Լավ, հասկացանք` այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, բայց կոալիցիոն գործընկերները հաստատ ունեն, ուրեմն ո՞րն է այս տարօրինակությունների պատճառը։
Պատճառն այն է, որ առաջիկա ընտրությունները շատ ավելին են, քան ընդամենը քաղաքական ուժերի միջեւ պայքարը։ Սա պայքար է մարդկային տեսակների միջեւ, եւ մարդիկ հաճույքով «տեսակավորվում են»` ըստ իրենց նպատակների։ Սերժ Սարգսյանն, օրինակ, խորհրդարանում մեծամասնություն ունենալու եւ իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, եւ ավելի հարմար տարբերակ չգտնելով` որոշել է հենվել խոշոր կապիտալի վրա (դրա համար էլ որ տարածքում հայտնվում է` «պատահաբար» կոչ է անում ընտրել տվյալ տարածքի ամենախոշոր գործարարին)։ Նրանք, ովքեր որոշել են ցանկացած գնով հայտնվել խորհրդարանում եւ մանդատներ ստանալ` հայտնվել են «Ժառանգության» ցուցակում (երեւի հիմնավոր երաշխիքներ են ստացել), եւ այդպես շարունակ։ Այսինքն` մեծ հաշվով, կուսակցական պատկանելությունը կապ չունի, մարդիկ իրենց առջեւ ինչ-որ խնդիր են դրել, պրագմատիկ հաշվարկ կատարել, թե որ ճանապարհով ավելի հեշտությամբ կհասնեն այդ նպատակին, եւ ըստ այդմ էլ գործում են։
Բայց կա նաեւ մարդու մեկ այլ տեսակ, որն իսկապես մտահոգված է երկրի ապագայով։ Ավելին. այդպիսի մարդիկ կան նույնիսկ իշխանական կուսակցություններում։ Բայց քանի որ կուսակցություններն իրենց առջեւ բոլորովին այլ խնդիրներ են դրել, ստացվել է այնպես, որ իշխանական կուսակցության ցուցակում մի քանի տարի առաջ «դատարկ դհոլ» հորջորջվածը կարող է շատ ավելի պատվավոր տեղ զբաղեցնել, քան այդ նույն կուսակցության հիմնադիր անդամները, ընդդիմության ցուցակում նախագահականից ներդրվածները կարող են շատ ավելի պատվավոր տեղեր զբաղեցնել, քան այդ նույն կուսակցության ամենաակտիվ պատգամավորները եւ այլն։ Այս ամենն ակնհայտորեն ստվերային «բազարների» արդյունք է եւ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ Պարզապես Սերժ Սարգսյանի գործերը լավ չեն, եւ դրանից օգտվելով` ով ասես փորձում է հայտնվել իշխանական կերակրատաշտի մերձակայքում։
Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանի գործերը լավ չեն` հասկանալի է դառնում այն փաստից, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, եթե նկատել եք, ընդհանրապես չի խառնվում քարոզարշավին։ Տնտեսության վիճակն այնպիսին է, որ Տիգրան Սարգսյանի ցանկացած «հայտնություն» միանգամայն կանխատեսելի արձագանքի է արժանանալու, իսկ այդ արձագանքը չի կարելի բարձրաձայնել կանանց եւ երեխաների ներկայությամբ։
Բոլորս հիշում ենք, չէ՞, թե ինչպես էր մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը նույնպիսի կիլոմետրանոց ցուցապաստառների ֆոնի վրա գոռգոռում «Առաջ, Հայաստան», ու թե ինչպես դրան հաջորդած տարիներին հայհոյանքների հիմնական թիրախը դարձավ Տիգրան Սարգսյանը։ Հիմա նորից նախընտրական անհեթեթ բառակապակցություններ ծղրտալու ժամանակն է, եւ Տիգրան Սարգսյանն անելիք չունի։ Հիմա Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է» կարգախոսով եւ հիմնական դերակատարումը վստահել է նրանց, ովքեր իշխանափոխության դեպքում հաստատ ահագին բան են կորցնելու։ Իսկ Տիգրան Սարգսյանն այսպես թե այնպես կորցնելու է, նա, կարելի է ասել, պայքարի մոտիվացիա չունի։ Հիմա Սերժ Սարգսյանի միակ նպատակը կլանային համակարգը պահպանելն է, որովհետեւ նախագահական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Ի՞նչ «հավատանք», ի՞նչ «փոխենք», եթե միակ նպատակը այն է, որ հանկարծ որեւէ բան չփոխվի։
Այնպես որ` նախընտրական այս շիլաշփոթը դեռ շարունակվելու է։ Եթե հասարակությանն ապակողմնորոշելու խնդիր կա, ապա իշխանություններն առայժմ կարողանում են լուծել այդ խնդիրը։ Իսկ ընտրություններին ընդամենը երեք շաբաթ է մնացել։