02.07.2012 20:43 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ձախորդ աճպարարներ

Ազգային մուննաթի առանձնահատկությունները

Ազգային մուննաթի առանձնահատկությունները

Դատելով ամեն ինչից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը եւ այն փաստը, որ Եվրամիությունը հետաձգել է Հայաստանին ցուցաբերվելիք օգնության տրամադրումը, կարգին բարկացրել է իշխանություններին։ Սրանք այնպես են իրար խառնվել, որ արդեն իրարամերժ հայտարարություններ են անում։ Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, թե այդ զեկույցն ու դոնորների համաժողովի հետաձգումն իրար հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը, հակառակը, գտնում է, որ նման զեկույցները «հենց այնպես չեն արվում» եւ այդ կառույցներին օգնում են «որոշումներից հետ կանգնել», «ինչ-ինչ հարցերում մեզ ավելի զիջողամիտ դարձնել» եւ այլն։

Լավ, Զոհրաբ Մնացականյանը դիվանագետ է, նրան հանգիստ թողնենք եւ անդրադառնանք Արտակ Դավթյանի ասածներին, որովհետեւ հենց նա է ներկայացնում այս իշխանությունների իրական դիրքորոշումները։ Նրա ասածները բաժանվում են երկու մասի։ Առաջին` մուննաթ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հասցեին (որովհետեւ նրանք մեր նկատմամբ անարդար են), եւ երկրորդ` մուննաթ մեր «վայ-հայրենասերների» հասցեին (որովհետեւ նրանք «ջուր են լցնում այդ ջրաղացին»)։ Սկսենք առաջինից։ Հանրապետական պատգամավորը գտնում է, որ «Հայաստանն անցկացրել է օրինակելի ընտրություններ եւ իրականում կարող է օրինակ ծառայել նույն ԵԱՀԿ 56 երկրների համար», իսկ նրանք առանց կոնկրետ փաստեր նշելու ընդհանուր դատողություններ են անում` թե իբր մթնոլորտն այն չէր, վստահության մակարդակն այն չէր եւ այլն։ Արտակ Դավթյանը ճիշտ է ասում, զեկույցում կոնկրետ փաստեր գրեթե չկան։ Բայց եկեք մի պահ մեզ պատկերացնենք միջազգային դիտորդների դերում։ Նրանք գալիս են անծանոթ մի երկիր, հետեւում ընտրությունների ընթացքին ու զարմանքով արձանագրում, որ իշխող քաղաքական ուժը, որի օրոք տնտեսությունը 14 տոկոս անկում է արձանագրել եւ որի օրոք աղքատների թիվն աճել է 40 տոկոսով, ընտրություններում բացարձակ հաղթանակ է տանում։ Ի՞նչ պիտի մտածեն այդ մարդիկ. կամ այդ ժողովուրդը մազոխիստ է, կամ ընտրությունները շատ հնարամիտ ձեւով կեղծվել են։ Դիտորդները ծանոթանում են պաշտոնական վիճակագրությանը եւ պարզում, որ այդ երկրի բնակչությունը նախորդ ընտրություններից հետո 200 հազարով նվազել է, իսկ ընտրողների թիվը 200 հազարով ավելացել է։ Ի՞նչ պիտի մտածեն այդ մարդիկ. պիտի մտածեն, որ կամ տվյալ երկրում թվաբանության բոլորովին այլ օրենքներ են գործում, կամ ընտրությունները կեղծվել են։ Հիմա Արտակ Դավթյանն այդ դիտորդների վրա մուննաթ է գալիս, թե ինչո՞ւ եք սխալ եզրակացության հանգել, եթե կեղծիքների վերաբերյալ կոնկրետ փաստեր չունեիք` պարտավոր էիք եզրակացնել, որ մեր ժողովուրդը մազոխիստ է։

Հիմա անդրադառնանք Հայաստանի դեմ դավեր նյութող միջազգային մութ ուժերի ջրաղացին ջուր լցնողներին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունների մուննաթը տեղին է։ Իբր` դե հիմա ինչ եղել` եղել է, սուս մնացեք, թող էդ մեկուկես միլիարդը բերենք, առանց էն էլ հալներս հալ չի, ոնց էլ լինի` դրանից մի երկու կոպեկ էլ երկրի համար կծախսենք։ Հիմա պատկերացնենք, որ ընդդիմությունը հենց այդպես էլ վարվում է, ձայն-ծպտուն չի հանում, Եվրամիությունն էլ հավատում է, որ ամեն ինչ կարգին է եւ տալիս է այդ գումարը։ Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո։ Այդ հաջողությունից ոգեւորված` իշխանությունները հաջորդ ընտրություններն ավելի այլանդակ ձեւով են կեղծում, հաջորդ կառավարությունը լինում է ոչ թե կիսակրիմինալ, այլ ամբողջովին կրիմինալ, մենաշնորհներն ավելի են ամրապնդվում, եւ որպես արդյունք` արտագաղթի տեմպերը եռապատկվում են։ Որեւէ մեկին այս հեռանկարն ավելի՞ է դուր գալիս։ Կամ` հարցն ուրիշ կերպ դնենք։ Ենթադրենք` դոնորները Հայաստանին 2 միլիարդ եվրո տվեցին։ Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ այս իշխանություններն այդ գումարներով ինչ-որ կոնկրետ հարց են լուծելու եւ թեթեւացնելու են երկրի վիճակը։ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության օրոք հաջողացրել է 3 միլիարդ դոլարի վարկ վերցնել, ՀՀ շարքային քաղաքացիներից քանի՞սն են իրենց մաշկի վրա զգացել դրա ազդեցությունը, քանիսի՞ վիճակն է թեթեւացել։

Մի խոսքով` իշխանությունները հայտնվել են այն ձախորդ ֆոկուսնիկի վիճակում, ով կարծում է, թե հրաշալի ֆոկուս արեց ու սպասում է ծափահարությունների, բայց փոխարենը ծիծաղ ու սուլոցներ է լսում։ Ֆոկուսը չստացվեց, եւ չարժե մուննաթ գալ հանդիսատեսի վրա։ Ավելի լավ է նախապատրաստվել հաջորդին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30