23.02.2018 07:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ու լռում է հոտը

Գլխարկների լռությունը

Գլխարկների լռությունը

Այսօր արդեն գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն իսկապես այլընտրանք չունի։ Ձեւականորեն «Ելք» դաշինքն, իհարկե, կարող է վարչապետի իր թեկնածուին առաջադրել, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։

Փաստն այն է, որ հաջորդ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ ոչ թե այն պատճառով, որ մարդկային եւ մասնագիտական որակների առումով լավագույնը ինքն է, այլ որովհետեւ ինքը տարիներ շարունակ հետեւողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի իրենից բացի որեւէ մեկը չկարողանա անգամ հավակնել պետության առաջին դեմքի կարգավիճակին։ Այսինքն՝ ինքը արել է ամեն ինչ, որպեսզի այլընտրանք չունենա, եւ այդ գործում փայլուն հաջողության է հասել։

 Իսկ խնդիրն, ի դեպ, բավականին բարդ էր։ Սահմանադրությունը փոխելն ու կառավարման խորհրդարանական համակարգի անցնելն ընդամենը գործի կեսն էր, դրանով ընդամենը իր հետագա միանձնյա իշխանության իրավական հիմքերն էին ստեղծվում։ Շատ ավելի կարեւոր էր հնարավոր մրցակիցներին չեզոքացնելն ու ասպարեզից հանելը, ընդ որում՝ առաջին հերթին հենց իշխանական համակարգի ներսում (ինքը լավ գիտեր, որ նորանկախ Հայաստանում միայն մի անգամ է իշխանափոխություն եղել, այն էլ՝ պալատական հեղաշրջման միջոցով, իսկ ընդդիմության հարցերը լուծելու համար ոստիկանությունն ու ներքին զորքերը հերիք են)։ Եվ Սերժ Սարգսյանն իր նախագահության առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղավ այդ գործին։

 Օրինակ՝ ինչպե՞ս է վարվում թատրոնի հանդիսատեսը, եթե ցանկանում է, որ իր կողքին որեւէ մեկը չնստի ու չխանգարի։ Ճիշտ է, կողքի աթոռների վրա ինչ-որ բաներ է դնում. մեկի վրա՝ վերարկուն, մյուսի վրա՝ գլխարկը, երրորդի վրա՝ պայուսակը, եւ այլն։ Եվ վերջ, հարցը լուծված է. բոլոր աթոռները զբաղված են, խանգարողներ էլ չկան։ Սերժ Սարգսյանն իր բոլոր կադրային որոշումները կայացրել է հենց այդ սկզբունքով։ Արդյունքում, իհարկե, հաճախ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, բայց իրեն դա առանձնապես չի հուզել։ Դրա համար էլ, օրինակ, երկար ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Գալուստ Սահակյանը՝ մարդ, որն անընդհատ տառապում էր սեփական մտքերը ձեւակերպելու անզորությունից, հետո էլ այդ պաշտոնում նրան փոխարինեց Արա Բաբլոյանը։

Համաձայնվեք, որ այդ մարդկանց ԱԺ նախագահի պաշտոն տալ՝ նշանակում է այդ պաշտոնը ոչ մեկին չտալ, պարզապես աթոռի վրա «գլխարկ կամ վերարկու դնել» (սա, ի դեպ, որեւէ կապ չունի այդ մարդկանց անձնական որակների հետ)։ Նույն կերպ վարվեց նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնի հետ՝ բանակում որոշակի հեղինակություն վայելողներին հեռացրեց ու նախարար նշանակեց մեկին, ով գոնե ձեւի համար մեկ օր անգամ չի ծառայել բանակում։ Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին նշանակելը նույնն էր, թե որեւէ մեկին չնշանակես։ Նույնը կարելի է ասել նաեւ Երեւանի քաղաքապետի համար։ Հասկանալի է, չէ՞, որ Տարոն Մարգարյանին ժողովուրդը չի ընտրել, Սերժ Սարգսյանն է նշանակել (Տարոնի փոխարեն ով էլ գլխավորեր ՀՀԿ ցուցակը՝ ՀՀԿ-ն մոտավորապես նույն տոկոսներն էր ստանալու, իսկ ցուցակի առաջին համարը Սերժ Սարգսյանն է որոշել՝ միանձնյա)։ Երեւանի քաղաքապետի պաշտոնն էլ շատ լուրջ պաշտոն է, եւ նման լծակներ ունեցողը տեսականորեն կարող էր անգամ լուրջ հակակշիռ դառնալ նախագահի համար։ Բայց՝ ոչ Տարոն Մարգարյանը։ Դրա համար էլ հենց նա է ընտրվել։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը բոլոր առանցքային պաշտոնների աթոռների վրա «գլխարկներ ու վերարկուներ» է դրել եւ ի վերջո հասել է իր հիմնական նպատակին՝ հաջորդ վարչապետի պաշտոնում այլընտրանք չունի։ Շրջապատում անգամ այլընտրանքի մասին մտածելու համարձակություն ունեցողներ չկան։ Դրա համար էլ կարող է, օրինակ, Մյունխենում ելույթ ունենալ եւ ազատագրված տարածքները (ընդ որում՝ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված) անվանել «անվտանգության գոտի», եւ Հայաստանում բոլորը դա կգնահատեն որպես փայլուն ելույթ, լրջագույն առաջընթաց եւ այլն։ Կարող է միանձնյա որոշել, թե ով պիտի լինի Հայաստանի հաջորդ նախագահը, եւ բոլորը կծափահարեն։ Կարող է ինքն իր համար նոր լիազորություններ հորինել, եւ ոչ մի առարկություն չի լինի։ Այ սա է այլընտրանքի բացակայությունը։

 Որովհետեւ գլխարկներն ու վերարկուները չեն առարկում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30