16.02.2018 04:30 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինտրիգը սատկեց

Տրագիկոմեդիա մեկ արարածով

Տրագիկոմեդիա մեկ արարածով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե վերջնականապես ոչնչացրեց հաջորդ վարչապետի թեկնածության շուրջ դեռեւս պահպանվող ինտրիգը՝ հայտարարելով, թե այս ամենը դասական ներկայացում է հիշեցնում, որտեղ «բոլորը գիտեն, թե ինչով կավարտվի, սակայն միեւնույն է՝ նայում են»։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը վճռված է։

Արմեն Աշոտյանի համեմատությունը, իհարկե, բավականին դիպուկ է։ Այլ հարց է, որ այդ համեմատությամբ նա փաստորեն բացահայտում է, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցածն ընդամենը լավ բեմականացված շոու էր՝ նախապես մանրամասն գրված սցենարով, ռեժիսուրայով, հիմնական մասնակիցների «քասթինգով» եւ այլն (Աշոտյանին, ի դեպ, այդ բեմադրության մեջ էպիզոդիկ դեր էր հատկացված, բայց՝ տեքստով)։ Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո նրա հետագա միանձնյա իշխանությունն ապահովելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, որից հետո, ըստ սցենարի, Սերժ Սարգսյանը պիտի հայտարարեր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին (հակառակ դեպքում ընտրությունների ժամանակ անգամ 10 հազարական դրամները կարող էին չօգնել), հետո պիտի ձեւավորվեր հարմար խորհրդարան (որը հանդիսատեսներին թույլ չէր տա ձանձրանալ), հետո կսկսվեր վերջին արարը՝ մասսայական տեսարաններով (Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» դրվագով), իսկ ամենավերջում բեմի խորքից առաջ կգա գլխավոր հերոսը՝ ձյունաճերմակ կոստյումով, եւ բուռն-երկարատեւ ծափահարությունների ներքո (թիկնապահները թույլ չեն տա ծաղկեփնջեր նետել) համեստ ժպիտով կասի, որ համաձայն է...

 Մի խոսքով՝ Արմեն Աշոտյանը համարյա բաց տեքստով հայտարարում է, որ իրենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տարիներ շարունակ խաբել են հասարակությանը։ Ոչ այնպես, ինչպես բեմի վրա դերասաններն են խաբում հանդիսատեսին՝ սեր կամ ատելություն խաղալով, այլ իսկապես (որովհետեւ թատրոնում հանդիսատեսը նախապես գիտի, որ Ռոմեոն ու Ջուլիետը իսկական թույն չեն խմում, Դեզդեմոնան էլ ներկայացումից հետո «սաղ-սալամաթ» տուն է հասնելու, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում այդպես չէր՝ կային մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատացել էին, որ նա Սահմանադրությունը փոխում է հանուն երկրի ապագայի, ու ինքն էլ վարչապետ չի դառնալու)։

 Բայց պրոբլեմը նույնիսկ դա չէ։ Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ չի խաբել, որովհետեւ բոլորն էլ գիտեին, որ այդ ամենն ընդամենը էժանագին թամաշա է՝ տափակ սցենարով, անտաղանդ դերասաններով ու կանխատեսելի վերջաբանով։ Պրոբլեմն այն է, որ հանդիսատեսները սովորաբար կանխատեսելի (եւ ամենեւին ոչ երջանիկ) ավարտով ներկայացումների կեսից լքում են դահլիճը, իսկ եթե հեռուստասերիալ է՝ պարզապես փոխում են ալիքը, եւ վերջ։ Հայաստանում հենց դա էլ տեղի է ունենում՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առնվազն 400 հազար «հանդիսատեսներ» արդեն «կեսից լքել են դահլիճը»։ Մնացել են միայն նրանք, ովքեր կամ դերասանների մեջ ծանոթ-բարեկամներ ունեն, կամ դեռ հավատում են, որ այս անգամ սցենարի մեջ ինչ-որ բան կփոխվի։ Սրանց թիվն էլ Արմեն Աշոտյանի հայտարարությունից հետո կտրուկ կնվազի, որովհետեւ մարդը պարզ ասում է՝ ժողովուրդ, ոչինչ չի փոխվելու, վերջն էլ բոլորդ ինձնից լավ գիտեք, որպես ի՞նչ եք ուշադիր նայում, գնացեք ձեր գործերով զբաղվեք, ժամանակը գա՝ էլի կկանչենք, կգաք ձեր 10 հազարական դրամները կստանաք։

Իհարկե՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե այս տեքստը ոչ թե էպիզոդիկ դերակատարներից մեկն արտասաներ, այլ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը։ Բայց նա, հասկանալի է, չէր ցանկանա, որ ամեն ինչ այսքան բացահայտ լինի (ու կարելի է չկասկածել, որ Արմեն Աշոտյանն իր այդ չափից դուրս անկեղծության համար կշտամբանքի է ենթարկվելու)։ Այլ հարց է, որ նա ցանկացել է նախաձեռնողականություն ցուցաբերել ու դրանով իսկ առանձնանալ երկրորդ պլանի մյուս դերասանների ֆոնին։ Երեւի մտածել է, որ միեւնույն է՝ ներկայացման ավարտը մոտ է, ու վարագույրը շուտով իջնելու է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30