26.06.2012 01:15 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ելույթ հանցախմբի համար

Կառավարության հավաքական կերպարը

Կառավարության հավաքական կերպարը

Բանից պարզվում է` մի քանի օր առաջ կառավարության նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթը շարունակություն էլ է ունեցել. լրագրողների հեռանալուց հետո նա մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել, որոնք էլ անհասկանալի ձեւով հայտնվել են իշխանամետ թերթերից մեկի էջերում (հետաքրքիր է, թե ինչո՞ւ ելույթի այդ հատվածը չեն տարածել ո՛չ նախագահի, ո՛չ կառավարության լրատվական ծառայությունները)։ Ինչեւէ, անդրադառնանք ելույթին։

Կառավարությունն, ինչպես հայտնի է, ընդամենը մի քանի օր առաջ է ձեւավորվել, եւ հասկանալի է, որ թեեւ անվանապես դա Տիգրան Սարգսյանի կառավարությունն է, բայց բոլոր թեկնածությունները հաստատել է Սերժ Սարգսյանը, այսինքն` իրականում դա նրա՛ կառավարությունն է։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Սերժ Սարգսյանն իր թիմին։ «Առաջին խնդիրը կոռուպցիան է։ Մեկ անգամ եւս բոլորին հիշեցնում եմ` ով աչք ունի բյուջեի վրա, պետական սեփականության վրա, ով ձեռքը մեկնում է եւ ենթակայից փող է վերցնում, նա անբարոյական մարդ է։ Ուզում եմ, որպեսզի այս դրույթը բոլորս մեզ համար ամրագրենք եւ ղեկավարվենք դրանով», ասում է նա։ Ուշադրություն դարձրեք` նա չի ասում «հետեւեք, որ ձեր ղեկավարած ոլորտներում բյուջեն չթալանեն», նա ասում է` դո՛ւք մի թալանեք։ Այսինքն` նա գիտի, թե ում հետ գործ ունի։ «Երկրորդը` ես ատում եմ թափթփվածությունը, չի կարելի թափթփված աշխատել», ասում է նա։ Հետո ասում է` «ես չեմ հասկանում, որ նախարարներն աշխատանքի են գալիս 9.20, 9.30»։ Հետո ավելացնում է, թե «Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե ինքն արդյունքներ չունի, կարելի է հազար պատճառ բերել, բայց պատճառները բերվում են ընդամենը ինչ-որ բան արդարացնելու համար»։ Հետո ասում է, թե իրենց մեջ պիտի եռանդ լինի, որովհետեւ «ամենավտանգավոր մարդը հոգնած պաշտոնյան է»։ Հետո հորդորում է քննադատություն լսելիս «ոչ ձեռներին ազատություն տալ, ոչ էլ լեզվին» (Սուրիկ Խաչատրյանի բախտը բերեց. ոտքերին ազատություն տալու մասին խոսք չկա)։ Մի խոսքով` Սերժ Սարգսյանը կոնկրետ պահանջներ է դնում կառավարության անդամների առջեւ։

Հիմա պատկերացնենք այսպիսի վիճակ. սեպտեմբերի 1-ին ուսուցիչը մտնում է դասարան, ուշադիր նայում աշակերտներին եւ խստիվ հրահանգում վաղվանից դասի գալ լվացված, եղունգները կտրած եւ մաքուր գուլպաներով։ Մոտավորապես պատկերացրեցի՞ք աշակերտների վիճակը։ Դե հիմա եկեք նույն սկզբունքով պատկերացնենք, թե ինչպիսին է կառավարության անդամների «հավաքական կերպարը»։ Սերժ Սարգսյանի կառավարության անդամը փաստորեն աչք ունի բյուջեի վրա, ենթակայից փող է վերցնում, ահավոր թափթփված է, աշխատանքի է գնում ուշացումով, ձախողումների համար հազար պատճառ է բերում, քննադատություն լսելիս էլ ազատություն է տալիս ձեռքերին ու լեզվին։ Համաձայնվեք` առանձնապես հաճելի կերպար չստացվեց։ Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանի այս ելույթն արդարացված կլիներ, եթե փողոցից 15 պատահական մարդ գտնեին ու ասեին. «վերջ, սրանք են լինելու նախարարները»։ Մինչդեռ այդ մարդկանց Սերժ Սարգսյանն ինքն է ընտրել։ Հարց է ծագում` ի՞նչն է նրան ստիպել նախարարական պորտֆելներ տալ այնպիսի մարդկանց, որոնց ստիպված է բացատրել, որ բյուջեն լափելը վատ բան է, պետք է մեկ-մեկ էլ աշխատանքի գնալ, քիթը քչփորելը լավ բան չէ, ձեռքերին ազատություն տալ չի կարելի եւ այլն։

Բայց ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի հետեւյալ միտքն է. «մեզնից որեւէ մեկը չի եկել մեկ տարի, երկու տարի, երեք տարի ժամանակ անցկացնելու, ինչ-որ բան ձեռը գցելու ու փախչելու»։ Հասկացա՞ք։ Փաստորեն, երկրի նախագահը կառավարության անդամներ է նշանակել, հետո մտածել է, թե «կարող ա՞ սրանք էկել են ինչ-որ բան ճանկեն ու թռնեն» ու որոշել է զգուշացնել։ Թե՞ հույս է ունեցել, որ նախարարներից մի քանիսը կասեն «գիտե՞ք, պարոն նախագահ, ճիշտն ասած` մենք էկել էինք մի քիչ լափենք ու թռնենք, բայց ձեր խոսքերից ազդվեցինք ու որոշեցինք նորմալ աշխատել»։ Սա կառավարության նի՞ստ է, թե՞ դժվար դաստիարակվող երեխաների գիշերօթիկի շրջանավարտների ժողով։ Կամ էլ` Սերժ Սարգսյանը շատ հստակ մեսիջ է ուղարկել կառավարության անդամներին. այն է` «լափել-թռնել չկա, բոլորս միասին ենք ու բոլորս միասին էլ պատասխան ենք տալու»։ Օրենքի առաջ, իհարկե։ «Ինչ-որ բան ձեռը գցելու ու փախչելու» համար ժողովրդի առաջ պատասխանատու չեն լինում։

Մի խոսքով` ցանկացած միջին կարգի հոգեբան, կարդալով Սերժ Սարգսյանի ելույթը, կհանգեր միանշանակ եզրակացության` դա ծանր վիճակում հայտնված հանցախմբի ղեկավարի ելույթ էր հանցախմբի շարքային անդամների առաջ։ Երեւի դրա համար էլ ելույթի այդ հատվածը պաշտոնապես չի տարածվել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30