞ւմ որոշումներով եւ ի՞նչ «ընթացակարգերով» են վաճառվել այդ հանքավայրերը եւ այլն։ Պայքարի այս մեթոդներն իրար չեն հակասում, բայց մի բան է, երբ հանքավայրը բարբարոսաբար շահագործելու արդյունքում հատվում է, ասենք, 20 հեկտար անտառ, եւ բոլորովին այլ բան, երբ մեր ազգային հարստությունից տարեկան մեկ միլիարդ դոլար է գողացվում, ինչի հետեւանքով արտագաղթը խորանում է, եւ տարեկան 20 հազար հեկտար մշակված հողեր անապատի են վերածվում։ Մի բան է, երբ թունավոր թափոնները գետն են լցվում,եւ ոչնչանում է 85 ձուկ, եւ բոլորովին այլ բան, երբ արտագաղթի արդյունքում երկիրը լքում է 5 հազար մարդ։ Պարզ ասած` «ինչո՞ւ եք բարբարոսաբար շահագործում» հարցն, իհարկե, տեղին է, բայց շատ ավելի տեղին է «ո՞ւր են անհետանում այդ միլիարդները» հարցը։ Ոչ միայն ավելի տեղին է, այլեւ ավելի վտանգավոր, որովհետեւ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաների կոնկրետ շահերին է հարվածում եւ նույնիսկ կարող է կոնկրետ քրեական հանցագործություններ բացահայտել։ Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվում։ Պատկերացրեք` ավազակները մտնեն մեկի տունը, կողոպտեն ու երբ մեշոկները շալակած դուրս գան շքամուտքից, մուտքի մոտ ինչ-որ մարդիկ բողոքի ցույց անեն, թե բա չամաչեցի՞ք, որ ծխախոտի մնացորդը շպրտեցիք աստիճանների վրա, չէ՞ որ մենք պարտավոր ենք մաքուր պահել մեր քաղաքը։ Եվ թող որեւէ մեկը պնդի, թե ճիշտ չեն ասում։
Մի խոսքով` Հայաստանի իշխանություններն արագացված տեմպերով թալանում են ընդերքը ոչ թե երկիրն այս վիճակից դուրս բերելու, այլ հնարավորինս շատ թռցնելու նկատառումներով։ Եվ հիմնական պրոբլեմը սա է։ Մնացածը հարակից երեւույթներ են։