19.06.2012 00:33 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գավառական PR

ԼՂՀ-ում քարոզարշավը չսկսած` արդեն քարոզում են. Ադիբեկյանը խոպան է անում Ղարաբաղում

ԼՂՀ նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը 34 օր, սակայն իրավիճակն այնտեղ արդեն վաղուց լարված է։ Ընդ որում, լարվածությունն ավելի շատ քողարկված է ու ներքին, իսկ արտաքնապես, հատկապես ՀՀ քաղաքացիների համար այնպես է արվում, որ տպավորություն ստեղծվի, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բոլորը խելքահան են լինում գործող նախագահ Բակո Սահակյանի համար, չնայած, այդուամենայնիվ, առաջադրված եւս երեք թեկնածուների մեջ լուրջ մրցակից ունի` ի դեմս ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի։

Ընդ որում, այս էժանագին պրոպոգանդային են միացել ինչպես հայաստանյան տխրահռչակ քաղաքագետները, այնպես էլ` ոչ պակաս տխրահռչակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որը ոչ միայն հայաստանյան ընտրությունների ժամանակ է գրդոն անում, այլեւ ժամանակ առ ժամանակ մեկնում է նաեւ ԼՂՀ` խոպանի։ Այս անգամ էլ Ադիբեկյանը շտապել է Ղարաբաղ, հարցումներ է իրականացրել եւ, պատկերացնո՞ւմ եք` պարզվել է, որ ղարաբաղցիների գերակշիռ մասը սատարում եւ ընտրելու է գործող նախագահ Սահակյանին։ Երեկ Ադիբեկյանը հրապարակել է իր այսպես կոչված հարցումների վերջին տվյալները եւ հայտարարել, որ «ԼՂՀ բնակչության 84.3%-ը ակտիվ ընտրողներ են». սա նշանակում է, որ մոտավորապես այդքան ակտիվություն են նկարելու սպասվող ընտրություններում։ «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհավաքի 30% ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 3.5%, Սողոմոնյանը՝ 1.5%։ 84.3% կազմող պարտադիր ընտրությունների գնացողների 27.5%-ը չի որոշել, թե ում է ընտրելու, իսկ 28.5%-ը չի պատասխանել։ Ակնհայտ է, որ նրանց մի մասը չի գնա ընտրությունների»,- ասել է Ադիբեկյանը։

Այստեղ մի քանի բայցեր կան, իհարկե։ Եթե հիշում ենք` գրեթե նույնանման տվյալներ ադիբեկյանենք հրապարկում էին նաեւ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ. արդյունքում` գիտենք, ինչ եղավ։ Երկրորդ կարեւոր հանգամանքը` այն, թե  Սահակյանի ու Բալասանյանի միջեւ ձայների տարբերությունը զգալի է, կասկած է հարուցում։ Եւ դա իր պատճառներն ունի։ Առաջին կարեւոր հանգամանքը, որը, չգիտես ինչու, հպանցիկ են հիշատակում հայաստանյան ԶԼՄ-ներն, այն է, որ այդ հարցումն անցկացվել է «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով։ Եւ ահա, ոչ ոք կարծես չի էլ հետաքրքրվում` ի՞նչ է այդ ԱՀ-ն։ Դա այն կուսակցությունն է, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետը, այդ կուսակցությունը ե՛ւ անցած, ե՛ւ այս ընտրություններում սատարել եւ սատարում է Սահակյանին։ Այսինքն, այդ կուսակցությունը կողմնակալ կողմ է։  Ավելին, դեռ այս հարցումների մեկնարկին էր Բալասանյանն իր անհանգստությունը հնչեցրել։ Նա հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ինքն ահազանգ էր ստացել Մարտակերտից, որ սոցիոլոգիական հարցումներն անցկացվում են` նշելով հարցվողի անունն ու հեռախոսահամարը։ Սոցիոլոգը, Բալասանյանի խոսքով,  դա նորմալ էր համարել, սակայն Բալասանյանը վստահություն էր հայտնել, որ նման ձեւով շատ հարցվողներ իրենց պատասխաններում ազնիվ չեն լինի, իսկ  հեռախոսահամարի եւ անվան նշումը հետագայում տեղի կտա հետապնդումների։

Երեկ Ադիբեկյանը մի ուշագրավ հայտարարություն էլ է արել. «Վիտալի Բալասայանի առաջադրվելու մասին հարցման օրերին գիտեին միայն 3 համայնքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չի եղել։ Նախ նա պետք է տեղեկացնի, որ ինքը առաջադրվել է»։ Ադիբեկյանի այս ֆանտաստիկ թվերի հրապարակումից քիչ անց, հրապարակվեց Բալասանյանի բաց նամակը` Բակո Սահակյանին, որտեղ վերջինս խոսում է նախընտրական շրջանում կատարվող խախտումների մասին։ «Դուք մինչեւ Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետեւողը, ինչպես նաեւ պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլեւ դեռեւս գործող նախագահ։ Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը։ Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում։ Այդ գործում ընդգրկված են նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ։ Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար»,- ահազանգել էր Բալասանյանը։

Նա նաեւ հավելել էր, որ 2005-ից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, «նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ եւ անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները եւ այլն»։ Բալասանյանը նաեւ հավելել էր, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ինքն ու իր թիմակիցները չեն հանդուրժելու նման զարգացումները եւ օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր են ձեռնարկելու։

Ահա այսպիսի նախընտրական վիճակ Ղարաբաղում, որը տեղական ԶԼՄ-ները կարծես փորձում են կոծկել։ Արդյոք ծանոթ իրավիճակ չէ՞։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30